«Այս պահի դրությամբ օրական 2 ավտոբուս է գնում դեպի Արցախ, բայց եթե մարդիկ ցանկություն ունենան գնալ՝ խնդիր չպետք է լինի»,-այսօր ավագանու նիստում ասաց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն՝ արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանի այն դիտարկմանը, որ վերջին մի քանի շաբաթում բավականին վատ է կազմակերպվում դեպի Արցախ ուղեւորափոխադրման աշխատանքը, Արցախ գնալու համար մարդիկ մասնավոր երթուղայիններին գումար են վճարում:
«Շաբաթ օրն ահազանգ ստացա. զանգողները Կիլիկիա ավտոկայանից Արցախ գնացող արցախցիներ էին, որոնք տեղեկացրին՝ ավտոկայանից Արցախ տեղափոխող ավտոբուսները պարբերաբար չեն կատարում իրենց պարտականությունները, եւ անընդհատ խնդիրներ են առաջանում»,-ասաց տիկին Առաքելյանը:
Փոխքաղաքապետն ասաց, որ սովորաբար մեկնող մարդիկ խնդիրներ չեն ունեցել. «Մենք ստանում են կառավարությունից գումար եւ այն փոխանցում ենք տեղափոխող կազմակերպությանը, կարծում եմ՝ տեղափոխող կազմակերպությունը դեմ չի լինի հավելյալ ավտոբուսներով ուղեւորափոխադրում իրականացնել»:
Ըստ Հռիփսիմե Առաքելյանի, մարդիկ ժամը 6-ին գալիս են, ասում են՝ ավտոբուսը 7-ին կլինի, հետո ասում են՝ 7-ին չի լինում, 8-ին կլինի, այդպես շարունակ, եւ վերջում այդ մարդիկ մասնավոր երթուղայիններով են գնում՝ գումար վճարելով:
Կարդացեք նաև
Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ մշտապես կապի մեջ է Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության հետ, այնտեղից նման ազդակ չի ստացել: Հայկ Մարությանի խոսքով, օրեր առաջ էլ այցելել է Արցախի ներկայացուցչություն, որտեղ քննարկվել են արցախցիներին աշխատանքի հետ կապված հարցեր, սակայն նշյալ խնդրի մասին չեն տեղեկացրել. «Եթե ունեք տվյալներ, փոխանցեք, գնանք այդ դեպքի հետեւից, հասկանանք՝ ի՞նչ է եղել»:
Հռիփսիմե Առաքելյանը հավաստիացրեց, որ շաբաթ օրը մեծ միջադեպ է գրանցվել, եւ մեկ ավտոբուս եկել է ժամանակից շուտ ու քիչ ուղևորներ է տարել Արցախ, իսկ երկրորդ ավտոբուն ընդհանրապես չի եկել, եւ մարդիկ վճարովի տարբերակով են տեղափոխվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ