ԱԺ քառօրյայի ժամանակ Սուրեն Պապիկյանը Մարուքյանին ասել էր, որ կարմիր գիծն անցել է ու սպառնացել էր, որ այլեւս Փաշինյանի շվաքի տակ ձայներ չեն կարողանալու ապահովել ու գալ խորհրդարան: Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն այս առնչությամբ ասաց. «Պետք է Պապիկյանին հիշեցնենք, որ 2017-ին «Ելքով» երբ մասնակցում էինք ընտրություններին, ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը: Սուրեն Պապիկյանը, ի թիվս ՔՊ վարչության այլ անդամների, Էդմոն Մարուքյանին է ընտրել՝ որպես ցուցակը գլխավորող, հետեւաբար այստեղ հարց է՝ ով ում շվաքով է մասնակցել ընտրությունների»:
Ինչ վերաբերում է 2018-ին, Գորգիսյանն ասաց, որ իրենք հստակ քաղաքացիներին ասել են, որ գնում են՝ լինելու ընդդիմություն, չեն ասել, որ գնում են՝ ինչ-որ կերպ սատարելու Նիկոլ Փաշինյանին. «Մենք պատրաստ էինք սատարել ռեֆորմներին, որոնք խոստացել էին՝ դատական համակարգի բարեփոխում, սուպերվարչապետական համակարգի վերացում: Սուպերվարչապետականը փոխելու նախաձեռնություն բերեցինք, ներկայացրեցինք վեթինգ անելու մեխանիզմները, մերժվեց: Հետեւաբար որեւէ մեկը մեզ չի կարող մեղադրել այդ անհեթեթություններում»:
Հետաքրքրվեցինք՝ Պապիկյանը նաեւ ծառայողական մեքենաներին անդրադարձավ ու այսպես ասած աստվածաշնչյան ճշմարտություն ասաց՝ թող առաջինը քար նետեն նրանք, որոնք անմեղ են, դուք ծառայողական մեքենաներից օգտվում եք, չեք հրաժարվել ու քննադատում եք իրենց, ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների քաղաքականությունը ծառայողական մեքենաներից օգտվելու առումով: Գորգիսյանը պատասխանեց, որ իրենք ծառայողական ինչ մեքենա ստացել են, օգտվում են, շատ համեստ են այդ առումով. «Մենք երբեք չենք էլ հայտարարել, որ պիտի գանք ու բոլոր ծառայողական մեքենաները վերացնենք; Իսկ այն մարդիկ, ովքեր դա հայտարարել են, ոչ միայն չեն արել, այլեւ ավելի շքեղ մեքենաներ են գնում, թարմացնում են ավտոպարկը: Թող հանրությունը դատի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ