Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նկատի ուներ Գորգիսյանը, երբ ասում էր, որ Լուսավոր Հայաստանը 2018-ին Փաշինյանին չի ընտրել վարչապետ

Ապրիլ 20,2021 14:06

«Ցանկացած գաղափար պիտի հիմնված լինի ինչ-որ հաշվարկների վրա: Ես վստահ չեմ, որ վարչապետն ունի որեւէ հաշվարկ, որով առանց վտանգելու անվտանգությունը՝ այսօր կարող ենք նման քայլի գնալ»,-այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ խոսելով Փաշինյանի հայտարարության մասին՝ կապված ժամկետային զինծառայության ժամկետների փոփոխության հետ, այսպիսի տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Նա Փաշինյանի խոսքը գնահատեց որպես նախընտրական էժանագին քայլ. «Խոստում է տալիս, որը չի կարողանալու իրականացնել»:

Հարցին՝ օրերս ձեր հարցազրույցում ասել էիք, որ 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին չեք ընտրել, ի՞նչ նկատի ունեք՝ Գորգիսյանը պատասխանեց. «Վերջին շրջանում շատ են եղել շահարկումներ, որ 2018-ի ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստանը» ընտրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ, հիմա էլ քննադատում է: Բայց դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ 2018-ից հետո իրավունքի ուժով այն ուժը, որը 50%-ից ավելի է հավաքում, նրա առաջին համարը դառնում է վարչապետ: Սրա մասին է խոսքը»: Նա ասաց, որ հեղափոխությունից հետո ընտրել են, իհարկե, Փաշինյանին, բայց այդ Փաշինյանի խոստումներն ու այսօրվա իրականությունը տարբեր են»:

Մեր հարցին՝ հիշում եք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ ԲՀԿ-ն ինքնաոչնչացվել է, ընտրակաշառք է բաժանել եւ այլն, բայց օրերս էլ ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն ծանրակշիռ դեր են ունենալու այս ընտրություններում, տեսակետների այս փոփոխությունը դուք ինչո՞վ եք պայմանավորում, ինչո՞ւ են հիմա փորձում ԲՀԿ-ին այդպիսի ծանրակշիռ դեր տալ՝ Գորգիսյանը պատասխանեց. «Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք, որ իշխանության մոտ օրը մեջ կարծիքները փոխվում են: Սկզբում Գագիկ Ծառուկյանը օլիգարխ էր, հետո դարձավ խոշոր սեփականատեր, հետո դարձավ ընտրակեղծարար, հետո դարձավ երկրորդ քաղաքական ուժը, հետո դարձավ խոշոր քաղաքական ուժ: Ժողովուրդ ջան, ես չեմ զարմանում հիմա ոչ մի բանի վրա: Երեւի իրենք ինչ-որ հաշվարկներ ունեն իրենց մոտ: Չգիտեմ: Իրենք գործում են միայն իրենց քաղաքական շահերից, իրենց թիմի շահերից ելնելով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930