«Այս քննարկմանը զուգահեռ այսօր Թուրքիայի նախագահականի հովանու ներքո կազմակերպվել է գիտաժողով՝ նվիրված հայոց ցեղասպանության ժխտմանը։ Այն նվիրված է Թուրքիայի ուրացման քաղաքականության շարունակականությանը։ Ժխտում են հայերի իրավունքները եւ Թուրքիայի մեղսակցությունը»,-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած՝ «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ թեեւ Թուրքիան ունի պատասխանատվություն, սակայն մոտ հարյուր տարի հերքում է հայոց ցեղասպանությունը․ «Սա Թուրքիայի կարեւոր քաղաքական թիրախներից է, որը հիմա էլ շարունակվում է պետական աջակցությամբ։ Այսինքն, ոչինչ չի փոխվել, Թուրքիայի պետական քաղաքականությունը շարունակվում է։ Թուրքիան շարունակում է հանդես գալ ոչ միայն որպես ցեղասպանություն իրականացրած, այլեւ դրա ժխտումն առաջ տանող պետություն։ Ժխտումը հանցագործության շարունակականությունն է»։
Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ հայոց ցեղասպանության ժխտման ուղղությամբ Թուրքիան հիմա եւս աշխատում է ինստիտուցիոնալ մակարդակում․ «Թուրքիան շարունակում է ունենալ ցեղասպան մտածողություն։ Այսինքն, մեր դեմ պայքարում է թուրքական պետությունը, եւ որպեսզի պայքարը լինի համարժեք, հայկական կողմը պետք է միավորի ջանքերը։ Թուրքական պետական քարոզչությունն առկա է ոչ միայն կրթական համակարգում, այլեւ պետական հռետորաբանությունում, մամուլում։ Գործ ունենք երկրի հետ, որի հանրությունը տասնամյակներ շարունակ կրթվում է հայոց ցեղասպանության փաստի ուրացման համատեքստում։ Ոչ բարով հարեւան երկիրը ցեղասպան մտածողություն ունի, հանրությունն էլ սատարում է դրան եւ կրում այն։ Մեր դեմ պայքարում է ոչ միայն Թուրքիա պետությունը, այլ հասարակությունը։ Այստեղ եթե զուգահեռ տանենք մեր քայլերի միջեւ, ապա իրավունք չունենք թուլացնելու հանրության զգոնությունը, ինչ հիմա է տեղի ունենում։ Իրավունք չունենք հանրության մեջ տարածել ոչ իրական քարոզչական հնարքներ՝ «փոխվող» Թուրքիայի եւ վերջինիս հետ «առողջ», «կառուցողական» հարաբերություններ հաստատելու մասին։ Այդ քաղաքականությունն այսօր ակտիվ է, եւ այն տանում է իշխանական թեւը․ պատգամավորների հաճախ միաբջիջ հայտարարություններն ամբողջացնում են պատկերը։ Չէր կարելի ենթադրել, որ անկախ ՀՀ-ում որոշ պաշտոնյաներ կհարցնեն, թե ինչ կտա մեզ ցեղասպանության ճանաչումը։ Նախորդ հարյուր տարում հայ ժողովուրդը պատասխանել է այդ հարցին, եւ հիմա այդ հարցը բարձրաձայնելը հարված է թիկունքից»։
Ռուբեն Մելքոնյանը շեշտեց, որ Թուրքիան հայտնի երեք նախապայմաններ ունի ՀՀ-ի հետ հարաբերություններ հաստատելու համար՝ Արցախի հարցի ադրբեջանամետ լուծում, որին մասամբ հասել է, հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարում եւ իր հանդեպ տարածքային պահանջներից հրաժարում․ «Սրանով Թուրքիան ուզում է համադրել անհամադրելի երեւույթներ՝ պատմական ճշմարտություն, ազգի հիշողություն, եւ երկու երկրների միջեւ հարաբերություններ։ Կարծում եմ՝ երեք նախապայմանները շարունակում են մնալ օրակարգում։ Ցավոք, իրենց պատկերացմամբ՝ առաջինը գրեթե լուծված է։ Իսկ հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարումն այսօրվա Թուրքիայի համար իրականանալի խնդիր է, որովհետեւ հետպատերազմյան իրավիճակում թուլացած ՀՀ-ում չկողմնորոշված հասարակությունը հայտնվել է քարոզչական թիրախում։ Ի՞նչ կարելի է անել որպես հակաքայլ։ Այս ձեւակերպումը կարող է որպես հնացած հնչել, բայց եթե խորքային նայենք, ապա այն բանաձեւ է։ Այն է՝ ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ-ի եւ հայ ժողովրդի համար ունի անվտանգային նշանակություն»։
Կարդացեք նաև
Թուրքագետը նաեւ հիշեցրեց, որ այսօրվա Թուրքիայի նոր սերնդի մեծագույն հերոսները հայոց ցեղասպանությունը կազմակերպածներն են, ասել է թե՝ մարդասպանները, իսկ զուգահեռ՝ Ադրբեջանի նոր հասարակության հերոսը Սաֆարովն է, ու այս համատեքստում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը քաղաքակրթական հարց է․ «ՀՀ-ն առհասարակ պայքարում է ցեղասպանություն երեւույթի դեմ, որը համամարդկային չարիք է։ Այս ուղեգիծը պետք է շարունակել»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ