«Երկու օր առաջ կրկին այցելել եմ Էրեբունի վարչական շրջանի 4-րդ զանգվածի թունաքիմիկատների գերեզմանոց, նույն զգացողությունն ունեցա, ինչ ունեցել եմ երկու տարի առաջ: Իմ ու իմ ընկերոջ ամբողջ մարմնով մեկ քոր էր բռնել եւ մեր գիտակցությունը շատ վատ էր»,- Երեւանի ավագանու այսօրվա նիստում ասաց ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը:
Նրա խոսքով, երկու տարի է՝ խոսում է թունաքիմիկատների գերեզմանոցի մասին.
«Հարգելի գործընկերներ, ուսումնասիրեք, թե այդ ԴԴՏ թունաքիմիկատը ինչքան վտանգավոր է, այն ուռուցքածին է, մեռելածին է: Շատ տարածված հիվանդություններ կան, որոնցից մարդիկ մահանում են: 5 միլիոն եվրո փող էր եկել այդ թունաքիմիկատների գերեզմանոցը տեղափոխելու կամ ոչնչացնելու համար, բայց երկու տարի է՝ լսում եմ, որ մոտ 400 հազար եվրո կամաց-կամաց ծախսվել է եւ, ընդհանուր առմամբ, այնտեղ փորձարկումներ են անում: Եվս 5 տարի հետո այդ 5 միլիոն եվրոյից ոչինչ չի մնա, իսկ թունաքիմիկատը կշարունակի թունավորել Երեւանն ու Հայաստանը, մեր գետերը: Կոչ եմ անում ձեզ ուսումնասիրեք այդ ոլորտը»,-ասաց նա` առաջարկելով խումբ կազմել ու միասին գնալ՝ տեսնել:
«Անձրեւաջրերը, ձնհալի ջրերը առվակներով հոսում են, լցվում Գետառ: Այնտեղից գնում են գյուղատնտեսություն, լցվում դաշտերը»:
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ի պատասխան ասաց. «Ցավոք այս թեմաները երկար տարիներ անտեսված էին, Եվրամիության ծրագիրը առնչվում է կենցաղային վտանգավոր թափոններին, ոչ գյուղատնտեսական, ոչ արտադրական: Իսկ ձեր նշածը ոչ կենցաղային թափոնների մասին է: Այդ ծրագիրն իր հունով գնում է: Ձեր նշած թափոններով պետք է այլ գերատեսչություն զբաղվի, դա մեր ոլորտը չի, մեր անելիքը չի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ