Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ԱՄՆ-ն կարող է մի ապտակ հասցնել Թուրքիային»․ թուրքագետը՝ հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Ապրիլ 20,2021 13:34

«Այս տարի հնարավորություններն ավելի մեծ են, որպեսզի հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ԱՄՆ-ի կողմից հասցվի ավարտին, եւ ԱՄՆ նախագահն ի վերջո արտաբերի «ցեղասպանություն» բառը, որովհետեւ տեղի է ունենում ամերիկյան աշխարհառազմավարության կիզակետի փոփոխություն»,-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած՝ «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա բնորոշմամբ․ «Ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը տեղափոխվում է Խաղաղ օվկիանոսի շրջաններ՝ կապված Չինաստանի հետ։ Վերջինս դառնում է ԱՄՆ հիմնական ախոյանը։ Հետեւաբար, որոշ չափով նվազում է Մերձավոր արեւելքի դերն ու նշանակությունն ԱՄՆ արտաքին քաղաքականության համար։ Սա նշանակում է, որ նվազում է նաեւ Թուրքիայի դերն ԱՄՆ ռազմավարությունում։ Սա բերում է նրան, որ ԱՄՆ վերնախավի զզվանքը, որն առկա է Թուրքիայի հանդեպ եւ ակնհայտ է, հիմա բավականին մեծանում է։ Հիմա կարող են իրենց թույլ տալ մի ապտակ հասցնել։ Առաջ չէին կարող՝ աշխարհաքաղաքական հաշվարկներից ելնելով։ Հավանականությունը մեծ է, որ կանեն։ «Դեղին քարտ» ցույց կտան Թուրքիային՝ առանց վնասներ կրելու»։

Թե ինչ կտա ԱՄՆ-ի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ավարտը, Սաֆրաստյանի խոսքով՝ տվյալներ կան, որ մի քանի պետություններ սպասում են, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի հայոց ցեղասպանությունը, որ հետո իրենք էլ ճանաչեն․ «Դա կբխի ԱՄՆ-ի հեղինակությունից։ Իրավական առումով սա բան չի տա, բայց եթե դիմենք միջազգային ատյաններին՝ հատուցում ստանալու համար, ԱՄՆ-ի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը կազդի դատավորների վրա։ Սա հաշվի պետք է առնել։ Միանգամից դա մեզ ոչինչ չի տա, բայց հետագայի համար օգտակար կլինի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930