Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ իմքայլական պատգամավորներին հարցրեցինք բանակում ժամկետային զինծառայության հետ կապված ակնկալվող փոփոխությունների մասին, որի մասին հայտարարել էր Փաշինյանը: Մտահոգություններ կան, որ սրանով իշխանությունը մեր կանոնավոր բանակը ոչնչացնում է, որովհետեւ 5 տարին մեկ 3-ամսյա ժամկետով ծառայությունը «մանկապարտեզ» է դարձնելու բանակը:
Արման Եղոյանն ասաց, որ տարբեր գաղափարներ կարող են բարձրաձայնվել. «Աշխարհում կան ամենատարբեր ձեւի բանակներ՝ տարբեր տեւողության, տարբեր ինտերվալներով: Երբ մի գաղափար ընդամենը բարձրաձայնվում է, խնդրում եմ դա չդարձնել որպես հաստատված ծրագիր, որը հենց վաղը պիտի կառավարությունը հաստատի ու քննարկենք՝ նպատակահարմա՞ր է, թե՞ չէ: Դա մի գաղափար է, որի դետալները կարող են փոխվել: Դա բարձրաձայնվել է՝ հանրային քննարկում ծավալելու նպատակով»:
Մեր դիտարկմանը, որ երբ վարչապետը հստակ թվեր է նշում՝ 5 տարին մեկ եռամսյա ժամկետ, դրա համար հիմքեր պիտի ունենար՝ Արման Եղոյանը պատասխանեց. «Դա ձեւաչափի մասին դետալ է: Այդ թվերը կարող են եւ փոխվել»:
Կարդացեք նաև
Իսկ իմքայլական Արուսյակ Ջուլհակյանն ասաց, որ ընտրություններից առաջ բոլոր քաղաքական ուժերը հանդես են գալու ծրագրով ու այդ ծրագրում նաեւ անդրադառնալու են անվտանգային խնդիրներին: Եղոյանը հավելեց, որ եթե դա նախընտրական քարոզարշավի տարր է դիտարկվում, մյուս ուժերն էլ կարող են խոսել դրա մասին իրենց մոտեցումներից:
Խոսելով ներքաղաքական հարցերի մասին՝ Եղոյանն ասաց, որ ապրիլի վերջին տասնօրյակին վարչապետը հրաժարական կտա: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով կամ դաշինքով ընտրությունների գնալու հարցում դեռ որոշում չունեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ