ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամները «դեմ» կամ «ձեռնպահ» են քվեարկել՝ ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների հարցի քննարկման առաջարկին:
Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրեց, որ հայկական պատվիրակության համառ ջանքերի շնորհիվ հաջողվել է այդ հարցը մտցնել օրակարգ ու լիագումար նիստին քննարկման առարկա դարձնել:
Հարցին՝ հայտնի է, որ ՌԴ-ն դեմ է քվեարկել, որ այդ հարցն ընդգրկի օրակարգ, քանի որ փաթեթով է եղել Նավալնիի հարցի հետ, ինչպե՞ս կմեկնաբանեք ռուսական պատվիրակության քվեարկությունը՝ Եղոյանը պատասխանեց, որ պաշտոնական բացատրություն չկա. «Քվեարկության տեխնիկական մանրամասների հետ կապված հարցերը կառաջարկեմ ուղղել մեր պատվիրակության անդամներին, երբ գան Երեւան: Կարեւորն այն է, որ հարցը ընդգրկվել է օրակարգ, քննարկվելու է»:
Կարդացեք նաև
Հարցին՝ սա ի՞նչ է տալու, ճի՞շտ է այն մեծ ձեռքբերում ներկայացնելը եւ հայ-ռուսական հարաբերությունները չե՞ն տուժելու դրանից՝ Եղոյանը պատասխանեց. «Ռուսաստանը այս հարցում ներգրաված է այնքանով, որքանով Ռուսաստանը նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարության կողմերից մեկն է, որում ամրագրված է գերիների անհապաղ վերադարձի համաձայնությունը: Այդքանով: Իսկ ԵԽԽՎ-ն ներգրաված է այնքանով, որքանով գերիների վերադարձի հարցը միջազգային մարդասիրական իրավունքի նորմ է եւ միջազգային իրավական հարցերին զուգահեռ այդ հարցն էլ է քննարկվելու: ՌԴ-ն էլ է ի դեպ ԵԽԽՎ անդամ, այնպես չի, որ երկու իրար հակադիր հարթակներ են»:
Եղոյանը նշեց, որ տեսնում են գերիների հարցի քաղաքականացման փորձեր Ադրբեջանի կողմից, հետեւաբար պետք է նաեւ քաղաքական ճնշում գործադրվի, չնայած մենք դեմ ենք եղել գործընթացի քաղաքականացմանը. «Այս հարցի դրական հետեւանքներն այնքան էին, որքանով դուք կգնահատեիք այդ հարցի օրակարգում չընդգրկվելու բացասական հետեւանքները»:
Aravot.am-ը հարցրեց՝ հայ գերիների հարցը ընդգրկված է ընթացիկ հարցերի մեջ, այսինքն, բանաձեւ չի ընդունվելու եւ որեւէ իրավական հետեւանք սա չի ունենալու, հետեւաբար ինչո՞վ է սա մեզ ձեռնտու, որովհետեւ կա տեսակետ, որ մեծ սխալ էր հայկական դիվանագիտության կողմից գերիների հարցն ընդգրկել ԵԽԽՎ օրակարգում եւ թույլ տալ, որ Եվրոպան պատերազմի ընթացքում իր սսկվելու, որեւէ ջանք չգործադրելու արդյունքում սրբի իր դեմքը սրանով:
Արման Եղոյանը պատասխանեց. «ԵԽԽՎ-ն դատարան չի ու նույնիսկ ԵԽԽՎ-ի այն հարցերը, որոնք եզրափակվում են բանաձեւով, դրանից չի հետեւում, որ այդ բանաձեւում ինչ գրված է, հասցեատերը պետք է նույնությամբ իրականացնի: Ուղղակի բանաձեւը շատ ավելի ֆիքսված վեհաժողովի կողմից տրված գնահատական է: Դուք այնպես եք ասում՝ Եվրոպան, կարծես Եվրոպան մի ինստիտուտ է, ՌԴ-ն էլ է ԵԽԽՎ անդամ, Թուրքիան էլ է անդամ, Ադրբեջանն էլ, Վրաստանն էլ: Պետք է տարանջատենք, որ ինստիտուտի մասին ենք խոսում»:
Մեր դիտարկմանը, որ սրանով զուտ Եվրոպայի օրակարգն եք սպասարկում՝ Արուսյակ Ջուլհակյանը արձագանքեց. «Մենք սպասարկում ենք բացառապես ՀՀ-ի օրակարգը եւ անկյունաքարայինը է ՀՀ շահը: ՀՀ-ի շահերից է բխում, որ բոլոր հնարավոր հարթակներից բարձրաձայնվի ՀՀ գերիների հարցը: Այն ժամանակ, երբ տարբեր հարթակներում կար լռություն, նույն ուժերը, որ այսօր քննադատում են, թե դիվանագիտական հարց է, ասում էին՝ ո՞նց է, որ բոլոր հնարավոր հարթակներից չեն խոսում, պետք է գնալ բոլոր հնարավոր հարթակներն ու թմբկահարել այս հարցը: Հիմա թմբկահարվում է գերիների հարցը, ասում են՝ վա՜յ, թմբկահարվեց գերիների հարցը: Կողմնորոշվեք, ժողովուրդ ջան, որն եք ուզում: ՀՀ շահերից է բխում, որ բոլոր հնարավոր հարթակներից այս հարցը բարձրաձայնվի եւ Ադրբեջանի վրա այդ առումով ճնշումներ լինեն, որ մենք կարողանանք օր առաջ մեր քույրերին եւ եղբայրներին վերադարձնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ