Լրահոս
Օրվա լրահոսը

«Էական չէ՝ ինչպես է ԵԽԽՎ-ում քվեարկել ռուսական պատվիրակությունը, էական է, թե ինչպիսին է ՌԴ քաղաքականությունը թե՛ արցախյան հարցի, թե՛ հետպատերազմական Կովկասի հանդեպ»

Ապրիլ 20,2021 13:28

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակների կողմից հայ ռազմագերիների հարցը օրակարգ մտցնելուն «դեմ քվեարկելու» մասին տարածվող լուրերը ունեն խիստ արհեստածին և մանիպուլացիոն բնույթ, քանի որ օրակարգը դրվում է քվեարկության ոչ թե առանձին կետերով, այլ ամբողջական։

Ապրիլի 19-ի օրակարգում, բացի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կետից, ներառված են եղել նաև Նավալնիի ձերբակալման 1.5.1, և Եվրոպայում խաղաղության դեմ Ռուսաստանի սպառնալիքին վերաբերող 1.5.6 կետերը։

Ռուսաստանի պատվիրակությունը դեմ է քվեարկել ոչ թե Ադրբեջանում պահվող Հայ ռազմագերիների հարցը օրակարգ ներառելուն, այլ իրենց պետության դեմ օրակարգում ընդգրկված նշված երկու կետերին։

Սա ուղղակի նշեմ, որ տարբերեք իրավիճակն օբյեկտիվ գնահատող մարդկանց կեղծարար մանիպուլյատորներից։

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Գերիների հարցի քվեարկությունը առանձին է եղել ու ռուսների քվեարկությանը վերաբերմունք կարելի է հայտնել հիմա, բայց ավելի հստակ կլինի այսօրվա ելույթներից հետո: Սպասեք` հետաքրքրիր բաներ են սպասվում:

ԱԺ անկախ պատգամավոր, Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ
Արման Բաբաջանյանի
ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանում մեծ աղմուկի է արժանացել ԵԽԽՎ լիագումար նիստում հայ ռազմագերիների վերադարձի հարցի քննարկման թեմայով ՌԴ պատվիրակության քվեարկությունը: ՌԴ պատվիրակությունը քվեարկել է դեմ և ձեռնպահ: Դեմ են քվեարկել մեկ էլ թուրքերն ու ադրբեջանցիները:

Թերևս չարժե ՌԴ պատվիրակության քվեարկության հարցում ընկնել, այսպես ասած, դեսուդեն: Ի վերջո, խոշոր հաշվով, այստեղ էական չէ, թե ինչպես է քվեարկել այդ պատվիրակությունը: Այստեղ էական է այլ բան, թե ինչպիսին է ՌԴ քաղաքականությունը թե՛ արցախյան հարցի, թե՛ հետպատերազմական Կովկասի հանդեպ: Որովհետև թե ինչպես է եղել այդ քաղաքականությունն ու ինչպես է այն հանգեցրել Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմի՝ կարծես թե բավականաչափ պարզ է:

Չկա «նենգ» կամ «ոչ նենգ» աշխարհ, այլ կան քաղաքական պարզ շահեր, հետաքրքրություններ, ընդհանրություններ և այլն, որ այլ կերպ կոչվում է պրագմատիկ քաղաքականություն: Եթե աշխարհը պետք է օգնի Հայաստանին լուծելու կարևոր հարցեր, բայց հետո հայկական պետականությունն ու պետական քաղաքականությունը շարունակեն դրանք ծառայեցնել Ռուսաստանի համար կարևոր հարցեր լուծելուն, ապա այդ օգնությունն աշխարհի համար չունի որևէ պրակտիկ նշանակություն և իմաստ, եթե չխոսենք անգամ հակառակի մասին:

Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու «համազգային» մակարդակով «միակ փրկիչ» հռչակվածը Ռուսաստանն է, ոչ թե «միջազգային հանրությունը»: Այն Ռուսաստանը, որը ձեռնոց է նետել այդ միջազգային հանրությանը: Ընդ որում, այդ ձեռնոց նետելու գործընթացին տարբեր կերպ ներգրավվել է նաև Հայաստանը՝ սկսած 2012-13 թվականներից:

Հետևաբար` մինչ միջազգային հանրությանը որևէ աջակցության համար դիմելը՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է ռեգիոնալ ռազմաքաղաքական նշանակության բնույթ ունեցող մարդասիրական հարցին, Հայաստանը պետք է կարողանա էական աշխատանք կատարել նույն այդ միջազգային հանրության հետ շահերի ընդհանուր միջավայր ձևավորելու ուղղությամբ, ինչպես արել և անում է Ռուսաստանի պարագայում:

Հակառակ դեպքում աշխարհը կամ միջազգային հանրությունը «նենգ» չէ, այլ պարզապես հիմար չէ և առաջնորդվում է իրողությունների պրակտիկ գնահատմամբ, ինչը, մեղմ ասած, չէր խանգարի անել Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ մեր գերիների արագ ազատագրման խնդիրը լուծելու համար:

Հայաստանի և հայկական հանրույթի համար գործնական առումով ավելի կարևոր է, թե ինչ է կատարվում Ռուսաստան-Արևմուտք հարաբերության տիրույթում, որովհետև Արևմուտքի հետ դիմակայության լայնամասշտաբ լարումը հանգեցնելու է նրան, որ Ռուսաստանն ավելի ու ավելի է գնահատելու, այսպես ասած, եվրասիական «միջնաբերդի» գաղափարը, ինչը նշանակելու է ռուսական քաղաքականության մեջ թուրք-ադրբեջանական տարրի գերակայության կամ գերազանցության բարձր հավանականություն:

Այստեղ է Հայաստանի ռազմավարական խնդիրն ու մարտահրավերը, որը չեզոքացնելու ուղղությամբ պահանջվելու է բավականին մեծ ջանք՝ նկատի առնելով և այն, որ ակնհայտ են Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը Ռուսաստանի հանդեպ հավատարմության երդման մրցավազքի վերածելու տրենդը և գործադրվող տեխնոլոգիաները:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930