«Միշտ էլ թուրքական կողմը փորձել է հանել օրակարգից հայոց ցեղասպանության հարցը։ Պաշտոնական Անկարան մշտապես հայտարարել է, որ պետք է մոռանալ պատմությունը, եթե ուզում ենք նորմալ հարաբերություններ ունենալ։ Իրենք դա պատկերացրել են հայոց ցեղասպանության մոռացմամբ»,- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած՝ «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Այնուհետեւ նա փաստեց, որ Արցախի հարցով 2020թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հայ-թուրքական հարաբերությունները նորմալացնելու խնդիրը եկավ օրակարգ․ «Ի՞նչ գնով, երբ Թուրքիան ասում է, որ Արցախի խնդիրը, իր տեսանկյունից, լուծված է․․․Հիմա պահում են հայ ռազմագերիներին որոշակի ակնկալիքներով դրա դիմաց։ «Առեւտուր» է գնում։ Արժի՞ նման գնով Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել»։
Աշոտ Մելքոնյանը կարեւորեց այն հանգամանքը, որ հայ գիտական հանրույթը նամակով դիմել է ԱՄՆ նախագահին, եւ վերջինիս վարչակազմն այն ստացել է ցեղասպանագետ Անահիտ Խոսրոեւայի ջանքերով։ «Սպիտակ տնից մեզ պատասխանել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գնահատում է հաղորդակցվելու ամեն հնարավորություն։ Ասվում է, որ մեր նամակներն օգնում են ավելի լավ հասկանալ, թե ինչպես վարչակազմը կարող է օգտակար լինել։ Գրել են, որ ուշադիր կուսումնասիրեն նամակը եւ կաշխատեն տալ պատասխան․․․ Մեր համար անսպասելի էր, որ արձագանքն այսպիսին է։ Կարող էին ուղղակի ասել, որ նամակը տեղ է հասել, բայց մենք կարող ենք ակնկալել, որ ԱՄՆ-ում այս խնդիրը վերջապես կկողմնորոշի այդ երկրին, եւ նախագահի մակարդակով կարտասանվի «ցեղասպանություն» բառը։ Իհարկե, մեզ կարող են քննադատել, թե ինչու ենք նորից ինչ-որ բան ակնկալում ԱՄՆ-ից։ Գտնում ենք, որ ԱՄՆ-ն պարտավոր է անդրադառնալ այս խնդրին, որովհետեւ դա նաեւ իրեն է պետք»,-համոզմունք հայտնեց Աշոտ Մելքոնյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ