Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաճառել են ներկայացման տոմսեր, որը ոչ միայն չի կայացել, այլեւ որի համար չկա պայմանագիր». Վահրամ Սահակյանը պնդում է՝  ներկայացումն արգելել են վերեւներից, ԿԳՄՍՆ-ն եւ թատրոնը մեկնաբանում են. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 20,2021 11:26

Ապրիլի 17-ին ռեժիսոր, բեմադրիչ Վահրամ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ հազարավոր հանդիսատեսների կողմից դիտված ու սիրված «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրամայի ներկայացումները չեղարկելու համար հանցավոր կերպով զանգահարել եւ սպառնացել են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին:

Ըստ Սահակյանի՝ «Անմարդկային կատակերգություն» ներկայացումը պիտի լիներ ապրիլի 19 եւ 20-ին, սակայն չի կայանալու, քանի որ տնօրենը «վերեւներից» զանգ է ստացել ու չեղարկել: Ռեժիսորը նաեւ նշել է, որ այդ ամենի հեղինակը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից «Հայկական ժամանակն» հայտնեցին. «Այդ խնդիրներին ԿԳՄՍՆ որեւէ առնչություն չի ունեցել ու չունի։ Հարցն ամբողջապես գտնվում է թատրոնի ղեկավարության եւ Վահրամ Սահակյանի իրավահարաբերությունների տիրույթում»։

Խնդրի առնչությամբ «Հայկական ժամանակը» փորձեց մեկնաբանություն ստանալ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանից: Մխիթարյանը հերքեց Վահրամ Սահակյանի այն հայտարարությունը, թե իրեն զանգել եւ սպառնացել են ներկայացումը չեղարկել, սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել:

Ավելի ուշ Ռուսական թատրոնը հայտարարությամբ հանդես եկավ, որում ասվում է. «Անթույլատրելի ենք համարում Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» ներկայացման հետ կապված Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի անվան hանիրավի շահարկումն ու իրավական գործընթացին քաղաքական աստառ հաղորդելը։ Թատրոնը մշտապես եղել եւ շարունակելու է մնալ ապաքաղաքական կառույց։ Հարցը գտնվում է իրավաբանական տիրույթում եւ իրավաբանների վերահսկողության ներքո»:

Հ.Գ. Ավելի ուշ Վահրամ Սահակյանը եւս մեկ գրառում կատարեց, որում ասվում է. «Տեղեկացնեմ, որ ՀՀ ԿԳՄՍ-ին ենթակա Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ադմինիստրացիան մարտի 25-ից մինչեւ ապրիլի 17-ը ներառյալ տպագրել եւ վաճառել է այնպիսի ներկայացման տոմսեր, որը ոչ միայն չի կայացել, այլեւ որի համար չկա որեւէ պայմանագիր եւ փաստաթուղթ։ Առայժմ սա կարելի է որակել որպես մի խումբ անձանց կողմից կատարված տնտեսական հանցագործություն»:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930