Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարելի էր հասնել նրան, որ Իրանի երկաթուղին հենց Սյունիքից կապվեր հայկական երկաթուղու հետ, որ Նախիջևան հասնելու կարիք չլիներ. «Փաստ»

Ապրիլ 20,2021 10:55

Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե «Զանգեզուրի միջանցքով» իրենք հաղորդակցության հնարավորություն են ստանալու Նախիջևանի և Թուրքիայի հետ, սակայն Հայաստանի պաշտոնական շրջանակներն անընդհատ հերքում են «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու տեղեկությունը և նշում, թե խոսքը վերաբերում է բոլոր ճանապարհների ապաշրջափակմանը, իսկ անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության մեջ նման արտահայտություն չկա։ Բայց պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ, ճիշտ է, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին, բայց հատուկ ընդգծվում է, որ Հայաստանը պետք է երաշխավորի տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, ընդ որում, տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնելու են ՌԴ սահմանապահ ծառայության մարմինները:

Ստացվում է, որ տրանսպորտային ուղիներից միայն Սյունիքով անցնող ճանապարհով է երաշխավորվելու անվտանգ հաղորդակցությունը, այն էլ՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին։ Բայց Փաշինյանը դառն իրականությունից հանրության ուշադրությունը շեղելու ձևը գտել է։ Հայտարարում է, թե մենք էլ, ուրեմն, Նախիջևանի միջանցք և Հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Ու նա որպես հիմնավորում է ներկայացնում, թե իբր դրանց միջոցով կարող ենք երկաթուղային կապ հաստատել Իրանի ու Ռուսաստանի հետ։ Սակայն եթե նայում ենք տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման նախնական քարտեզին, ապա Հայաստանի երկաթուղային կապն Իրանի հետ լինելու է Նախիջևանի տարածքով, այսինքն՝ դրանով Հայաստան-Իրան հաղորդակցությունը կրկնակի կախման մեջ է հայտնվում ադրբեջանական կողմից։ Դրա փոխարեն կարելի էր հասնել նրան, որ Իրանի երկաթուղին հենց Սյունիքից կապվեր հայկական երկաթուղու հետ, որ Նախիջևան հասնելու կարիք չլիներ։ Իսկ թե իրականում ինչ պայմաններով և ներդրումային ծրագրերի միջոցով է տեղի ունենալու հաղորդակցության ուղիների գործարկումը, դեռևս անորոշ է, մյուս կողմից՝ հարցական է, թե ով է ապահովելու հայկական տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը։ Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որ Փաշինյանը ուռճացնի ճանապարհների բացման հետ կապված օգուտները։

Բացի դրանից, Փաշինյանը չի խոսում ճանապարհների ապաշրջափակման հետ անմիջական կապ ունեցող մի կարևոր հանգամանքի մասին։ Թուրքիան Ալիևի միջոցով ուղերձներ է հղում հայկական կողմին այն մասին, թե Սյունիքի մարզի տարածքով անցնող միջանցքը չի կարող բացվել առանց Թուրքիայի մասնակցության, իսկ եթե Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ապա պետք է փոխի Սահմանադրությունը և հրաժարվի Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից: Իսկ սա նշանակում է հրաժարվել Հայոց ցեղասպանության, պատմական արդարության վերականգնման և պահանջատիրության թեմաներից։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930