Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ Հայաստանում հողը դեռ մշակում են բահով և ուրագով։ Դրա համար էլ խնդիրներ ենք ունենում». Գառնիկ Պետրոսյան. «Ժամանակ»

Ապրիլ 20,2021 10:38

Պետությունը նախատեսում է առաջիկայում գործարկել ծրագիր, ըստ որի՝ մինչև 3 հա վարելահողերում կաթիլային ոռոգման անցնելու դեպքում 5 տարի ոռոգման ջրի գումար չի գանձվի, պետությունը կփոխհատուցի. այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում Ռինդ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը:

Գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ չմշակվող հողերի խնդիրը շատ լուրջ խնդիր է Հայաստանում, և ողջունելի է կառավարության կողմից նման ծրագրերի իրականացումը, ջրախնայողական համակարգերի ներդրումը շատ կարևոր է։ Հայաստանը սակավահող երկիր լինելով հանդերձ՝ եղածի 50 տոկոսը չի մշակվում։ Հայաստանը 440-445 հազար հեկտար վարելահող ունի, որը չափազանց քիչ է, ու մի բան էլ եղածի 50 տոկոսը չի օգտագործվում։ Եվ մեծ հարց է, թե մնացած 50 տոկոսը ինչ արդյունավետությամբ է օգտագործվում:

«Մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ և արևի տակ եղած հողը թողնել անմշակ։ Այնպես որ, մոտեցումը, գաղափարը այդ առումով շատ լավն է, բայց շատ դեպքերում՝ և՛ կաթիլային ոռոգման համակարգի ներդրման, և՛ կարկտապաշտպան համակարգերի ներդրման դեպքում շատ պարզունակ մոտեցում է ցուցաբերվում։ Բայց այս առումով դեռ շատ աշխատանք կա անելու։ Լուրջ մոտեցում, մասնագիտական մոտեցում է պետք, գիտնականների ներգրավվածություն, քննարկումներ են պետք։ Թե չէ ոտքի վրա ինչ-որ գաղափար հնչեցնելը, իրականացնելը ճիշտ չէ։ Ամեն լավ գաղափար պետք է տեղայնացվի, հաշվի առնվեն մեր բնակլիմայական պայմանները։ Առանց այս ամենի ոչ մի նոր գաղափար հնարավոր չէ կյանքի կոչել»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ կաթիլային ոռոգման համակարգերն առաջին հերթին պետք է լինեն նոր հիմնադրվող այգիներում, պետք է լինի կայուն ջրաղբյուր, որպեսզի հնարավոր լինի այդ համակարգն աշխատեցնել։ Հաջորդ կարևոր խնդիրը ենթակառուցվածքների, էլեկտրամատակարարման խնդիրն է, քանի որ շատ դեպքերում դաշտերը, հողատարածքները բնակավայրերից շատ հեռու են, և եթե գյուղացին, տնտեսվարողը փորձի պոմպերի միջոցով աշխատեցնել կաթիլային ոռոգման համակարգը, ապա դա կարող է իր վրա շատ ավելի մեծ ծախս լինել, քան 5 տարվա ոռոգման ջրի ծախսից ազատվելը:

Բացի դրանից, մեր զրուցակցի խոսքով, անմշակ հողատարածքները մշակովի դարձնելու ծրագրեր մշակելուց առաջ մեկ հարցի պետք է պատասխանել, թե ինչն է պատճառը, որ այդ հողատարածքները անմշակ են մնացել։ Իսկ պատճառները տարբեր կարող են լինել։ Կարող է ոռոգման ջրի անհասանելիություն լինել, կարող է հողատարածքը բնակավայրից հեռու լինել, և գյուղացին անիմաստ համարի այդքան գնալ-գալ, հողը մշակել, մի դեպքում կարող է հողի որակի խնդիր լինել: «Բայց կրկնում եմ՝ յուրաքանչյուր դեպքում տարբերակված մոտեցում է պետք։ Պետք է կարողանանք բոլոր դեպքերում պատասխանել հարցին, թե ինչու են հողերը անմշակ մնում։ Եվ հետո Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը չափազանց բարձր է, իրացման գինը ցածր է, մեքենայացման մակարդակը չափից դուրս ցածր է։ Եվրոպական երկրներում մեծաքանակ բերք են ստանում այն պարագայում, երբ սկսած առաջին քայլից՝ հողի մշակումից, սածիլացումից մինչև բերքահավաքը կատարվում է մեքենայական համակարգով, որի պարագայում արտադրողականությունը բարձրանում է, ձեռքի աշխատանքը նվազագույնի է հասցվում, և բնականաբար ինքնարժեքը չափազանց ցածր է լինում։ Իսկ Հայաստանում հողը դեռ մշակում են բահով և ուրագով։ Դրա համար էլ մենք խնդիրներ ենք ունենում»,- ասաց Պետրոսյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930