Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես էր Փաշինյանը միջամտում արդարադատությանը. «Հրապարակ»

Ապրիլ 20,2021 10:17

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատությանը ենթադրաբար խոչընդոտելու համար։ Նրա դեմ ցուցմունք է տվել Լոռու մարզի նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը մի քանի օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Պարզվեց, օրենքի խախտմամբ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու գինը եղել է Սիմոնյանի կողմից Վարդազարյանի դեմ ցուցմունք տալը։ Դատավորի վարույթում է եղել ալավերդցի Վահագնի` Վահագն Աբգարյանի գործը, որը մեղադրվում էր Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանության եւ ՔԿ երկու աշխատակցի խոշոր չափով կաշառք տալու մեջ։ Ու ահա Անդրանիկ Սիմոնյանը «հիշել» է, որ Վարդազարյանը մի օր իրեն զանգել է ու ասել, թե վիճահարույց գործ է, այնպես արա, որ պրոբլեմի մեջ չընկնենք, ապա ինչ-որ հանձնարարություններ է տվել։ Նախկին դատավորի այս հաղորդումն էլ դարձել է քրեական գործի հիմք, որպեսզի Վարդազարյանը զրկվի ԲԴԽ նախագահի պաշտոնից, եւ իշխանության սիրելի Գագիկ Ջհանգիրյանը նստի այդ աթոռին։ Հիշեցնենք նաեւ, որ Վարդազարյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է առանց ԲԴԽ դիմելու եւ նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու։

Փաստորեն, իրավապահ մարմինները Վարդազարյանի այն միտքը, թե պրոբլեմատիկ գործ է, եւ պետք է զգույշ լինել, որ հետագայում խնդիրներ չառաջանան, համարել է արդարադատությանը խոչընդոտելու փաստ եւ գործ է հարուցել։

Սակայն մենք բազմաթիվ նման փաստեր գիտենք, թե վերջին տարիներին իշխանության ներկայացուցիչներն ինչպես են միջամտել արդարադատության կայացմանը եւ դա արել են բացահայտ, ու կան բազմաթիվ ապացույցներ։ Օրինակ, իրավապահները «բարի խորհուրդներ» անվանեցին վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի ցուցումները Ռուբեն Հայրապետյանի գործը քննող քննիչին։

Իսկ առավել հաճախ արդարադատությանը միջամտելուն ուղղված ցուցումներ է տվել ՀՀ վարչապետը, որն անգամ կառավարության նիստի ժամանակ է իրավապահ մարմինների ղեկավարներին ուղղակի հրահանգներ տվել։ Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի նիստում Փաշինյանը խոսել է «որդեգրումների» հայտնի գործի մասին՝ նշելով, որ հստակ հանձնարարականներ է տվել ԱԱԾ-ին, ոստիկանությանն ու մյուսներին։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930