Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինի ու ներկայի միջեւ ազգը կընտրի ապագան». Մհեր Տերտերյան

Ապրիլ 20,2021 09:30

«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Մհեր Տերտերյանը հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է հայ հասարակության այսօրվա պառակտված վիճակին, հասարակությանը սեւերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների բաժանելու իրականությանը:

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

Ակնհայտ էր ինձ համար, որ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունը պատերազմը Շուշիից տեղափոխելու էր մայրաքաղաք Երեւան։ Ստեղծված իրավիճակը աննկարագրելի դժվար էր մեր ազգի համար. հայ ազգը թե՛ հոգեպես, թե՛ հոգեբանորեն մոբիլիզացվել էր հաղթանակի գաղափարի շուրջ, բայց դրանից մինչեւ Արցախի մեծ մասը կորցնելու գիտակցումն ընդամենը մեկ վայրկյան եղավ։

1994 թ. զինադադարից հետո ծնված հաղթանակած մեր սերունդը մեծացել ու դաստիարակվել էր Մոնթե Մելքոնյանի եւ Արցախն ազատագրած մեր հերոսների սխրանքներով եւ գաղափարներով եւ նրանք իսկապես ունեին բարոյական իրավունք ու ոգի՝ վստահ լինելու, որ այս պատերազմում մեր հաղթանակը վերջակետ կդնի երկարամյա այս հակամարտությանն ու հայը կշարունակի ապրել իր հողում՝ Արցախում:

Իրականությունը, ցավոք, այլ էր։ Խորթ։ Անհավանական ցավոտ։ Անընդունելի։ Մենք կորցրինք քուն ու դադար։ Մեր թշնամին 26 տարի կրելով «պարտված»-ի պիտակը՝ պատրաստեց իր ժողովրդին պատերազմի, վերաշարադրեց իր պատմությունը, զինվեց: Մե՞նք: Հիմա պետք չէ խոսել, թե մենք ինչ արեցինք այդ ընթացքում: Հարցն այս պահին այլ պետք է լինի. այն, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ից, այսինքն՝ պատերազմը սկսելու պահից, սկսեց մեր ժամանակի հետհաշվարկը։ Մեզ սպասում է անցնելու երկար ու դժվար ճանապարհ։ Մենք չունենք այլ ճանապարհ, քան տնտեսական ու ռազմական վերելքի ճանապարհն է։ Հակառակ դեպքում մենք ռիսկի ենք դիմում կորցնել հայրենիքը։

Մեր արյունահոսող վերքը մեր երկրի համար դարձավ լուրջ փորձությունների ու խորը ճգնաժամի պատճառ: Մեր հանրությունը հիմա հետտրավմատիկ ծանր վիճակում է, գտնվում է հոգեբանական ու արժեքային շոկի մեջ: Հիասթափված է, այսպես կոչված, «Թավշյա հեղափոխություն»-ից հետո, երբ կարծում էր, թե վերջապես իրապես ազատ է, առաջին անգամ միասնական է, երջանիկ, լի հույսերով ու պատրաստ մեծ ու կարեւոր փոփոխությունների:

Բայց այսօր մեր հասարակությունը մասնատված է այնպես, ինչպես երբեւէ. մենք բաժանված ենք հների ու նորերի, սպիտակների ու սեւերի, ղարաբաղցիների եւ ոչ ղարաբաղցիների, Շուշի եւ Շուշա ասողների, թուրքին թշնամի ու ոչ այնքան թշնամի համարողների։ Երկրում չի մնացել որեւէ հարց, որի շուրջ հասարակությունը պառակտված չլինի։ Ու հենց այս ֆոնին առաջ են գալիս մի շարք հարցեր՝ «ի վերջո հա՞յ ենք մենք, ո՞վ է իմ հարեւանը, ի՞նչ է հայկականությունը, ժամանակն է հրաժարվե՞լ մեկ դարից ավելի մեր պայքարից՝ Հայ դատից». մի խոսքով՝ դարեր շարունակ ազգային միասնականությունն ապահովող մեր արժեքներն այսօր վտանգված են։ Վտանգի տակ են ազգային մեր ինքնությունը, ավանդույթները, եկեղեցին, աշխարհից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ այն դատապարտելու մեր պահանջը։

Այսօր կառավարության գործունեությունից դժգոհ 17 կուսակցությունները միավորվել են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Յուրաքանչյուր կուսակցություն անցել է կազմավորման տարբեր, երբեմն մեկդարյա ճանապարհ՝ ունենալով երկրի զարգացման տարբեր տեսլականներ, տարբեր արժեքներ: Այսօր այդ ուժերը անցյալում են թողել ամեն ինչ, բոլոր տարաձայնությունները եւ միավորվել են իշխող ուժին քննադատելու եւ իշխանությունից հեռացնելու գաղափարի շուրջ։

Իսկ այս ամենի ֆոնին երկրում ձեւավորվել է մի զանգված, որը թեպետ ունի իր համոզմունքները գործող իշխանության գործողությունների վերաբերյալ, բայց նրանց դաստիարակությունը, արժեքային համակարգը թույլ չի տալիս նրանց իջնել այն մակարդակին, որտեղ պատկառելի տարիքի 70-ամյա մարդը ելույթ է ունենում, որի ժամանակ երեխաները պետք է փակեն իրենց ականջները։

Ազգը հոգնել է ագրեսիայից, անտեղյակությունից, միալար բողոքներից եւ անմիաբանությունից։ Ակնհայտ է, որ կստեղծվեն նոր կուսակցություններ՝ միանալու «17+»-ին, քանի որ այսօր վարկանիշ ձեռք բերելու միակ ճանապարհը միմյանց վրա ցեխ շպրտելն է, բայց դա չէ ճիշտ ճանապարհը: Դրանով երկիրն ու հասարակությունն էլ ավելի քաոսի մեջ ենք գցելու:

Ես կարծում եմ, որ այս դժվարին իրավիճակում կարեւոր է հասարակության կոնսոլիդացիան։ Մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած կառավարություն թողնում է իր հետքը երկրի զարգացման վրա: Մենք պետք է փորձենք կայունացնել ընթացիկ վիճակը, այդ թվում՝ ուղղենք նախորդ կառավարությունների բացթողումները, չժառանգենք այն ապագային, բայց միեւնույն ժամանակ նաեւ գիտակցենք, որ եթե մենք մշտապես հետ նայենք, չենք կարող շարժվել առաջ։

Այսօր պետական ապարատում աշխատում են մեր հազարավոր հայրենակիցներ, որոնք հավատում են, որ իրենց անձնուրաց աշխատանքը կարեւոր է մեր երկրի համար։ Նրանց թվում կան նաեւ այնպիսի մարդիկ, որոնք աշխատել են 4 տարբեր կառավարությունների օրոք։ Նրանցից շատերն ունեն տեխնոկրատ մոտեցումներ, նրանք մասնագետներ են, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ներդնում են իրենց ավանդը երկրի զարգացման գործում։ Նրանք մեր հայրենակիցներն են, որոնց վրա շատերը ցեխ են շպրտում, բայց նրանք մեր հասարակության մի մասնիկն են, սրտացավ՝ մեր երկրի ապագայի համար։

Նրանք Նժդեհի հետեւորդներն են, որոնք գերի են իրենց համոզմունքներին, նրանք հավատում են Հայաստանի բարեկեցիկ ապագային ու իրենց անդուլ աշխատանքով գնում են դեպի այդ տեսլականի իրականացումը։ Ես, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունում եմ աշխատել Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, դա շատ լավ գիտեմ։

Եթե, իրոք, ընդունենք այն փաստը, որ վարչապետ Փաշինյանը որոշել է հրաժարական տալ եւ գնալ արտահերթ ընտրության, ապա սա թշնամանքը մոռանալու եւ երկրի շահերի շուրջ համախմբվելու հրաշալի հնարավորություն է, ուրեմն՝ պետք է մասնակցել ընտրություններին ու կատարել մե՛ր ընտրությունը։

Իսկ նրանք, որոնք կարծում են, թե ընտրություններին մասնակցելով՝ լեգիտիմացնում ենք ներկա իշխանությանը, պոպուլիստների են նմանվում, քանի որ ընտրություններում հենց իրենք, կարծես, որեւէ հաջողություն չեն ակնկալում։

Այո, ես վստահ եմ, որ այս ընտրությունները կլինեն աննախադեպ։ Ես վստահ եմ, որ ո՛չ 10 հազար, ո՛չ 100 հազար դրամը չի ստիպի մեր ժողովրդին ինչ-որ մեկի հրահանգով իրենց ձայնը տալ որեւէ թեկնածուի: Ես վստահ եմ, որ «գյուղապետ-մորաքրոջ տղայի» խնդրանքը կամ հորդորը, կամ խոստումները թանկ չեն երկրի ճակատագրից եւ մենք մեր իրական ընտրությունը կանենք հանուն այդ նույն «գյուղապետ-մորաքրոջ տղայի»։

Մեր երկրի ճակատագիրը եւ մեր հազարավոր եղբայրների թափած արյունը թույլ չեն տալիս մեզ մնալ անտարբեր այս իրականության նկատմամբ, մենք պարտավոր ենք սթափ գնահատել իրավիճակն ու ընտրենք առաջնորդի, ով կհոգա մեր ապագա անվտանգության եւ բարեկեցության մասին:

Ես հավատում եմ, որ նախկինի ու ներկայի միջեւ մեր ազգը կընտրի ապագան։

«Առավոտ» օրաթերթ

20.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930