Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացած մարդկանց դեֆիցիտը

Ապրիլ 20,2021 10:00

Վերջերս գործընկերոջս հոդվածի տակ կրկին կարդացի «դու քո պիցցան կեր» ոճի մեկնաբանությունների շարքը, եւ կրկին համոզվեցի, որ մենք ապրում ենք հետ-ճշմարտության (post-truth) դարաշրջանում: Դա մի իրավիճակ է, երբ իրականության հանդեպ մարդկանց վերաբերմունքը, նրանց ընկալումներն ու էմոցիաներն ավելի կարեւոր են, քան բուն իրականությունը: Այդպիսի մի իրավիճակի հաճախ ենք հանդիպում ամերիկյան սերիալներում, երբ փաստաբանն ասում է իր վստահորդ ամբաստանյալին՝ կարեւոր չէ՝ դու կատարե՞լ ես քեզ մեղսագրվող հանցագործությունը, թե ոչ, կարեւոր է, թե ո՞ր վարկածին են հավատալու երդվյալ ատենակալները:

Եթե քաղաքացիներին (քաղաքականության մեջ) կամ տվյալ ապրանքը սպառողներին (առեւտրում) համարենք դատավճիռ կայացնող «երդվյալ ատենակալներ», ապա կարող ենք պնդել, որ այս դեպքում էլ կարեւոր չէ, ինչ է կատարվում իրականում, կարեւոր է, թե ինչպիսի հույզեր է առաջացնում այդ իրականության մատուցումը: Իսկ մատուցման ձեւն ամբողջությամբ քարոզիչների ձեռքում է: Խոսքը հենց քարոզիչների մասին է, ոչ թե լրագրողների, որովհետեւ իսկական լրագրողը միշտ փորձում է սպառողին մոտեցնել իրականությանը, ոչ թե արթնացնել պատվիրատուների համար ձեռնտու հույզերը:

Վերցնենք հետ-ճշմարտության այսօրվա ամենացայտուն օրինակներից մեկը, որն անմիջականորեն առնչվում է «պիցցայակերության» մեղադրանքի հետ: Բանաձեւը հնչում է այսպես. «Նրանք, ովքեր քննադատում են ներկայիս կառավարությունը, երազում են, որ նախկինում երկիրը թալանած գող-ավազակները վերադառնան իշխանության»: Պնդում, որ ենթակա չէ որեւէ տրամաբանական կամ փաստական վերլուծության: Բայց հիշենք, որ բացարձակապես կարեւոր չէ, թե ինչ աղերս ունի իրականության հետ նման մեղադրանքը, կարեւոր է, որ դրան հավատում են տասնյակ հազարավոր մարդիկ:

Եթե մեկը ֆեյսբուքում գրի, որ կառավարությունն այս կամ այն հարցում սխալվում է, տակը 10-ից 100 հոգի անկեղծորեն կամ հրահանգված կկրկնեն «պիցցայի» վերաբերյալ մոգական «մանտրան»՝ իր բոլոր տարբերակներով, եւ կգործի մեծամասնության էֆեկտը: Մարդիկ սովորաբար վախենում են մնալ փոքրամասնության մեջ, եւ պետք է լինել ամբողջությամբ կայացած ու ինքնաբավ՝ այս իրավիճակում սեփական տեսակետը պնդելու համար: Չկայացածներն իրենց կարծիքն այլեւս չեն հրապարակի: Հետ-ճշմարտությունն, այդպիսով, կստանա ամբողջական եւ անվերապահ իշխանություն:

Խնդիրը, հետեւաբար, ոչ թե դեմագոգների եւ պոպուլիստների առկայությունն է, ոչ էլ այն զանգվածն է, որն ապրում է «հետ-ճշմարտության» թմբիրի մեջ: Խնդիրն, ի վերջո, ինքնաբավ, կայացած մարդկանց դեֆիցիտի մեջ է: Ինչպե՞ս անել, որ նման մարդկանց թիվը հնարավորինս մեծանա, ո՞րն է նախրային բնազդների «հակաթույնը»: Էլի ստիպված եմ կրկնել՝ գիտելիքը, կրթությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Որպէս 32 տարիներ փաստաբան, Խմբագրականի առաջին պարբերութեան վերջին տողերը միայն թոյլ տուէք որ վերաճշտեմ – առանց հիմնական նիւթից շատ էլ շեղելու… – :

    Սերիալներում կան այդպէս բաներ, սակայն իսկական, մասնագիտական իրականութիւնն ալ հետեւեալն է՝ դատարանին մէջ, Ճշմարտութիւնը որեւէ կարեւորութիւն չունի. ո՛չ մէկ նշանակութիւն. այլ միայն՝ փաստը:

    Եւ դեռ, չի բաւեր իսկ որ փաստ մը գոյութիւն ունենայ. անհրաժեշտ է որ, առաւել, նրա ներկայացումը՝ ընդունելի հանդիսանայ, ըստ յատուկ – եւ խիստ – կանոնների: Թէ ոչ, այդ մինչդեռ գոյութիւն ունեցող փաստը իսկ՝ դատավարութեան մէջ… գոյութիւն չունի: Կան յաճախ դատավարութիւններ, ուր հաստատ փաստ մը ունեցող կողմը, ըստ կարգի՝ հնարաւորութիւնը իսկ չունենար զայն արտայայտելու անգամ, դատի ընթացքին: Եւ օրինապէս անկարելի է որ այդ փաստը հիմունք հանդիսանայ՝ վճիռին: (Ի դէպ, բոլոր դատերը չեն, որ երդուեալներու դատակազմով կ’ընթանան: Իսկ ամէն դէպքում, Վերաքննիչ եւ Վճռաբեկ Ատեաներում, երբեք չկայ այդպիսի բան… )

    Լրագրողների համար, անհամեմատօրէն աւելի հեշտ է՝ որոշ ճշմարտութիւններ բացայայտելն ու ներկայացնելը: Սակայն դժբախտաբար… ըհըմ… ասենք…՝ նոյն համեմատութեամբ լաւ փաստաբաններ կան այս աշխարհին մէջ, որքան լաւ լրագրողներ… (բայց դատաւորները, բոլորը՝ կատարեալ, բացառիկ, հոյակապ, անսխալական եւ անթերի են, անշուշտ… այս տողը գրած ատենս՝ ոտքի կանգնեցայ… )

  2. Armen says:

    Հասարակության «նախրային բնազդները» միանշանակ հետևանքն են վերջին քառորդ դարյա Հայաստան պետության «փայլուն» իշխանությունների և հարակից սպասարկողների՝ ինչ հրամցրել են, նա էլ սովորել են: Հակառակը շատ անտրամաբանական և զարմանալի կլիներ:

    • Հ.Շ. says:

      Իսկ եթէ իսկական տրամաբանութեան պիտի հետեւինք (եւ ոչ թէ՝ «հետ-տրամաբանութեան», քանի այդ ալ՝ հետաքրքրական նորոյթ մըն է), ակնյայտ իրողութիւնը այն է որ, յետ-սովետական Հայաստանի բոլոր իշխանութիւնների բոլոր, ծայրագոյն թերութիւնները, Անկախութեան առաջին օրէն սկսեալ, ճշգրիտ արտացոլացումն են՝ խնդրոյ առարկայ ժողովրդային մասսային:

      Անկախութենէն ետք որեւէ թուականին, ամենակատաղի կերպով՝ իշխանաւոր մը քննադատող այդ իւրայատուկ զանգուածին որեւէ տարրը, եթէ կարենար նոյն իշխանաւորին տեղը առնել, նրանից տարբեր բան պիտի չանէր, կարող էր նոյնիսկ աւելի վատը անել: Վերջին փաստը՝ այժմու իշխանաւորներն են (որոնցմէ շատերը, ի դէպ, ինչպէս նաեւ նրանց զօրակիցներէն ոմանք, գոնէ՝ համեմատաբար, «գիտելիքէ եւ կրթութենէ» զրկուած հայաստանցիներ չեն. շատերը նոյնիսկ դրսում ստացած են իրենց համալսարանանական ուսումը – կամ՝ այլ մարզումներ… – ) :

      Իսկ հիմա, խնդրոյ առարկայ այս կացութիւնը աւելի վատ է, քան երբեք: Քանի որ փաստօրէն Ազգին լաւագոյն զաւակներն է որ, հազարներով, անհետացան: Մնացեալ լաւերից ալ շատերը, հարկադրաբար – կամ, ըստ տրամաբանութեան – , ուրիշ երկրում պիտի ջանան որոնել մարդավարի ապագայ մը: Թողելով որ Ձեր նմաններն ալ – թէկուզ նոյնպէս, մի այլ երկրից -, շարունակեն բացառապէս ուրիշները մեղադրել՝ իրենց թերութիւններին, սխալներին եւ ձախողութիւններին համար: Ի դէպ, այս վերջին հաստատումս, կը համապատասխանէ նոյնիսկ… Փաշինյանի իսկ սկզբնական խօսքերին: Քանի որ ինք ճակատագրական սխալը ըրած էր կարծելու/ինքզինք համոզելու, թէ՝ նախկինների պատճառով է, որ ժողջանը դարձած էր, ինչ որ էր: Մինչդեռ, ճիշդ հակառակն էր, նախապէս ալ տեղի ունեցածը:

  3. Լավատես says:

    Հովիվը իր հոտը ղեկավարում է կազյոլի միջոցով, հոտը կարծում է, թե կազյոլին ինքն է ընտրում գաղտնի ու արդար կամ անարդար ընտրություններում, բայց իրականում կազյոլին ընտրում է հովիվը: Եթե մի կազյոլը համը հանում է եւ հոտը դժգոհ է, դրան հովիվը փոխարինում է ավելի լավ կազյոլով: Այսպիսով, ունենք բուրգի երեք աստիճան, ներքեւում հոտն է, միջին խավը’ կազյոլներն են եւ վերին խավը հովիվն է, այդ վերպետական կառույցները հովիվներն են, նրանց նշանակած իշխանություն ընդդիմությունները’ մեր կազյոլներն են, որոնք հեչ էլ մերը չեն եւ վերջապես բուրգի ստորոտում էլ մենք ենք: Հարց, ինչպե՞ս հոտից հովիվ դառնանք’ առանց կազյոլի վերածվելու: Հիմա գնում է շատ լավ ինքնաճանաչման, մի քիչ էլ ավելորդ ինքնախարազանման գործընթաց, այն էլ ազգովին, սա ինքնամաքրման գործընթաց է, առյուծին ինչքան էլ ճնշեն, նա առյուծ կմնա, իսկ ոչխարին ինչքան էլ հաղթանակ նվիրես, միեւնույնն է ոչխար կմնա: Մենք հեչ էլ հոտ չենք, մենք առյուծ ազգ ենք, հենց այն, որ մեր դեմ զապասով էին դուրս եկել’ տարիներով ապառազմականացրել բանակը իբր թալանելու պատրվակով, հզորացրել թշնամու բանակը իբր ածխաջրածինների փողերով ու նման բաներ, սա ցուց է տալիս, որ հովիվները իրենց կազյոլների վրա այդքան հույս չէին դնում եւ մեզ էլ հոտ չեն ընկալում, պարզապես մեր միակ մեղքը’ մեր ազնվական միամտությունն էր, հետո էլ ասում են, թե խորամանկ ազգ ենք, միգուցե ամենամիամիտն ենք, որը էս վայրի աշխարհում միգուցե լավ գիծ չի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930