Լրահոս
Օրվա լրահոսը

Ճակատագրի հեգնանքով հիմա Փաշինյանը փորձում է իր վրայից հեռացնել գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունը. «Փաստ»

Ապրիլ 20,2021 08:00

Պարտության մեղքը բանակի գլխին ջարդելու քարոզչական օպերացիայում Նիկոլ Փաշինյանը օգտագործում է բոլորի հնարավորությունները, որոնք պատրաստ են օգտագործվել: Դրանցից մեկը Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանն է, որը վերջերս Հանրային հեռուստաընկերության եթերում ձախողման ողջ պատասխանատվությունը գցեց բանակի ու սպայակազմի վրա՝ անգամ հայտարարելով, թե բանակը պատրաստ չի եղել ոչ միայն պատերազմի, այլև ոչ մի բանի։ Մի կողմից՝ հարց է ծագում, եթե այդպես է, ապա Բաբայանն էլ իր հերթին ինչո՞ւ պատշաճ ձևով չի կատարել անվտանգության ոլորտը համակարգելու իր պարտականությունները, որպեսզի բանակը բանակ դառնար։ Մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում, իսկ Սամվել Բաբայանը հայտարարել է, թե մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդպիսով իշխանություններին հնարավորինս մեծ ծառայություններ առաջարկելով՝ վերջինս ցանկանում է մեծացնել իր շանսերը։ Բայց այս ամենը հնարավորություն տալո՞ւ է Բաբայանին խուսափել իր բաժին պատասխանատվությունից, միանշանակ՝ ոչ։

Նույնը՝ նաև Նիկոլ Փաշինյանի համար կարելի է ասել. նա ևս, իր քարոզչությունը կառուցելով պարտության մեղքը բանակի վրա բարդելու առանցքի շուրջ, չի կարող ազատվել տեղի ունեցածի պատասխանատվությունից։ Չէ՞ որ ինքն է նշանակել բանակի ղեկավար անձնակազմին կամ փոփոխել նրանց։ Իսկ եթե բանակում խնդիրներ են եղել, ապա ինչո՞ւ հենց ժամանակին իշխանությունները չեն հետևել դրանց, որպեսզի լուծվեն։

Դեռ ավելին, երբ Նիկոլ Փաշինյանը նշանակվեց երկրի վարչապետի պաշտոնում, սկսվեց բանակի ու սպայակազմի վարկաբեկումը, ու ողջ անվտանգության համակարգը հայտնվեց անիմաստ քարոզչական տեղապտույտի մեջ։ Հենց Փաշինյանի գլխավորած իշխանության թեթև ձեռքով իրականություն դարձավ «Ազգ-բանակ» հայեցակարգից հրաժարումը, որի դեմ «քայլողները» պայքարում էին։ Հետո այդ ինչպե՞ս ստացվեց, որ անցած տարի հուլիսին Տավուշի սահմանային բախումների ժամանակ գրանցված փոքր հաջողությունների դեպքում Նիկոլ Փաշինյանը հանրությանը ներկայացնում էր իրեն որպես գերագույն գլխավոր հրամանատար ու մեծ շոու սարքելով՝ փորձում էր հզոր հրամանատար երևալ, իսկ երբ Արցախում պարտություն ենք կրում, հիշում է, թե վարչապետը չի ղեկավարում ռազմական օպերացիաների իրականացումը, և այն բանակի տիրույթում է։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը պարբերաբար շեշտում էր, թե ինքը պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար է, ու թող ոչ ոք չկասկածի իր այդ ընդունակությունների վրա։ Ավելին, պատերազմի սկսման առաջին օրերին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշում էր, թե՝ չշշկռեք, Փաշինյանը գերագույն հրամանատարն է։ Ու ընդհանրապես, իշխող ուժի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից Փաշինյանին դիմում էին «գերագույն հրամանատար» ձևակերպմամբ։ Բայց ճակատագրի հեգնանքով հիմա Փաշինյանը փորձում է իր վրայից հեռացնել գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունը։

Դրա համար էլ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարում է, թե վարչապետը գերագույն հրամանատար է պատերազմի ժամանակ, սակայն Հայաստանին պատերազմ չի հայտարարվել, միայն ռազմական դրություն է սահմանվել։ Այնինչ, դեռևս 2019 թվականին նույն Արմեն Գրիգորյանը, որպեսզի Փաշինյանին ներկայացնի որպես գերագույն հրամանատար, հայտարարում էր, թե մենք փաստացի պատերազմի մեջ ենք։ Այսպիսով ստացվում է, որ ինչպես ցանկացած հարց, գլխավոր գերագույն հրամանատարի հարցը ևս պատվերով համերգի պես մի բան է. երբ Փաշինյանին պետք է, կարող է լինել գերագույն հրամանատար, իսկ երբ պետք չէ, ինքն այդ լիազորությունների հետ գործ չի ունեցել: Միայն թե մի հարց. եթե ԳԳՀ չի եղել, ի՞նչ գործ ուներ ռազմական որոշումների հետ: Ինչ-որ բան, կարծես, չի «բռնում»…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930