Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով ԱԺ-ում այսօրվա աշխատանքային քննարկումից հետո հայտնի դարձավ, որ գնդապետ Բորիս Ավագյանը, որը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխտնօրենն էր, ազատվել է այդ պաշտոնից, ինչպես որոշման մեջ է հիմնավորված՝ «ծառայողին ոչ հարիր պահվածքի» եւ «պաշտոնական դիրքի չարաշահման» համար:
Մինչ այդ նա նաեւ Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչն էր: Սակայն ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը ասել էր, որ դեռևս մարտին Բորիս Ավագյանն ազատվել է այդ պաշտոնից, իսկ դրանից առաջ էլ, նույնիսկ այդ կարգավիճակում նա լիազորված չէր ԱՀ նախագահի անունից խոսելու:
Այսօր այդ դեպքից հետո Բորիս Ավագյանին հրավիրել են նաեւ ԱԱԾ: Aravot.am-ը քիչ առաջ՝ ԱԱԾ-ից դուրս գալուց հետո խոսեց պարոն Ավագյանի հետ: Նա փաստաբանների հետ գնացել է, սակայն ԱԱԾ-ում ասել են՝ այսօր ուշ է, վաղը գուցե կասեն՝ երբ է հարմար հանդիպելու համար, եթե կարիք չլինի, չեն էլ կանչի:
Ավագյանը հայտնեց, որ տարածված հաղորդագրությունը անակնկալ է եղել իր համար, չէր սպասում. «Ես վերջին 8 ամիսը ինձ տվել եմ ծառայությանը Արցախի Հանրապետությանը: Ես մենակ մի ավտոմեքենա կոշիկ եւ ձեռնոց եմ բերել ԱԻՆ-ի եւ ոստիկանության աշխատողների համար՝ իմ միջոցներով: Դրանից հետո ես հաշվել եմ որ պարտական եմ որպես հայ, եթե ունեմ հնարավորություն օգտակար լինել Արցախին ու մեր ազգին, դա ընդունում եմ՝ որպես ծառայություն: Ես այդ պաշտոնից մի դրամ չեմ ստացել, ոչ էլ ներկայացուցիչ լինելով: Երբ որ նախագահն ինձ առաջարկել է լինել նրա ներկայացուցիչը հատուկ հանձնարարություններով, հարց է հնչել՝ դու ուզո՞ւմ ես ստանալ աշխատավարձ: Ասել եմ՝ ոչ, իհարկե, պարոն նախագահ, ես դա կանեմ հասարակական հիմունքներով»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դուք ընդունո՞ւմ եք այդ հիմնավորումը, որ դուք չարաշահել եք ձեր պաշտոնական դիրքը՝ նա պատասխանեց. «Ոչ, չեմ ընդունում»: Ճշտեցինք՝ այն տեսակետները, որ այդ քննարկմանը հայտնում էիք, մտնում էր ձեր պաշտոնական լիազորությունների մե՞ջ՝ Ավագյանը պատասխանեց. «Ինձ պատգամավորները հրավիրել են՝ որպես ՀՀ քաղաքացի, որը զբաղվել է գերիների մի խմբի վերադարձի հարցերով՝ մարզպետի խնդրանքով: Ուզեցել են իրենց հետաքրքրող հարցերը քննարկել ինձ հետ: Դա ոչ մամլո ասուլիս է եղել, ոչ եղել է պաշտոնական հանդիպում, դա եղել է աշխատանքային քննարկում: Բացի նրանից, որ մենք պաշտոնյաներ ենք, մենք հայեր ենք եւ ես չեմ հավատում, որ ՀՀ-ում կա որեւէ ծնող, որեւէ հայ, որի սիրտը չի ցավում այսօր այս իրավիճակի համար: Մենք նստել եւ քննարկել ենք, ոչ մի քաղաքական հայտարարություն չենք արել: Ես շեշտել եմ՝ եկեք չքաղաքականացնենք հանդիպումը»:
Մեր դիտարկմանը, որ նաեւ «Իմ քայլի» պատգամավորների մասին ասում էիք՝ «ավելի լավ է ելույթ չունենան… հայտարարում են, թե գնացեք ՌԴ դեսպանի մոտ», գուցե դրանի՞ց են նեղվել՝ Ավագյանը պատասխանեց. «Կոնկրետ պատգամավորի մասին եմ ես խոսել՝ Արթուրի մասին (նկատի ունի Արթուր Մանուկյանին,- Հ. Ջ.), Արթուրն էլ դրանից հետո ինձ զանգահարել է: Ավելին ձեզ ասեմ՝ ես Արթուրին որպես դերասան շատ հարգում եմ ու ինքը ինձ շատ մտերիմ ընկեր է, ինքը ինձ շատ անգամներ աջակցել է: Ես խնդիր չեմ գտնում կուսակցության մեջ, հասկանո՞ւմ եք, ես հաշվում եմ, որ բոլոր կուսակցություններում կան շատ կիրթ, լավ մարդիկ: Բայց եթե իմ ընկերը սխալ է արել, ես դրա մասին իրավունք չունե՞մ ասեմ: Ես Արթուրին հաշվում եմ, որ իմ ընկերն է ու նրան շատ հարգում եմ՝ որպես դերասան, բայց երբ նա արել է այնպիսի հայտարարություն, որը չպետք է աներ, ես դրա մասին ասում եմ: Մեր մոտ խոսքի ազատություն չի՞, դատապարտելի՞ է, որ ես իմ ընկերոջ սխալի մասին ասում եմ, որ պետք չէր ասել, ավելորդ էր»:
Հարցին՝ ձեզ բացատրե՞լ են ձեր պաշտոնանկության բուն պատճառը, կոնկրետ ձեր ո՞ր արտահայտությունը, միտքն են համարում խնդրահարույց՝ Բորիս Ավագյանը պատասխանեց, որ դեռեւս հրամանին չի ծանոթացել: Դիտարկմանը, որ ձեր վերադասին տեղյակ չեք պահել այդ հանդիպման մասին, դա խնդիր չէ՞՝ նա պատասխանեց. «Իմ վերադասը Կարեն Սարգսյա՞նը, թե՞ ԱԻՆ-ի տնօրենը, եթե նրանցից որեւէ մեկը կասի, որ նրանց սիրտը չի ցավում այն հարցերի վերաբերյալ, որոնք ես քննարկել եմ ԱԺ պատգամավորների հետ, ես շատ զարմացած կլինեմ: Համոզված եմ, որ եթե նրանք էլ գտնվեին Երեւանում, մեծ հաճույքով կգային եւ կմասնակցեին այդ քննարկմանը, որովհետեւ մենք պետք է ազգովի կոնսոլիդացվենք»:
Այն, որ իշխանությունները մշտապես դժգոհում են գերիների հարցի շահարկումից, ասում են՝ նման բաց քննարկումներով չեն օգնի հարցի լուծմանը՝ Ավագյանը պատասխանեց, որ այնպիսի տեղեկություններ չեն հրապարակայնացրել ու քննարկել, որոնք կարող են խանգարել լուծմանը:
Բորիս Ավագյանը զարմացած է՝ ի՞նչ վատ բան է տեղի ունեցել ԱԺ-ում, որ այսպես են արձագանքում՝ 10 հայ հավաքվել են եւ քննարկում են մի խնդիր, որի վերաբերյալ բոլորս գիշեր-ցերեկ մտածում ենք:
Դիտարկմանը, որ իշխանությունները գուցե այլ կողմից են հարցին նայում՝ քննարկումը «Իմ քայլից» դուրս եկած եւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հետ էր, իսկ նրանք այսպես ասած «յուրային» չեն՝ Ավագյանը արձագանքեց, որ իմքայլականներին էլ են հրավիրել, չեն եկել. «Ով ուզել է՝ եկել է, բաց է եղել քննարկումը, չէ՞: Ես «Իմ քայլի» մեջ ունեմ շատ մտերիմ ընկերներ, նրանց շատ եմ հարգում եւ ես իմ հայրենակիցներին չեմ բաժանում ըստ կուսակցությունների»:
Ճշտեցինք՝ աշխատանքից ազատելու հրամանը, որոշումը վիճարկելո՞ւ եք դատարանում՝ նա պատասխանեց, որ երբ ստանա որոշումը, կքննարկի այն իր փաստաբանների հետ, եթե տեսնեն, որ իրավունքի խախտում կա՝ կվիճարկեն, եթե տեսնեն չկա՝ չեն վիճարկի. «Ես երբեւէ որեւէ պաշտոնից կառչած չեմ եղել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ