Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Այս պուրակը հստակ ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ էությունը և նրանց իրական դեմքը»

Ապրիլ 19,2021 21:07

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Հարգելի’ գործընկերներ,

2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվող 1 ժամանոց ռեպորտաժով ներկայացվել է Բաքվում բացված թանգարանը, որը նվիրված է Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին: Այս ահաբեկչական ցուցադրության մեջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես էր գալիս զինվորական համազգեստով` հպարտորեն շրջելով և ցուցադրելով թանգարանում տեղ գտած հայկական զինտեխնիկան և հայ զինվորներին ծաղրող իրական չափերի մոմե մանեկենները:

Այսպես կոչված «ռազմավարի պուրակի» կենտրոնական մասը զոհված և գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված երկար արահետն էր:

Այս ամենը տեղի է ունեցել ոչ թե անհայտ մի պետությունում, այլ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից մեկում` Ադրբեջանում: Հիշեցնեմ, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը շարունակում է ապօրինի պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների ու գերեվարված քաղաքացիական անձանց:

Խնդրում եմ մի րոպե հատկացրեք և նայեք իմ ձեռքում գտնվող  լուսանկարներին: Դրանք անցյալից լուսանկարներ չեն, այլ մեր օրերում արված նկարներ, երբ ժամանակակից բռնապետը նորմալ է համարում մարդկանց շղթայելը և մարդկային նվաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումները ներկայացնելը որպես բնականոն վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ:

Լուսանկարներից մեկում ադրբեջանցի երեխան խաղում է, հայ զինվորի ռասիստական մուլյաժի հետ, ով, հավանաբար, խոշտանգվել է Ադրբեջանի բանտում:

Այս նկարներն ի ցույց են դնում այն, որ Ադրբեջանում հայերի և Հայաստանի հանդեպ համակարգային ռասայական ատելություն է տիրում։ Այս պուրակ այցելելու համար հերթեր են գոյանում, ինչը զզվելի է և պարզապես անընդունելի։

Այս գործողությամբ Ալիևը միացավ այնպիսի բռնապետերի ցուցակին, ինչպիսիք են Հիտլերը և Սադամ Հուսեյնը:

Միևնույն ժամանակ այն, ինչ այժմ կատարվում է Ադրբեջանում, ինձ հիշեցրեց Իրաքը՝ 1980-ականների վերջին, երբ մեկ այլ բռնապետ օգտագործեց պատերազմի դաշտից հավաքված սպանված իրանական հինգ հազար զինվորների սաղավարտ ՝ ավարտին հասցնելու համար այն հուշարձանը, որը նա անվանել էր «հաղթանակի կամար»: Այդ մարդը Սադդամ Հուսեյնն էր:

Հուսեյնի նման, Ալիևը կարծում է, որ հենց դա է իրեն օգնելու փառաբանել «իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործելաոճը որդեգրած բանակը: Նկատեմ ևս մեկ նմանություն այս երկու բռնակալների միջև. Հուսեյնի նման, Ալիևը ևս չի վերադարձնում ռազմագերիներին:

Այս պուրակը հստակ ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ էությունը և նրանց իրական դեմքը. նրանք խթանում են ռասայական ատելությունը, համարում են, որ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումների ցուցադրությունը հաջորդ սերունդներին և ամբողջ աշխարհին բնականոն երեւույթ է։

Հարգելի’ գործընկերներ,

Պատմությունն ապացուցել է` եթե անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում ժամանակին բռնապետերին և նրանց ագրեսիան կասեցնելու համար, այն սովորաբար դադարում է լինել տեղային խնդիր և տարածվում ամբողջ աշխարհում:

Ես կոչ եմ անում ձեզ ուշադրությանն արժանացնել այս իրադարձությունները և հուսով եմ, որ անհրաժեշտ և հրատապ միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար: Այսպես կոչված «ռազմավարի պուրակը» պետք է փակվի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930