Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանոս Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել ղազախական կողմի հետ սերտացնել համագործակցությունն՝ էլ ավելի պաշտպանված շրջակա միջավայր ունենալու համար

Ապրիլ 19,2021 20:45

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․Գրիգորյանը։

Ողջունելով դեսպանին՝ նախարար Պետրոսյանը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա իր ջերմ ողջույնն է փոխանցել Ղազախստանի իր գործընկեր՝ Էկոլոգիայի, գեոլոգիայի և բնական ռեսուրսների նախարար պարոն Միրզագալիևին։

Նախարարը խոստացել է դիտարկել պարոն Միրզագալիևի կողմից առաջարկների վերաբերյալ նամակը, քննարկել բարձրաձայնված հարցերն ու առաջարկները և համապատասխան ընթացք տալ դրանց։

Ղազախական կողմը ԱԳՆ-ին ներկայացրել է Հայտագիր՝ դիմելով հայկական կողմին խնդրանքով տրամադել տեղեկատվություն առաջին կատեգորիայի ձեռնարկությունների համար առկա լավագույն հասանելի տեխնիկայի և տեխնոլոգիաների (ԼՀՏ) վերաբերյալ (տեխնոլոգիաների շտեմարանի ձևավորում, տնտեսական արդյունավետության գնահատում, քիմիական, լեռնամետալուրգիական, լեռնահանքային, ցեմենտի, էներգետիկայի և այլ արդյունաբերական ոլորտներում լավագույն տեխնիկայի և տեխնոլոգիաների էկոլոգիական և տեխնոլոգիական բնութագրեր) հայկական փորձի վերաբերյալ։

Կողմերը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում երկրների փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։

Նախարարը պատրաստակամություն է հայտնել ղազախական կողմի հետ սերտացնել համագործակցությունն՝ էլ ավելի պաշտպանված շրջակա միջավայր ունենալու համար։

«Ղազախստանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի ավանդաբար բարեկամական հարաբերություններ և՛ ԱՊՀ, և՛ ԵԱՏՄ, և՛ ՀԱՊԿ շրջանակներում։ Այդպիսի հենք ունենալու դեպքում օրինաչափ է, որ շրջակա միջավայրի պահպանության գործում ևս պետք է ջանք ներդնել՝ ի նպաստ երկարաժամկետ և արդյունավետ համագործակցության։Ես տրամադրված եմ բավականին շոշափելի և երկարատև համագործակցության։Կարճ ժամանակում կհղկենք կետային փոխգործակցության եզրերը և կքննարկենք այն հարթակը, որտեղ դրանք կյանքի կկոչվեն»,-նշել է նախարարը։

Ապա նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ Կառավարության և մասնավորապես Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները շրջակա միջավայրի կառավարման ոլորտում՝ թվարկելով մեկնարկած օրենսդրական փոփոխությունների գործընթացներն ու ընթացիկ այլ ծրագրեր։

Առանձնակի անդրադարձ է կատարվել անտառածածկ տարածքների բազմապատկման և ընդլայնման ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրին և «10 մլն ծառ» նախաձեռնությանը, որի շրջանակում ապրիլի 25-ին նախատեսվում է հանրապետական մեծ ծառատունկ իրականացնել և տնկել 300.000 ծառ։ Նախարարն առաջարկել է գործընկերներին տնկիներ տրամադրել՝ համապետական ծառատունկին դեսպանության աշխատակազմով միանալու համար։

Դեսպան Իմանբաևն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր ուրախությունն հայտնել, որ ոլորտն ի դեմս նախարար Պետրոսյանի ղեկավարում է շրջակա միջավայրի խնդիրներին, առկա իրավիճակին և կառավարման հայեցակարգերին խորապես ծանոթ և բանիմաց մասնագետ։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ակտիվ գրագրության և համագործակցության այլ եղանակների միջոցով գործուն փուլ մտցնել հանդիպման ընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930