Ֆրանսիական «Սաթե – Ատղը» թատերական միության նախաձեռնությամբ ապրիլի 14-ին Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու «Սասնա Ծռեր» երաժշտական ներկայացումը: Միջոցառումը Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում իրականացվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև տարիներ ի վեր ձևավորված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում:
Հայկական Սասնա ծռերը հայ բեմում և հայ հանդիսատեսին ներկայացրեցին ֆրանսիական «Սաթե -Ատղը» կազմակերպության անդամները: Էպոսի հիման վրա բեմադրված երաժշտական ներկայացման մեջ հանդես եկան տարբեր ազգերի երաժիշտ-դերասաններ, որոնք տեքստի եւ երաժշտության միջոցով ներկայացրին էպոսի երեք գլուխները՝ Սանասար եւ Բաղդասար, Մեծ Մհեր եւ Սասունցի Դավիթ։
Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, Գավառի և տարածաշրջանի համայնքների կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, սաներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ:
«Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստում է մեր երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամության և մշակութային երկխոսության մասին: Այն ևս մեկ առիթ է՝ Գեղարքունիք – Իզեր ապակենտրոնացված համագործակցության խորացմանը նաև՝ մշակութային ոլորտում: Գեղարքունիքի մարզպետի և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում Իզերի դեպարտամենտալ խորհրդի ղեկավարին՝ մեր մարզի հանդիսատեսին նման տրամադրություն հաղորդելու համար: Մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի և համոզված եմ, որ տարեց տարի այն ավելի է ընդլայնվում ու ամրապնդվում շնորհիվ՝ կողմերի ղեկավարների միջև առկա վստահության և փոխըմբռնման »,- զրույցի ընթացքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանը:
Կարդացեք նաև
Հավելենք նաև, որ այս հյուրախաղերն իրականացվում են ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, իսկ նախագիծն իրականություն է դարձել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի, Լիոնի Մետրոպոլի, Իզեր դեպարտամենտի, Սպեդիդամի, ինչպես նաեւ Իրապա հարթակի աջակցությամբ։
Գեղարքունիքի մարզպետարան