Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայի մեջլիսում բարձրաձայնվել է Մուշի հին հայկական թաղամասի քանդման հարցը

Ապրիլ 19,2021 18:12

Ermenihaber. Թուրքիայի իշխանությունների գործուն աջակցությամբ շարունակվում են ջնջվել հայկական հետքերը: «Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը» (TOKI) քաղաքաշինական ծրագրի անվան տակ քանդել է Մուշ քաղաքի Քալե թաղամասի պատմական հայկական բոլոր տները, բացառությամբ մեկի:

Մուշի քաղաքապետարանի և հիշյալ վարչության համագործակցությամբ քանդված հայկական տների տեղերում բազմաբնակարանային համալիր է կառուցվել: Նշվում է, որ հայկական տները ոչնչացնելու որոշումը հաստատվել էր դեռևս 2011թ. Մուշի քաղաքային խորհրդի կողմից:

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Մուշից ընտրված պատգամավորներ Շեվին Ջոշքունը և Գյուլյուսթան Քըլըչ Քոչյիղիթը Մուշի հայկական թաղամասի քանդված տների տեղերում բազմաբնակարանային համալիրի կառուցման հարցը տեղափոխել են խորհրդարանի (մեջլիս) օրակարգ:

Նրանք գրավոր հարցապնդումներ են ուղղել Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումին և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին:

Ընդդիմադիր պատգամավորները, դիմելով նախարար Քուրումին, հիշեցրել են, որ Մուշի 3 թաղամասներում՝ Քալեում, Դերեում և Մինարեում, մինչև 2000-ական թվականների սկիզբը պահպանվում էին հայկական տները, որոնք, սակայն, 2012թ. ոչնչացվել և հիշողության բնաջնջման են ենթարկվել:

Նրանք պահանջել են Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարին պատասխանել, թե ի՞նչ նպատակով են Մուշի հիշյալ 3 թաղամասերում շենքեր կառուցվում, ինչու՞ են թույլատրել շինարարությունը Քալե թաղամասի հայկական տների վրա:

Ջոշքունը և Քոչյիղիթը, դիմելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին, նշել են, որ այժմ Քալե թաղամասում միակ տունը, որը չի քանդվել և այժմ կանգուն է, գրանցվել է որպես «պաշտպանության ենթակա մշակույթի արժեք»: Նրանք նկատել են, որ չնայած այդ որոշմանը Մուշի քաղաքապետարանը տարիներ ի վեր խոչընդոտներ է ստեղծում և թույլ չի տալիս տան սեփականատիրոջը, որպեսզի այն վերականգնի:

Ընդդիմադիր պատգամավորները, բացի վերոհիշյալ հարցերից նաև հետևյալ հարցերն են հղել Էրսոյին.

Մուշի Քալե թաղամասում մնացած վերջին հայկական շենքը, չնայած որ գրանցված է, ինչո՞ւ չեն կարողանում վերականգնել:

Արդյո՞ք Մուշի մշակութային արժեքների գույքագրման աշխատանքներ կատարվել են:

Մուշում քանի՞ գրանցված շենք կա: Այդ գրանցված շենքերից քանի՞սն են հայկական եկեղեցիներ:

Վերջին 5 տարում Մուշում քանի՞ շենք է վերականգնվել: Որո՞նք են այդ շենքերը և ընդհանուր առմամբ ո՞րքան բյուջե է դրանց համար հատկացվել:

Մուշի նահանգում գտնվող և Էրջան Չեթեին պատկանող հայկական տան գրանցման համարը ո՞րն է:

Խնդրո առարկա շենքի (տան) հետ կապված աշխատանքներ կատարվե՞լ են Մուշի մշակութային և զբոսաշրջության նահանգային վարչության կողմից։

Այդ շենքի մասին մեր նախարարության կողմից զեկույց պատրաստվե՞լ է: Լուսանկարներով փաստաթղթավորվել, քարտեզագրվել և գրանցման կտրոն պատրաստվե՞լ է:

Կա՞ արդյոք քաղաքում գտնվող հայկական տանն առնչվող մշակութային և բնական ժառանգության պահպանության տարածաշրջանային խորհրդի որոշումը: Եթե կա, ապա ո՞րն է որոշման ամսաթիվը ու համարը:

Հիշեցնենք, որ Էրջան Չեթեն, որը Քալե թաղամասում ծնված-մեծացած բնակիչ է ընդդիմացել է և ապամոնտաժողներին թույլ չի տվել քանդել 156 տարվա պատմություն ունեցող իր տունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930