Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղջիկներին բանակում ներգրավելու փոխարեն երեք ամսյա ծառայությունից են խոսո՞ւմ»․ Մարմաշենի համայնքապետ

Ապրիլ 19,2021 18:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Վայոց ձորի մարզի Գետափ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսել էր ժամկետային զինծառայության համակարգը փոխելու մասին՝  նշելով, թե «պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»:

Aravot.am-ի հետ զրույցում  Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար, ՀՅԴ-ական Կարեն Արշակյանը, որը մարտական մեծ ուղի է անցել, անդրադառնալով այս գաղափարին, ասաց․ «Ես չգիտեմ՝ այդ գաղափարն ո՞վ է  տվել, ո՞վ է արտահայտել, բայց երեքամսյա ծառայությունը կլինի մանկապարտեզ, ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Երեք ամսում ի՞նչ սովորի։   Եթե 3 ամիս լինի, մենք հազիվ հասցնում ենք զորակոչերի միջոցով ժամկետային զինծառայողներով  սահմանները լրացնել, նաև ունենք վարձու պայմանագրային զինծառայողներ, կասեն այդ երեք ամսվա ընթացքում ի՞նչ պիտի  հասցնի տեսնել երեխան բանակի կյանքից, զենք-զինամթերքին ինչպես պիտի ծանոթանա։

Մենք շրջափակված ենք թշնամիներով,  եթե լայնամասշտաբ գործողություններ սկսվեն, ո՞վ պիտի պահի մեր  սահմանները, ռուսը պիտի  ուղարկի իր էրեխեքին մեզ պաշտպանելո՞ւ, հա՞։  Ո՞վ պիտի  պաշտպանի մեր սահմանները, մեր երկիրը չպիտի ունենա՞ մարտունակ բանակ։ Այդ դեպքում թող միանգամից եռամսյա հավաքներն էլ  հանեն, բանակը էլ մեզ ինչի՞ է պետք, եթե պիտի դառնա կամ ռուսական կամ թուրքական։Ես չեմ պատկերացնում ասվածը։

Փոխանակ բանակն ամրապնդեն, նաև աղջիկներին ներգրավեն բանակում, չեմ ասում  աղջիկները պոստերում կանգնեն, այլ ներգրավվեն։ Օրինակ՝ Իսրայելն ունի շատ լավ մարտավարություն, աղջիկները  բանակում լինելուց կզգան, թե  ինչ է կատարվում մեր սահմանների հետ, նաև ծնված երեխաներին ճիշտ կդաստիարակեն։

Թող այդ տարբերակն ընտրեն, որը մշակված է, գործող է։  Եթե այս հայտարարությունը կապված է ընտրությունների հետ, դա ուրիշ հարց է, բայց եթե սա լուրջ ծրագրի հետ է կապված, ես չեմ պատկերացնում՝ 18 տարեկան մարդը երեք ամսում պատրաստակամություն կունենա՞ սահման պահելու կամ որպես զորք կոչվելու։

Ես էլ կարող եմ արտահայտվել, ասել՝ 3 ամիսը շատ է, 15 օրով թող լինի,  բայց պիտի ներկայացնեմ չէ՞ ինչու 15 օրով կամ ասենք հինգ ամսով, ավելի երկար։  Պիտի հիմնավորեմ, չէ՞, մեկ դասարան անցնելու համար մեկ տարի է պետք,   մեկ զինվորական ունենալու համար երեք ամիս,հա՞․․․

Ես վստահ եմ մեր տղաների արիությանը, հայրենասիրությանը, բայց երեք ամսում հաստատ պատրաստ չեն լինի որպես զինվոր, որպես բանակ, որպես ազգի պաշտպան»,-ասաց մեր զրուցակիցը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930