ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թեւոսյանն ու Անուշ Բեղլոյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում են լրացում եւ փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում:
Առաջարկվող կարգավորումները ներկայացրեց ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը ԱԺ ապրիլի 16-ի հերթական նիստում:
Նշվեց, որ նախորդ տարի ընդունվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որով, ի թիվս այլ կարգավորումների, կանոնակարգվում է նաեւ հեռուստաընկերությունների լիցենզավորման կարգը, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն` պետական տուրք գանձվում է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար:
Հետեւաբար, օրենքում կատարվող լրացումն ու փոփոխությունը նպատակ ունեն մեդիաոլորտի իրավական դաշտի կարգավորման շարունակականությունը ապահովելու, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ամրագրված մի շարք սկզբունք-ելակետերը ապահովելու: Դրանցից են մեդիադաշտ մուտք գործելու հասանելիությունը, տեսալսողական հաղորդումների բազմազանության ապահովումը, օժանդակումը:
Կարդացեք նաև
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Հռիփսիմե Գրիգորյանը: Պատգամավորը նշեց, որ կարգավորումն առավել հեշտացնում է հասանելիությունը հեռուստաընկերությունների մեդիադաշտ մուտք գործելու համար` սահմանելով ավելի ցածր դրույքաչափեր պետական տուրքի համար:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գոռ Մելիքյանը ներկայացրեց Կառավարության դիրքորոշումը: Ըստ նրա` առաջարկվող փոփոխությունները կխթանեն ՀՀ մարզերում մասնավոր մուլտիպլեքսի կայացումը` բարենպաստ պայմաններ ստեղծելով մարզային հեռուստատեսային հեռարձակման ցանցի ընդլայնման համար:
Ազգային ժողով