Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ որտե՞ղ է միակողմանի խաղաղասիրություն լինում». Արման Թաթոյան

Ապրիլ 19,2021 17:02

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում եւս մեկ անգամ տեղեկացրեց, որ Ադրբեջանը գերիների հարցը քաղաքականացնում է, շահարկելով տարբեր հարթակներում: Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից կատարված քայլերը պատերազմական հանցագործություններ են. «Ադրբեջանի նպատակն է օգտագործելով մեր հայրենակիցների այնտեղ գերի լինելու փաստը, այստեղ լարված պահել մթնոլորտը: Նրանք հասկանում են, որ դա նաեւ այստեղ էլ է շահարկումների հանգեցնում, լարվածության է բերում, եւ ամենակարեւորը՝ հոգեկան տառապանքներ է պատճառում անհայտ կորածների ու գերիների ընտանիքներին: Մտադրված դա անում են, օգտագործելով հարցը քաղաքական նպատակներով: Օրինակ, լրատվամիջոցների հրապարակումներ կային, որ նրանք ինչ-որ տարածքային հարցերի դիմաց են քննարկում մեր գերիների վերադարձի հարցը: Դրանք պատերազմական հանցագործության հասնող արարքներ են»:

Արման Թաթոյանն ասում է, որ այս առումով միջազգային պահանջները հստակ են՝ ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո, առանց որեւէ նախապայմանների պետք է վերադարձնեն գերիներին: Մինչդեռ ռազմական հակամարտությունը շարունակվում է՝ ինչպես եղել է նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ հետո. «Դրա համար ադրբեջանական իշխանությունների մանուպուլյատիվ դիրքորոշումները միջազգային հանրությանը պետք է հստակ ցույց տանք: Կարեւոր է նաեւ ընդգծել, որ գերիների վերադարձի հարցը շատ արդիական է այն ատելության, թշնամանքի քաղաքականության ֆոնին, որ նրանք շարունակում են: Հետո էլ խոսում են խաղաղասիրությունից, կեղծ խաղաղասիրություն չէ, բա ի՞նչ է: Մեր հայրենակիցներին այնտեղ պահում են ռազմագերու կարգավիճակով, ասում են, թե իբր ահաբեկիչներ են, հասկանալով, որ այստեղ վիճակը լարված են պահում ու մի հատ էլ խոսում են խաղաղասիրությունի՞ց: Այդ որտե՞ղ է միակողմանի խաղաղասիրություն լինում»,- ասում է մարդու իրավունքների պաշտպանն ու վստահեցնում, որ ադրբեջանական իշխանությունների կողմից կատարվող գործողություններն ամբողջությամբ դեմ են միջազգային կառույցների սկզբունքներին:

Իսկ եթե միջազգային կառույցները չեն արձագանքում, նշանակում է, որ իրենք խրախուսում են, ինչն էլ վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակային դիմել է նախարարների կոմիտե՝ ծանուցել եւ նշել է, որ Ադրբեջանը չի կատարում պարտավորությունները, անընդհատ ձգձգում է եւ դրա հիման վրա ես ինքս դիմել եմ նախարարների կոմիտեին: Երկրորդ նամակն եմ պատրաստել եւ լրացուցիչ ինֆորմացիայով մենք կդիմենք ոչ միայն խորհրդի մարմիններին, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Լրացուցիչ հրավիրելով ուշադրությունն արդեն այն կեղծ տեղեկությունների հիման վրա, որով Ադրբեջանի իշխանությունները փորձում են մոլորեցնել միջազգային կազմակերպություններին… Ադրբեջանական իշխանությունների հստակ քաղաքականությունն է՝ իրավական ատյանները հնարավորինս հեռու պահել այս հարցից, ինչո՞ւ, որովհետեւ իրենց ձեռնտու է սրա քաղաքականացումը եւ քաղաքական հարթակներ տանելը: Դրա համար պետք է միջազգային ճնշումներով թույլ չտալ դա անել»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930