2020 թվականին 2019-ի համեմատ թունաքիմիկատներից թունավորման հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.3 անգամ (2019թ. գրանցվել էր 120, 2020թ.՝ 94 դեպք)։
Նախորդ տարի թունաքիմիկատներով թունավորումների գերակշիռ մասն արձանագրվել է անփութության՝ անհատական պաշտպանիչ միջոցների բացակայության, ոչ ճիշտ մակնշման և պահպանման պատճառով, ինչպես նաև ծնողների անուշադրության հետևանքով:
Թունավորումներից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է.
• թունաքիմիկատի օգտագործումից հետո ձեռքերը և դեմքը լվանալ օճառով՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը,
• լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,
• օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ թունաքիմիկատի հետ աշխատելիս (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիթ կոշիկներ),
• լվանալ և պահել թունավոր նյութերով աղտոտված հագուստներն առօրյա հագուստներից առանձին,
• չպահել թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում,
• թունավոր նյութերը պահել գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա փակցնել նախազգուշացնող պիտակներ,
• պահել թունավոր նյութերը սննդամթերքից հեռու՝ երեխաներին ոչ մատչելի վայրերում,
• չպահել թունավոր նյութերը և հեղուկացրիչ սարքավորումները պատահական վայրերում,
• թունաքիմիկատի խառնուրդը պատրաստել լավ օդափոխվող տարածքում,
• չփչել հեղուկացրիչի (սրսկիչ սարքի) խցանված ծայրադիրի մեջ։
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարություն