2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական գերության մեջ հայտնվեցին ինչպես հայ զինծառայողներ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Վերջիններս հիմնականում չէին հասցրել կամ հրաժարվել էին լքել իրենց բնակավայրերը թշնամու ներխուժումից առաջ: Թեև քաղաքացիական անձանց շարքում գերակշռում էին հիմնականում տարեց անձինք, ովքեր չէին կարող մասնակից լինել ռազմական գործողություններին, սակայն ադրբեջանցի զինվորականների համար դա էական նշանակություն չի ունեցել, և այդ անձինք ենթարկվել են խոշտանգումների` որպես ռազմական հանցագործներ:
Գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց խոշտանգումների բազմաթիվ տեսանյութեր դեռևս պատերազմի օրերին հայտնվում էին սոցիալական տարբեր հարթակներում` գրավելով ինչպես հանրության, այնպես էլ լրատվամիջոցների ուշադրությունը:
Գերության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, մի քանի իրավապաշտպաններ, գործում է նաև գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը:
Իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը, ով նաև «Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիրներից է, և Արտակ Զեյնալյանը նախապատրաստել և Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել ազգությամբ հայ զինվորականների և քաղաքացիական անձանց իրավունքների կոպիտ ոտնահարումների վերաբերյալ բազմաթիվ հայցեր, ինչպես նաև այդ առնչությամբ համագործակցել և շարունակում են համագործակցել տարաբնույթ կառույցների հետ:
Կարդացեք նաև
Թեև, ըստ իրավապաշտպանների, հնարավոր չէ գերիների քանակի վերաբերյալ հստակ թիվ նշել, սակայն իրավապաշտպանների ուժերով ձեռք բերված անհերքելի ապացուցողական բազա ունեցող դեպքերը (լուսանկար, տեսանյութ, ականատես և այլն) թույլ են տալիս հաստատելու, որ գերիների թիվն անհամեմատալի շատ է: Անհերքելի ապացույցների հիման վրա իրավապաշտպաններին հաջողվել է ՄԻԵԴ-ում ռազմագերիների նոր հաստատումներ ունենալ: Ըստ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի` այժմ պաշտոնականացված դեպքերը գերազանցում են 70-ը, այն դեպքում, որ ս/թ հունվարին դրանք 20-ն էին:
Իրավապաշտպաններն ու ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակը բազմիցս նամակներ են հղել Եվրոպական դատարանին և ապացույցներ ներկայացրել Ադրբեջանի կողմից անհապաղ միջոց կիրառելու որոշումները լիարժեք չկատարելու վերաբերյալ:
Հայ գերիների և զոհերի պատմություններին և հայ իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի նախաձեռնած և կատարած աշխատանքին անդրադարձել են համաշխարհային ճանաչում և համբավ ունեցող «The Washington Post», «The Guardian», «The Wall Street Journal», «RT France», «L’Orient-Le Jour», «Valeurs Actuelles», «News Front» և այլ հեղինակավոր լրատվամիջոցներ:
«The Washington Post»-ն անդրադառնում է 2020 թվականի արցախյան պատերազմի ռազմական հանցագործություններին, ադրբեջանցիների կողմից խոշտանգված և սպանված խաղաղ բնակիչների` Գենադի Պետրոսյանի և Յուրի Ասրյանի տեսանյութերին:
«The Guardian»-ը նույնպես ներկայացնում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, լուսաբանում հայ իրավապաշտպանների աշխատանքի արդյունքում նույնականացված անձանց պատմությունները: Պարբերականին տրված հարցազրույցում Սահակյանը նշում է. «Զգացմունքային առումով դժվար է դիտել տեսանյութերը: Սակայն մասնագիտական տեսանկյունից դրանք կարող են շատ օգտակար վկայություններ լինել»,- հավելելով, որ իրենք պետք է ուշադիր զննեն տեսանյութերը` համոզվելու համար, որ դրանք չեն կեղծվել:
«The Wall Street Journal»-ն անդրադառնում է պատերազմի ժամանակ անհետ կորած զինվորների ծնողների որոնումներին, Հայաստանի և Ադրբեջանի կողմից գերիների փոխանակման, ինչպես նաև Ադրբեջանում դեռևս պահվող և ռազմական հանցագործներ որակված հայ գերիների հարցերին: Հեղինակավոր պարբերականը մեջբերում է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի տեսակետն այդ խնդրի վերաբերյալ. «Հարցը քաղաքականացվում է»,- ասում ՄԻԵԴ-ում ավելի քան 100 հայ ռազմագերիների ընտանիքներ ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը` հավելելով. «Մարդասիրական հարցը փոխկապակցված է քաղաքական օրակարգի հարցի հետ, որն անընդունելի է: Մենք նաև գիտենք, որ ռազմագերիների հայրենադարձության անհիմն ձգձգումները ռազմական հանցագործություններ են»:
«RT France»-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ ցուցադրող մի քանի հարյուր տեսանյութեր են հեռարձակվել սոցիալական հարթակներում: «The Guardian»-ը և «Amnesty International»-ը հաստատել և վերլուծել են դրանցից մի քանիսը: «RT France»-ը, մասնավորապես, անդրադառնում է Արցախի Մադաթաշեն գյուղի բնակիչ 69-ամյա Գենադի Պետրոսյանի և 82-ամյա Յուրի Ասրյանի սպանություններին ադրբեջանական զինուժի կողմից:
Հեղինակավոր «Valeurs Actuelles»-ի կողմից հրապարակված «Լեռնային Ղարաբաղ. գլխատման տեսանյութերը բացահայտում են մարդկայնության բացակայությունն ադրբեջանական ուժերում» հոդվածը նույնպես պատմում է ադրբեջանական վայրագությունների մասին:
Դաժանությունները, խոշտանգումներն ու սպանությունները բացահայտող հարյուրավոր տեսանյութերից երկուսում, որոնցից մի քանիսը հեռարձակվել են Ռուսաստանի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի կնքումից հետո, ցուցադրվում է երկու հայ խաղաղ բնակիչների գլխատում: Այս երկու տեսանյութերում «The Guardian»-ը կարողացավ բացահայտել զոհերին՝ շնորհիվ այն գյուղերի բնակիչների վկայությունների, որտեղ կատարվել են հանցագործությունները, ինչպես նաև հաստատվեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի և երկու հայ իրավապաշտպանների` Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի զեկույցներով:
44-օրյա պատերազմին և հայ իրավապաշտպանների աշխատանքին բազմաթիվ հրապարակումներով անդրադարձել է նաև հեղինակավոր «Human Rights Watch» հասարակական կազմակերպությունը:
Այսպես. 2020 թվականի դեկտեմբերի 2-ին կարդում ենք. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում ադրբեջանական ուժերը դաժան վերաբերմունք են ցուցաբերում գերեվարված որոշ հայ զինվորների նկատմամբ…»:
«Ոչինչ չի կարող արդարացնել ռազմագերիների նկատմամբ դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքը»,- ասում է «Human Rights Watch»-ի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի տնօրեն Հյու Ուիլյամսոնը` նշելով. «Մարդասիրական իրավունքը շատ հստակ սահմանում է ռազմագերիներին պաշտպանելու պարտականությունը: Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն այս դաժան վերաբերմունքի անհապաղ դադարեցումը»:
RTBF հասարակական կազմակերպության կայքում 2020 թվականի հոկտեմբերի 24-ին տեղադրված հրապարակումը մասնավորապես ներկայացնում է իրավիճակն Արցախում և անդրադառնում ադրբեջանցի զինվորականների կողմից 73-ամյա Բենիկ Հակոբյանի և 25-ամյա Յուրի Ադամյանի սպանությանը` վկայակոչելով սոցիալական հարթակներում հայտնված և Բի-Բի-Սի-ի կողմից ստուգված տեսանյութերը:
RFI-ի կայքում 2020-ի դեկտեմբերին հրապարակված նյութը Բենիկ Հակոբյանի և Յուրի Ադամյանի մասով հաղորդում է. «Telegram-ում լայնորեն տարածված այս պատկերներում ադրբեջանցի զինվորները գլխատել են երկու հայ գյուղացիների: Հայ փաստաբան Սիրանուշ Սահակյանը հարյուրավոր նման տեսանյութեր է տեսել… Նրա նպատակն է նույնականացնել զոհերին, և յուրաքանչյուր րոպեն կարևոր է: «Տեսանյութերում տուժածներից ոմանք ողջ են և պատանդ են պահվում: Նրանց կյանքին վտանգ է սպառնում: Այդ պատճառով մենք ժամանակ չունենք ժամանակ վատնելու` հանցագործությունների պատասխանատուներին բացահայտելու համար: Մենք ավելի ուշ կանդրադառնանք դրան»,- բացատրում է փաստաբանը»:
Իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը միջազգային լրատվամիջոցների միջոցով նաև կոչ են արել միջազգային հանրությանը կրկնապատկել ջանքերը՝ հետաքննելու ադրբեջանցիների և հայերի միջև հակամարտության արդյունքում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները:
Իրավական ուղի