Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Ավագյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին. «Ավելի լավ է ելույթ չունենան… հայտարարում են, թե գնացեք ՌԴ դեսպանի մոտ, թող դիմի ՌԴ նախագահին, դա անթույլատրելի է»

Ապրիլ 19,2021 15:26

Այսօր «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորները նախաձեռնությամբ են հանդես եկել գերիների հետ կապված աշխատանքային խումբ ձեւավորել: Նրանք առաջարկել են նաեւ ընդդիմադիր խմբակցություններին միանալ իրենց: Այսօր աշխատանքային քննարկմանը մասնակցում էին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, ԲՀԿ-ից՝ Վահե Էնֆիաջյանը:

 

Քննարկմանը հրավիրված էր Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Բորիս Ավագյանը: Նա զբաղվել է Շիրակի մարզից գերեվարված 62 քաղաքացիների հարցերով՝ Շիրակի մարզպետի խնդրանքով:

ԱԺ-ում գերիների հարցով հանձնաժողով է ստեղծվել, սակայն, ինչպես ասաց Ավագյանը, իրենց հետ այդ հանձնաժողովը չի համագործակցում. «Այս խնդիրը մեր բոլոր հայրենակիցներինն է: Շատ են էմոցիաները, շատ են շահարկումները ու այս հարցում ցանկացած քաղաքական շահարկում պետք է բացառել: Ծնողի համար, ում երեխան գտնվում է գերության մեջ, ամեն րոպեն ու վայրկյանը դժոխք է: Ես զարմանում եմ, թե ինչքան ուժեղ ու ամուր են ծնողները, որոնք ցանկանում են պայքարել իրենց երեխաների ազատության համար»,- ասաց Բորիս Ավագյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ որոշ իշխանական պատգամավորներ, որոնք գերիների հարցով տեսակետ են հայտնում, մեղմ ասած իրենց տեղում չեն. «Առաջինը, որը ինձ համար զարմանալի է՝ վերջերս ակտիվ սկսել է մի շահարկման գործընթաց, որը նկատվում է «Իմ քայլի» պատգամավորների կողմից, նրանք հայտարարում են՝ գնացեք ՌԴ դեսպանի մոտ, նա թող դիմի ՌԴ նախագահին այդ հարցով: Դա անթույլատրելի է: Եթե պատգամավորը թույլ է տալիս ուղղել քաղաքացուն օտարերկրյա դեսպանի մոտ, նա կոմպետենտ չէ, իր տեղում չէ: Որպես պատգամավոր ավելի լավ է ելույթ չունենան, որովհետեւ կվնասեն առաջինը իրենց քաղաքական թիմին: Այդ հայտարարությունները շատ վրդովմունք են առաջացնում մեր քաղաքացիների մոտ ու շատ տեղին»:

Նա Ավանի փոխթաղապետին մատնանշեց. «Նա թույլ էր տալիս սոցցանցերում վիրավորել խաղաղապահների հրամանատարին ու որեւէ մեկը չդատապարտեց: Այն ջանքերը, որ գործադրում են մեր դաշնակիցները, ստանում են այդպիսի վերաբերմունք ու իշխող ուժից ոչ մեկը չհայտարարեց, որ դա անթույլատրելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում և չի կարող Նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով Բորիս Ավագյանի՝ լրատվամիջոցների հետ հաղորդակցության դեպքերը: «Դեռևս մարտ ամսին Բորիս Ավագյանն ազատվել է Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի հասարակական հիմունքներով պաշտոնից, իսկ դրանից առաջ էլ նշել էի, որ նույնիսկ այդ կարգավիճակում նա լիազորված չէր ԱՀ նախագահի անունից խոսելու: Ուստի, հորդորում եմ լրատվամիջոցներին Բորիս Ավագյանի մեկնաբանությունները չներկայացնել Արցախի նախագահի և որևէ այլ պետական մարմնի հետ առնչվող որևէ կարգավիճակով»,- ասել է Լուսինե Ավանեսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930