Այսօր առավոտյան Արցախում ծառայող զինծառայողների ծնողները, որոնց որդիները մասնակցել են 44-օրյա պատերազմին, կրկին հավաքվել էին կառավարության մոտ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:
Ավելի ուշ ծնողների 4-5 հոգանոց խումբը մտավ կառավարություն: Սա ծնողների ու վարչապետի արդեն որերորդ հանդիպումն է, սակայն, ինչպես այսօր ցույցի եկած ծնողները նշեցին, իրենց պահանջներն այդպես էլ չեն կատարվում: Նրանք գտնում են, որ «դաժան պատերազմով» անցած իրենց որդիները, որոնք հոգեկան ու առողջական լուրջ խնդիրներ են ձեռք բերել, պետք է զորացրվեն կամ ծառայության ժամկետների կրճատում լինի:
«Հայրենիքին ծառայությունը պետք է մատուցենք բոլորս, բայց այդ երեխաների ծառայությունը գերակատարվել է: Դրեք նժարի վրա եւ տեսեք՝ խաղաղ ժամանակ ծառայողն ու այս պայմաններում ծառայողը հավասա՞ր պայմաններում են գտնվում: 44-օրյա պատերազմից հետո որդիս հագուստով քնում՝ հագուստով արթնանում է: Մեզ պետք չէ, որ այդ երեխաները գան ու համալրեն հաշմանդամ մարդկանց շարքերը մեզ պետք է որ գան, այդ երեխաներին առողջացնենք ու շուտ վերադարձնենք հասարակություն»,-ասաց զինծառայողի ծնող Հրայր Կարապետյանը:
Կարդացեք նաև
Նրա եւ մյուս ծնողների պահանջն է, որպեսզի այն զինծառայողներին, որոնց մնացել է 3 ամիս՝ զորացրեն, իսկ մնացածների ծառայության ժամկետը կրճատեն. «Այդ երեխաները կրել են հետպատերազմյան բեռը»,-ասաց Հրայր Կարապետյանը՝ վրդովմունք հայտնելով, որ բոլորը մոռացել են այդ զինվորներին. «Կոնֆետների, նասկիների վրա, որ գրում էիք սիրո խոստովանություններ, բոլորդ մոռացել եք նրանց: Դա մնաց միայն ծնողի խնդիրը»:
Ծնողների խոսքով, պաշտպանության նախարարությունն այսօր «ամենացինիկ վերաբերմունքն» է ցուցաբերում հենց այդ երեխաների նկատմամբ: Զինծառայողի ծնողն ասաց, որ հենց այս պահին իրենց որդիներին տարբեր զորամասերից հավաքել են ու տանում են, բայց չեն ասում՝ ուր. «Ոչ մի ծնող տեղյակ չի՝ ուր են տանում իր երեխային: Միգուցե նպատակ էր հետապնդում մեր այսօրվա հավաքը մասնատելու, որովհետեւ ծնողներից մեծ մասն այս պահին զորամասերում են»:
Նրանց խոսքով, այդ երեխաները պատերազմ են անցել առանց տրտնջալու, նրանք նորից պատրաստ են ամեն ինչի, բայց ուզում են, որ հասարակությունը, պետությունը հասկանա այդ երեխաների նշանակությունը:
«Իմ ակնկալիքն այն է, որ մեր նախաձեռնող խումբը, որը հիմա կառավարության շենքում է, դուրս գա ու ներկայացնի վարչապետի պատասխանը: Հարցն այն է, որ մեր տղաները 44 օր կռվեցին, բայց հիմա նորից իրենք են ամբողջ բեռը կրում, պաշտոնյաներն այդ մասին լավ գիտեն: Նրանք մինչեւ պատերազմի ավարտն ասում էին, որ մեր տղաները հերոսներ էին, քաջեր էին, ասպետներ էին, բայց պատերազմից հետո մեր տղաներն անտեսվել են: Մեր զինվորները միայն իրենց ծնողների համար են մնացել քաջեր, հերոսներ ու ասպետներ»,-ասաց մեկ այլ զինծառայողի հայր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ