Լրահոս
Օրվա լրահոսը

Կհնչեն Մոցարտի, Վերդիի ու Մանսուրյանի ռեքվիեմները, կբացվեն ցուցահանդեսներ. Արայիկ Հարությունյան

Ապրիլ 19,2021 14:20

ՀՀ պետական միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման հանձնաժողովը գլխավորում է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը: Նա «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում տեղեկացրեց, թե հիշատակի ինչ միջոցառումներ են նախատեսված ապրիլի 23-24-ի առիթով: Հայտնեց, որ ապրիլի 23-ին ժամը 23-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կկատարվի Վերդիի «Ռեքվիեմը», եւ հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, իսկ համերգը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը: Միջոցառումը ուղիղ կհեռարձակվի:

Արայիկ Հարությունյան

Ինչպես նշեց Արայիկ Հարությունյանը, ապրիլի 24-ին, լույս 23-ի գիշերը ժամը 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը եւ «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը», համերգն էլ կղեկավարի գերմանաբնակ դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը:

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ապրիլի 24-ին, ժամը 19:15-ին Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմով հանդես կգան Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, այս համերգն էլ կղեկավարի Ռոբերտ Մլքեյանը:

«Այս միջոցառմանը նախատեսվում է դիվանագիտական պատվիրակությունների մասնակցությունը: Համերգը կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո»,-ասաց վարչապետի խորհրդականը:

Հավելեց, որ նախատեսվում են մի շարք այլ միջոցառումներ եւս, այդ թվում՝ ցուցահանդես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» խորագրով:

Նա տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին փակ կլինեն մի շարք ճանապարհներ՝ մասնավորապես Հաղթանակի կամրջից մինչև Լենինգրադյան փողոց ընկած հատվածը եւ այլ փողոցներ: Ապրիլի 24-ին առավոտյան 9-10-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ եւս ժամանակավորապես կսահմանափակվի՝ պաշտոնական պատվիրակությունների այցելությունների պատճառով:

Մարթա Այվազյան

ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Մարթա Այվազյանը նշեց, որ ԱԳՆ-ին կից գործող Մշակութային դիվանագիտության հարթակի կողմից կազմակերպվելու է ցուցահանդես, որը նվիրված է լինելու Արցախում մեր մշակութային եւ կրոնական հուշակոթողների եւ այլ արվեստի գործերի պահպանման խնդրին, ցուցահանդեսը կրելու է «Վտանգված ժառանգություն» խորագիրը, ընթանալու է Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում, մուտքը բաց է լինելու հանրության համար՝ Երեւանի պատմության թանգարանի կողմից:

Նա նշեց, որ կցուցադրվեն 100-ից ավելի լուսանկարներ, ձեռագործ կոթողներ, գրքեր, գորգեր, կարպետներ: «Այս պահին ունենք տասից ավելի երկրներից պատվիրակություններ՝ ներառյալ Ֆրանսիան, Ռուսաստանը, սակայն ես չէի ուզենա կոնկրետ երկրների անուններ տալ, որովհետեւ գործընթացը դեռ ավարտված չէ, կան պատվիրակություններ նաեւ ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ արեւելյան երկրներից»,-ասաց նա:

Ռոմելա Աբովյան

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով դեռեւս լարված իրավիճակ է, եւ օրական 800-1000 նոր դեպք է արձանագրվում, ինչը ծանրաբեռնում է առողջապահական համակարգը, առկա է նաեւ մահաբերության ցուցանիշի աճ: Նա ասաց, որ առողջապահության նախարարությունը հորդորում է փակ տարածքներում պահպանել նախարարի հրամաններով սահմանված բոլոր կանոնները, հնարավորինս չստեղծել կուտակումներ, բաց եւ փակ տարածքներում կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930