Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ապրիլի 12-19-ն անցկացվեց արդեն ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը: Ամենամյա ծրագիրը հագեցած էր մշակութային և կրթական միջոցառումներով:
Ազգային գրադարանային շաբաթը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված և գրադարանի նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսներով:
Գրական հանդիպումների շրջանակում կազմակերպվեցին Մարկ Լևիի և Հրաչյա Մանուկյանի գրքերի քննարկումները: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում (Զինվորի տուն) կայացավ արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորների հանդիպումը երիտասարդ գրող Դավիթ Սամվելյանի հետ. քննարկվեց նրա «հակաՔԱՂԱՔական» գործը:
«Տարվա հոբելյար» խորագրով անցկացվեցին միջոցառումներ նվիրված կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի 100, Ալեքսանդր Սպենդիարյանի 150 և գրող, մանկագիր Նանսեն Միքայելյանի ծննդյան 90-ամյակներին:
Կարդացեք նաև
Շաբաթի շրջանակում անցկացվեցին նաև տեսապատկերներով անգլերեն ինտերակտիվ խաղ-մրցույթ, երգերի կոլեկտիվ ունկնդրումներ, հեքիաթների ընթերցումներ դերասան Ստ. Շահինյանի կատարմամբ:
Իրականացվեցին փոխայցելություններ մայրաքաղաքի գրադարաններ:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան