«Ինչ եկել են իշխանության՝ պայքարում են դատական համակարգի դեմ։ Արդյունքում ստանում ենք այն, ինչ չպետք է ստանայինք։ Այս ամենն աբսուրդի կոմեդիա է հիշեցնում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահ լիազորությունների կասեցմանն ու նրա դեմ քրեական գործի հարուցմանը։
Գեւորգ Գորգիսյանը համոզմունք հայտնեց, որ «Իմ քայլը» չի թաքցրել Վարդազարյանի հանդեպ վերաբերմունքը․ «Գուցե կան քրեական գործի հիմքեր եւ գուցե մեկ տարի առաջ էլ կային, բայց կոծկեցին։ Չեմ կարող ասել։ Այստեղ ինստիտուտների խնդիրն է։ Ցանկացած բան կարելի է քանդել, հետո փորձել դա արդարացնել։ Եթե անհասկանալի մեխանիզմներով իշխանությունը փոխում է ԲԴԽ կազմը, ՍԴ-ի կազմը, հետո դա դուրս է գալիս իրենց դեմ՝ դա աբսուրդ է։ Նրանք չգիտեն ինչ են պետական ինստիտուտները։ Իրենք ուզում են լինի միայն Նիկոլ Փաշինյան, որը կասի՝ «գյադեք այս կողմ անցեք, գյադեք՝ այն կողմ անցեք»։ Չի կարելի։ Պետություն կա, ինստիտուտներ կան։ Այս մարդիկ ապիկար ինքնասիրահարվածներ են, որոնք ամեն օր երկիրը տանում են կործանման»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ