Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազի կնքահայր Հերբի Հենկոկն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն շնորհակալական նամակներ էին ուղարկել Երևան

Ապրիլ 19,2021 15:38

2011 թ-ից հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հենկոկի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 30-ը հռչակել է Ջազի միջազգային օր: Արդեն 10-ը տարի է Ջազի միջազգային օրվան միացել է նաև մեր երկիրը: Նախաձեռնության հեղինակը Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն է, նրա հետ զրուցել ենք 9 տարի շարունակ ապրիլի 30-ին ջազի սիրահարներին տոն նվիրելու նախաձեռնության, արված աշխատանքի, հաջողությունների մասին, և թե ինչպես է Ջազի միջազգային օրը 10-րդ անգամ նշվելու Երևանում:

-Պարոն Մովսեսյան ինչպե՞ս ստացվեց, որ 10-ը տարի առաջ Հայաստանը ևս միացավ Ջազի միջազգային օրվան:

-2011 թվականի աշնան վերջն էր, որ տեղեկություն տարածվեց, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշել է ապրիլի 30-ը հայտարարել ջազի միջազգային օր: Որպես երաժշտասեր մտածեցի ինչու ոչ, կարելի է այն նշել նաև Երևանում: Այդ ժամանակ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետն էի, առաջարկեցի քաղաքապետ Կարեն Կարապետյանին քաղաքապետարանի միջոցառումների ցանկում ամեն տարի ներառել Ջազի միջազգային տոնը՝ քաղաքին մշակութային ուրույն գույն տալու և երիտասարդներին ոգևորելու նպատակով: Ջազի միջազգային օրը նշելու հենց առաջին տարվանից էլ` 2012-ի ապրիլի 30-ից, Երևանը այդ ամսաթիվը դարձրեց ջազմենների ու ջազի սիրահարների հանդիպման անփոփոխ օր: Վայրն էլ որոշվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հարակից պուրակը /Կասկադի պուրակը/:

-Այս տարիների ընթացքում առիթներ եք ունեցել համոզվելու, որ աշխարհի տարբեր անկյուններում ապրում են նաև այնպիսի հայ ջազմեններ, որոնք բավականին հայտնի են ու սիրված:  ինչպե՞ս գտաք օրինակ Մակեդոնիայում ապրող հայտնի Թավիջյան եղբայրներին, որոնք մինչև այդ երբեք չէին եղել Հայաստանում:   

-Երբ առաջին անգամ տեսա Տիրան և Կարո Թավիջյան եղբայրների համերգը համացանցում, թե որքան մարդ էր ներկա և ինչպես էին ընդունում, շատ տպավորված էի, ոգևորված: Մենք ունեինք այդպիսի տաղանդավոր ջազմեն հայրենակիցներ, որոնց մեր երկրում նույնիսկ չէին ճանաչում: Կապվեցի նրանց հետ և սիրով համաձայնեցին գալ Հայաստան: Հենց Թավիջյան եղբայրներն էլ եղել են մեր առաջին միջազգային հյուրերը, որոնք եկան մակեդոնացի մի երաժիշտի հետ: Բավականին հետաքրքիր տրիո էր: Նրանց համար կարծես բացահայտում էր Հայաստանը, մենք փաստորեն նպաստեցինք, որ հայ երաժիշտները կապվեն հայրենիքի հետ, ճանաչեն այն: Երևան այցի ընթացքում նույնիսկ ցանկություն հայտնեցին կատարել Կոմիտասի գործերից` ջազային մշակումներով: Հրաշալի համերգ էր, ոգևորված գնացին: Ի դեպ Թավիջյանները հրաժարվեցին իրենց հոնորարից` նշելով, որ սա իրենց հայրենիքն է և չեն կարող գումարի դիմաց ելույթ ունենալ: Այդ հանդիպումը մեզ էլ ոգևորեց և որոշեինք, որ ամեն անգամ ապրիլի 30-ին պիտի պարտադիր արտերկրից մի երաժիշտ հյուր ունենաք:

-10-ը տարի է անցել և այդ ընթացքում Ջազի միջազգային օրը բազմաթիվ հայտնի ջազմեններ են եկել Երևան` Ռիչարդ Բոնանն, Չիկո Ֆրիմանը, դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբան, դաշնակահար, կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանը: Ինչպե՞ս էր հաջողվում նրանց բերել Հայաստան: 

-Հաջորդ հայտնի ջազմենը, որ եկավ Հայաստան, բասկիթառահար Ռիչարդ Բոնան էր: Նրա հետ բավականին երկար բանակցություններ էին ընթանում, քանի որ երբեք Հայաստանում չէր եղել և ծանոթ չէր մեր երկրին: Առաջին հանդիպումը եղավ «Yerevan Jazz Fest»-ի ժամանակ` 2015թ-ին, ապա դա առիթ դարձավ, որ հրավիրենք նաև Ջազի միջազգային օրը: Քանի որ շրջել էր Հայաստանում, ծանոթացել ճարտարապետական գոհարներին, հայկական խոհանոցին, ջերմ հյուրընկալությանը, մեկնելուց առաջ ասաց` չէր կարող պատկերացնել, որ այսպիսի փոքր երկիրը կարող է նման հարուստ մշակութային ժառանգություն ունենալ: Իր համար բացահայտել էր Կոմիտասի երաժշտությունը և թույլտվություն էր խնդրում Կոմիտաս կատարել: Երևանում  իր ելույթի ժամանակ ներկայացրեց Կոմիտասի «Լորիկը»՝ իր մեկնաբանությամբ: Աշխարհի լավագույն բասկիթառահարներից մեկը, որ ապրում է ԱՄՆ-ում, սիրահարվել էր Կոմիտասի երաժշտությանը: Այդպիսի տպավորությունից հետո դժվար չէր նրան Ջազի միջազգային օրը հրավիրել Երևան, այն դեպքում, երբ այդ օրը ջազ երաժիշտները բավականին պահանջված էին ամբողջ աշխարհում:

-Ով է ամենահայտնի ջազմենը, որը Ջազի միջազգային օրը Երևանում է եղել:

-Դա «Գրեմմիի» քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան է: Նրա հետ ևս ծանոթացել էինք «Yerevan Jazz Fest»-ի ընթացքում և երբ հրավիրեցի Ջազի միջազգային օրը Երևան, ասաց` գիտես այդ օրը մոտ 15 երկրից հրավեր ունեմ, բայց ես կգամ Հայաստան: Մեզ համար դա ցնցող լուր էր: Ես խոստացա այդ օրը համերգ կազմակերպել Արամ Խաչատրյան համերգասրահում, որից հետո նա Կասկադի պուրակում միացավ հայ ջազմեններին: Ի դեպ Գոնսալո Ռուբալկաբան աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկն է և նվագում է բացառապես Steinway & Sons տեսակի ռոյալի վրա /իր պայմանագրում նա միշտ նշում է այդ մասին/, դա նրա միակ պահանջն էր: Իհարկե Ա. Խաչատրյան համերգասրահում նա նվագեց Steinway & Sons ռոյալի վրա, սակայն այդ թանկարժեք գործիքը Կասկադի պուրակ անհնար էր տեղափոխել: Ես կարծում էի պուրակում համերգը կտապալվի, մեծ բազմություն էր հավաքվել, սպասում էին անհամբեր, նա ասաց` մի մտածիր, կնվագեմ: Ուսերիցս ծանր բեռ ընկավ:

-Այս բոլոր տարիների ընթացքում Երևանում Ջազի միջազգային օրը հատուկ տոնի է վերածվել: Գիտեմ, որ այդ հանգամանքը նկատել են անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Ինչպե՞ս են արձագանքել: 

-Այո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջազի գրասենյակը նկատել էր, որ ապրիլի 30-ին` Ջազի միջազգային օրը, բավականին ակտիվ նշվում է նաև Երևանում: Մեզ նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջազի գրասենյակի ղեկավար Հերբի Հենկոկի կողմից շնորհակալական նամակ ուղարկեցին: Շնորհակալություն էին հայտնում, որ Հայաստանը միացել է Ջազի միջազգային օրվան և այդպիսի շուքով է նշում` նպաստելով ջազի տարածմանը: Նշեմ, որ Երևանից բացի նաև Գյումրին էր միացել այդ տոնին: Ջազի հայկական ասոցիացիայի Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Մկրտիչ Մանուկյանը «Ջազը թանգարանների բակում» նախաձեռնությամբ 4 օր Գյումրիի թանգարանների բակերում ջազի համերգներ էր կազմակերպվում:

-Բազմաթիվ տաղանդավոր հայ երաժիշտներ են ելույթ ունեցել այդ օրը, սկսնակ երաժիշտներ կա՞ն, որոնք բացահայտում են եղել ձեզ համար:

-Ջազի միջազգային օրը Ջազի հայկական ասոցիացիան միշտ աշխատել է ելույթներում ներգրավել երիտասարդ կատարողների: Այդ առումով Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի հետ համագործակցությունը դարձել է ավանդույթ: Չեք պատկերացնի, թե նրանց ոնց է ոգևորում այդ հանգամանքը: Այդ երաժշտական դպրոցի պատանիների նվագախումբը այս տարի ևս ելույթ է ունենալու: Երիտասարդների ոգևորությունը շատ կարևոր է մեզ համար, նպաստել նրանց հաջողությանը նշանակում է հնարավորության տալ, որ վաղը ի հայտ գան նոր ու պահանջված հայ երաժիշտներ:

-Ինչպե՞ս պիտի Ջազի միջազգային օրը 10-րդ անգամ նշվի Երևանում:  Նախորդ տարիներին համաշխարհային աստղեր են եղել, ովքե՞ր ելույթ կունենան այս անգամ: 

-Այս անգամ Ջազի միջազգային օրը կնշենք ոչ թե Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հարակից պուրակում, այլ Սիրահարների այգում: Ջազի սիրահարները ջազի այգում կհանդիպեն բոլոր հայտնի հայ ջազմեններին, ելույթները միաժամանակ մի քանի հարթակներում կլինեն: Հանդիսատես-բեմ սահմանը չի լինի, երաժշտասերները հնարավորություն կունենան հանգիստ շփվելու իրենց սիրելի կատարողների հետ: Այս անգամ հաշվի առնելով Քովիդի համաճարակն ամբողջ աշխարհում, մեր երկրի իրավիճակը, արտերկրից հյուր չենք ունենա:  Ջազի սիրահարներին ապրիլի 30-ին ժամը 17:00 հրավիրում եմ Սիրահարների այգի` ներկա լինելու ջազի տոնին: Մուտքն ազատ է լինելու:

Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930