Լրահոս
Օրվա լրահոսը

Արջն ամբողջ կյանքում բանտարկված է եղել փոքրիկ վանդակում՝ զրկված արևի լույսից

Ապրիլ 19,2021 13:34

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) կողմից Հայաստանում իրականացվող Արջերի փրկության ծրագրի շրջանակներում ամենատխուր և հուզիչ պատմությունը, հավանաբար, Փիթեր անունով արջինն է։

Փիթերն ամբողջ կյանքում բանտարկված է եղել ինչ-որ մութ պահեստում այս փոքրիկ վանդակի մեջ՝ զրկված արևի լույսից։ Նրա կեղտոտ վանդակը պահվել է կատարյալ մթության մեջ և Փիթերն իր ողջ կյանքի ընթացքում չի հասկացել՝ ցերեկ է, թե՞ գիշեր։ Սա շատ ծանր հոգեբանական տրավմա է, որին ենթարկվել է արջը։ Այն, ինչի միջով ստիպված է եղել անցնել Փիթերը, շատ ցավալի և տխուր է․․․ ոչ մի կենդանի չպետք է ենթարկվի նման վերաբերմունքի, բայց, ցավոք սրտի, Հայաստանում դեռ այս ամենը շարունակվում է․ դեպքերի մեծամասնությամբ՝ արջերը վերցված են վայրի բնությունից։

Այժմ Փիթեր անունով արջը փրկված է և գտնվում է բարեկեցիկ պայմաններով ազատավանդակում, սակայն ՀՀ-ում դեռ կան արջեր, որոնք ևս գտնվում են վատ պայմաններում։

Ընդգծենք, որ արջերի փրկության ծրագրի շրջանակներում գործընկեր կազմակերպությունների ջանքերով ոչ բարեկեցիկ պայմաններից փրկվել են շուրջ 35 արջեր, ինչպես նաև ստեղծվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (WRC), որտեղ փրկված կենդանիները ապրում են պատշաճ սննդակարգով ապահովված և մասնագետների խնամքի ներքո։

Հիմնադրամի միջազգային գործընկեր IAR-ը իր BREAK THE CAGE արշավի շրջանակներում մեկնարկել է նաև ստորագրահավաք, որով նախատեսվում է խստացնել պատիժը ՀՀ-ում վայրի բնությունից արջ որսալու համար՝ internationalanimalrescue.org

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930