Պաշտպանության բանակ. «Ի պատասխան հայկական լրատվամիջոցներում լայնորեն տարածվող ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի՝ «Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը» վերտառությամբ գրությանը՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել հետևյալը. նախ՝ նշվածը իրականության հետ որևէ աղերս չունի:
Երկրորդ՝ իրականում Ռոբերտ Կարապետյանի ոչ թե «Արիության համար», այլ՝ «Մարտական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանը աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը:
Նախապես լ-տ Ապրեսյանը ցանկացել է մեդալը հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ վերջինիս հորը:
Զոհված զինծառայողների պարգևների հանձնման գործընթացը շարունակական է և այն իրականացվում է ոչ միայն զորամաս և ավելի բարձր օղակների հրամկազմի, այլև անմիջական հրամանատարների և մարտական ընկերների մասնակցությամբ:
Կարդացեք նաև
Կոչ ենք անում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները և զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելուց»:
Այս հերքումից հետո Հասմիկ Մարտիրոսյանը հավելյալ պարզաբանել է. «Պաշտպանության բանակը հերքել է իմ հրապարակումը և հայտարարել, թե իբր իմ գրածն իրականության հետ աղերս չունի:
Հերքումը տեսնելուց հետ ինձ հետ կապվել է զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի հայրը՝ Անդրանիկ Կարապետյանը, որը նաև զարմուհուս ամուսինն է։
Անդրանիկը խնդրեց իր խոսքերը առանց փոփոխության հրապարակել, ուստի գրում եմ․
«Մարտի 6-ին գիշերը ժամը 23։30-ին Հոկտեմբերյանի մոստի տակ պայմանավորվել են իմ հետ։ Եկել է մի հատ անծանոթ մարդ։ Ասել ա, որ իրենց սպաներից է, վկայական ենք պահանջել, վկայական ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա է եղել, թե չէ: Տուն գալու առաջարկ չի եղել։ Տարել եմ գերեզմանոց ու ասել եմ՝ դու սպա չես ու ինչ, որ բերել ես թող երեխու գերեզմանոցում, գնա»։
Դուք ասում եք, որ սպա է եղել: Ծնողն, ում փոխանցվել ա մեդալ, ասում ա՝ փաստաթուղթ չի ունեցել ու չգիտի՝ ով ա իրեն փոխանցողը։
Կեսգիշերին մոտ ծնողի հետ կապվելը նույնպես պարգևների հանձնման արարողակարգի բաղադրի՞չ է:
Ապշեցուցիչ է ուղղակի, որ 44 օր մարդկանցից ճշմարտությունը թաքցրած գերատեսչությունը փորձում է զոհվածի ծնողներին ու հարազատների հայտարարությունները կասկածելի համարել։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին իրենց զորակցության ու աջակցության համար, նաև լրատվամիջոցներին, ովքեր անտարբեր չեղան ու տարածեցին տեղեկությունը։