Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը կարող է հարձակվել խաղաղ բնակիչների վրա՝ բնաջնջելու միտումով». Միջազգային իրավունքի մասնագետ

Ապրիլ 19,2021 12:54

Օրերս Ադրբեջանում բացվել է «ռազմական ավարի պուրակ», ինչին արձագանքել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: «Հայատյացությունը՝ Ադրբեջանի պետական քաղաքականություն. Հայաստանի արձագանքը» թեմայով «Մեդիա կենտրոնի» առցանց քննարկման ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Տաթեւիկ Մանուկյանը նշեց, որ հայատյաց քաղաքականությունն Ադրբեջանում իրականացվում է տարիներ շարունակ, այն ունի ինստիտուցիոնալ բնույթ եւ հաստատվում է կոնկրետ ապացույցներով:

«Ինչպես 2020 թ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմի ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրեց, թե ինչպիսի հայատյաց քաղաքականություն է տիրում Ադրբեջանում, այնպես էլ հիմա է փաստում, որ այն շարունակվում է եւ արտահայտվում նոր դրսեւորումներով: Դրա վառ օրինակն էր Ադրբեջանում ապրիլի 12-ին բացված այսպես կոչված «ցուցահանդես-պուրակը», որը վերաբերվում էր 2020 թ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին:

Պուրակում հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ներկայացված էին հայկական զինված ուժերի ներկայացուցիչների, զինվորների կերպարներ, մանեքեններ՝ նվաստացուցիչ, արժանապատվությունը ոտնահարող տեսարաններով, եւ դա արված էր հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելու միջոցով, ինչն անթույլատրելի որակվեց Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:

Այս ամենն իրականացվեց ակնհայտ մեկ նպատակով՝ եւս մեկ անգամ հայ հասարակությանը հոգեկան տառապանք եւ ցավ պատճառելու, հատկապես զոհված զինվորների հիշատակը նսեմացնելու, անհետ կորածների ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը ոտնահարելու համար:

Նույն ցինիզմով ցուցադրված էին նաեւ Հայաստանի եւ Արցախի մեր հայրենակիցների անձնական իրերը, եւ այս ամենն արվում էր հայերի հանդեպ ադրբեջանական հասարակությունում նոր ատելություն գեներացնելու միտումով»,-նշեց Մարդու իրավունքների պաշտպանի օգնականը:

Տաթեւիկ Մանուկյանը հավելեց, որ ՄԻՊ գրասենյակն արձանագրել է, որ այդ «ցուցահանդեսում» պատկերված էին նաեւ գերիների կերպարներ, եւ այս քայլը հատկապես դատապարտելի է այն ֆոնի վրա, որ մինչ օրս Ադրբեջանը շարունակում է միջազգային պահանջների կոպիտ խախտումներով չվերադարձնել հայ գերիներին:

«Մարդու իրավունքների պաշտպանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հստակ ներկայացնելով այն հիմնական խնդիրները, շեշտադրումները, որոնք այս թշնամանքի ու ատելության հիմքն են, եւ տեղի ունեցած այն խոշտանգումներն ու վայրագությունները, որոնց ականատես եղանք 2020 թ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին եւ դրանից հետո»,-ընդգծեց նա:

Տաթեւիկ Մանուկյանը նշեց, որ այս ամենը մշտադիտարկման է ենթարկվել ՄԻՊ գրասենյակի կողմից, մշտադիտարկումները ցույց տվեցին, որ Ադրբեջանի նախագահի այդ նախաձեռնությունը մեծ խրախուսանքի է արժանացել ադրբեջանական հասարակության շրջանում:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի ձեւակերպմամբ, Ադրբեջանի այս քայլերի վերաբերյալ միջազգային արձագանքը գնալով կխստանա. «Եթե առաջնորդվենք ՄԱԿ կանոնադրությամբ, Ադրբեջանն արդեն իրենից վտանգ է ներկայացնում եւ սպառնալիք է միջազգային անվտանգությանը: Դա հիմք է, որպեսզի ՄԱԿ-ը եւ ՄԱԿ-ի անդամ պետությունները սկսեն հակազդել: Նրանք առայժմ սկսել են բավարարվել հայտարարություններով եւ արտակարգ լսումներով, իսկ ԵԽԽՎ-ն արդեն արտահերթ օրակարգում գերիների վերադարձի հարցն է ներառել:

Սա հիմնականում անհանգստացնում է միջազգային հանրությանը, որովհետեւ եթե ատելությունը դիտարկենք ատելության բուրգի հինգ աստիճանի ձեւաչափով, Ադրբեջանում դա արդեն չորրորդ աստիճանի վրա է: Դա համակարգված խտրականությունն է, համակարգված բռնություն, որից հետո գալիս է ցեղասպանությունը:

Միջազգային հանրությունն արդեն հասկացել է, որ սա վտանգավոր պետություն է, եւ եթե այսօր դեմը չառնեն, հաջորդը կլինի ցեղասպանությունը՝ հարակից տարածքում, օրինակ` Արցախում: Եվ եթե հանկարծ աշխարհաքաղաքական բալանս փոխվի, Ադրբեջանը կարող է հարձակվել խաղաղ բնակիչների վրա՝ ուղղակի բնաջնջելու միտումով: Ալիեւը հենց դրան էլ տանում է:

Ի տարբերություն դրա, մեզ մոտ խտրականությունը երկրորդ աստիճանի վրա է, այսինքն` հիմնականում կանխակալ ինչ-ինչ հայտարարություններով են հայերը սահմանափակվում, եւ որեւէ դեպքում չենք կարող ասել, որ ադրբեջանաֆոբիան Հայաստանում համակարգային բնույթ է կրում»:

Արա Ղազարյանի խոսքով. «Երբ հրապարակվեն պատերազմի հանցագործների վերաբերյալ փաստական տվյալներ, եւ եթե նախկինում Ադրբեջանը մի փոքր հնարավորություն ուներ այդ ամենը վիճարկելու միջազգային ատյաններում, որ իրենց մոտ համակարգված խտրականություն չկա, ապա այդ պուրակը բացելուց հետո արդեն որեւէ շանս չունի: Ալիեւն էլ է հասկանում, որ վաղուց կարմիր գիծն անցել է եւ չի կարող հետ գնալ, ուստի ստիպված պետք է առաջ գնա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930