Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանակի թվակազմը պետք է հասցնել 100-120 հազարի

Ապրիլ 19,2021 14:00
Mexak Gabrielyan

«Եռանախագահների փոխհամաձայնությամբ Հայաստանում տեղադրել նաեւ ԱՄՆ եւ Ֆրանսիայի ռազմական բազաներ, առաջարկել, որպեսզի այդ զորամիավորումները համալրվեն տվյալ երկրների ազգությամբ հայ քաղաքացիներից»,-«Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:

– Արդեն մոտ կես տարի է անցել պատերազմից, սակայն իշխանությունը գրեթե ոչինչ չի անում բանակը վերակառուցելու ուղղությամբ, մինչդեռ անվտանգության հարցն այսօր էլ մնում է խնդրահարույց: Ի վիճակի՞ է մեր բանակն այսօր ապահովելու պետության անվտանգությունը եւ տարածքային՝ մնացած մասի ամբողջականությունը:

– Դժվար է այդ հարցին միանշանակ դրական պատասխան տալը: Մեր իշխանությունը անհասկանալի կեցվածք է ընդունել: Տպավորություն ես ստանում, որ մենք ընդամենը ամիսներ առաջ չենք պարտվել, կորուստներ չենք ունեցել եւ ոչինչ պետք չի անել պարտության հետեւանքով ի հայտ եկած բացթողումներն ու թերությունները՝ պետության անվտանգությունն ապահովելու համար, արագ վերացնելու եւ կորուստները վերականգնելու, ժողովրդի ոգին բարձրացնելու, որպեսզի ծանր պարտությունը չդիտարկվի որպես պետության՝ պետականության վերջը, ինչպես այժմ ողբում են, ներկայացնում են եւ քարոզչություն են իրականացնում օտարերկրյա ծառայությունները՝ էլ ավելի թուլացնելով Հայաստանը ներսից: Սակայն, կարծում եմ, նույնիսկ այս վիճակում մեր բանակը ի վիճակի է լուրջ հակահարված հասցնել թշնամուն, բայց ինչո՞ւ իշխանությունը չի իրականացնում իր սրբազան պարտականությունը, միայն այն պատճառով, որ անկարողունա՞կ է, թե՞ այլ պատճառ էլ կա… Կարծում եմ, մինչեւ արտահերթ ընտրությունների արդյունքում կձեւավորվի նոր իշխանություն, պետք է բոլոր միջոցներով եւ եղանակներով հասարակությունը ճնշի եւ առաջարկություններ ներկայացնի պետության պաշտպանունակությունը բարձրացնելու համար:

– Ուշագրավ է, որ պատերազմի օրերից սկսած՝ աջակցության տարբեր առաջարկներ՝ թե մեր հայրենակիցների, թե օտարերկրացիների կողմից, համաձայն տարբեր խոսակցությունների, այդպես էլ անպատասխան են մնացել:

-Այո, իրականում այդպիսի բազմաթիվ առաջարկություններ են եղել, ըստ տարբեր տեղերից ստացված տեղեկատվության: Այս իշխանության կատարյալ անկարողության հետեւանքով այդ առաջարկությունները նույնպես, հիմնականում թողնվել է անպատասխան: Տպավորություն ես ստանում, որ դա կատարվել է մտածված: Քանի որ իշխանությունը շարունակում է նույն գործելաոճը, ուստի առաջարկս է բոլոր առաջարկությունների հեղինակներին՝ ընտրություններից հետո ձեւավորվելու է նորմալ, ազգային իշխանություն, որը անմիջապես ձեռնարկելու է Հայաստանի վերակառուցման գործընթացը: Ուստի պետք է բոլոր առաջարկությունների մասին հիշել եւ տեղեկացնել հաջորդ իշխանությանը:

– Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում ռուսներին ստիպեց հաշտվել թուրքական ազդեցության ընդլայմամբ, ինչի հետեւանքով Ադրբեջանն ամբողջովին մտավ թուրքական տիրույթ: Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան. հյուսիսից՝ թուրքական ազդեցության պետություն, իսկ հարավից, թվում է թե բարեկամ, սակայն համաշխարհային առումով լուրջ խնդիրներ ունեցող պետություն:

– Աշխարհում ավելի վատ պայմաններում գտնվող պետություններ կան, բայց կարողանում են ոչ միայն գոյատեւել, այլեւ զարգանալ: Մեր պետությունն այժմ հիմնականում օգտագործում է հյուսիսային պետության կոմունիկացիաները: Տարիներ շարունակ բազմապիսի առաջարկներ են արվել իշխանությանը՝ այդ կոմունիկացիաները արդյունավետ օգտագործելու համար: Հայաստանում տնտեսության զարգացումը կոմունիկացիաների պատճառով չի, որ առաջընթաց չի արձանագրել, դա բոլոր ժամանակների իշխանությունների մեղքով է եղել, քանի որ նրանք Հայաստանի ապագան ոչ միայն չեն պատկերացրել, այլեւ Հայաստանի շահերին դեմ են գործել՝ հանուն իրենց հարստացման: Մի քանի հարցադրում անեմ, օրինակ, ինչո՞ւ Հայաստանը Սեւ ծովում չունի լաստանավային բեռնափոխադրում պետության տնօրինությամբ, ինչո՞ւ Հայաստանը չունի օդային պետական բեռնափոխադրող ինքնաթիռակազմ: Ինչո՞ւ Հայաստանում արդյունաբերության զարգացման հիմքեր չեն դրվել. այդ ուղղությամբ ներկայիս իշխանությունը նույնպես ոչինչ չարեց եւ չի անում: Այսինքն, ազգային շահերը գիտակցելու եւ աշխատելու դեպքում եղած հնարավորությունների չնչին տոկոսն օգտագործելու դեպքում լուրջ հաջողություններ կարելի է արձանագրել, իսկ հետագայում բազմաթիվ նոր ուղիներ ի հայտ կգան:

– Պարոն Գաբրիելյան, բոլոր դեպքերում, Հայաստանի անվտանգության հարցը մնում է հիմնական խնդիրը, քանի որ դեռեւս թարմ է պարտության հիշողությունը: Ինչպե՞ս անել, որ ժողովուրդը վստահ լինի, որ Հայաստանի անվտանգությունն ապահովված է:

– Մենք խնդրին կմոտենանք երկու տեսանկյունից. սեփական ուժերի եւ ռազմավարական գործընկերների միջոցով լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի սեփական ուժերով ի վիճակի լինել ապահովել մեր անվտանգությունը: Այդ նպատակով առաջին հերթին պետք է վերակառուցել զինված ուժերը եւ այն համապատասխանեցնել Հայաստանի տարածքային պահանջներին եւ հաշվի առնելով վերջին պատերազմի դասերը, ինչպես նաեւ աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող պատերազմական գործողությունների արդյունքները, բանակային ստորաբաժանումները վերակազմավորել եւ դարձնել առավել մարտունակ: Մյուս կողմից, հաշվի առնելով թուրքական եւ ադրբեջանական բանակների թվաքանակը եւ կառուցվածքը, կարծում եմ մեր բանակի թվակազմը պետք է հասցնել 100-120 հազարի: Պետք է շատ կարճ ժամկետում վերապատրաստել պահեստազորայինների եւ ստեղծել 300 հազարանոց մարտունակ պահեստազոր, որոնք, անհրաժեշտության դեպքում, մի քանի օրվա ընթացքում պետք է համալրեն բանակը: Եվ եւս մեկ ուղղություն. սահմանամերձ բնակավայրերում՝ բնակիչներից, առանց հիմնական աշխատանքից կտրելու, պետք է ստեղծել մշտական գործող զորամիավորումներ (մոտավոր հաշվարկով մոտ տասը հազար մարդ)՝ համալրված հրազենային եւ զինտեխնիկայով, իսկ բնակավայրերը եւ նրանց մերձակա տարածքները հագեցնել ռազմատեխնիկական ինժեներական պաշտպանական կառույցներով՝ դարձնելով անառիկ ամրոցներ: Այս պարագայում մեր զինված ուժերը պատերազմի դեպքում ոչ միայն չեն պարտվի, այլեւ կհաղթեն եւ կարող եմ վստահորեն ասել, որ զոհերի թիվը նվազագույն կլինի: Իսկ ամենակարեւորն է՝ թելադրել մեր կամքը: Պատերազմի դեպքում մենք կարող ենք շուրջ 400 հազարանոց մարտունակ բանակ հանել մարտի դաշտ: Բայց այս տեսլականին հասնելու համար պետք է ունենանք ազգային իշխանություն, որը առանց վայրիվերումների եւ հախուռն, անմտածված քայլերի, կսկսի իրականացնել բոլոր առաջադրված գաղափարները, իհարկե՝ ընդգրկելով բանիմաց եւ նվիրված մարդկանց, ոչ թե դեղնակտուց, դեռեւս մասնագիտական հմտություններ չունեցող, սեփական պատմությունը եւ մշակույթը չիմացող, ամեն ինչին մատների արանքով նայող անփորձ երիտասարդների: Օրինակ, անհասկանալի է, ինչո՞ւ այդ ուղղությամբ տեսանելի ոչինչ չի արվում, չէ՞ որ հրադադար հաստատելուց անցել է հինգ ամիս: Ահա մեր իշխանության որակը:

– Իսկ ռուսական բաղադրիչը ի՞նչ վիճակում է մնալու Հայաստանի անվտանգության ապահովման գործում:

– Ռուսական բաղադրիչը Հայաստանի անվտանգության ապահովման գործում մնալու է կարեւորագույն բաղադրիչներից մեկը: Սակայն պետք է վերացնել այն բացթողումները, որոնք ի հայտ եկան ադրբեջանա-թուրքական վերջին զավթողական պատերազմի ժամանակ: Օրինակ, Հայաստանը ինչո՞ւ չպետք է օգտվեր Ռուսաստանի հետախուզական արբանյակներից կամ ինչո՞ւ ռուսական կողմը մեզ պայմանագրային հիմունքներով չի տրամադրել հետախույզ արբանյակ, կամ ինչո՞ւ ներկա պահին Հայաստանի օդուժը չի համալրվում «Ս-30» կամ ավելի նոր սերնդի բազմակի նշանակության ինքնաթիռներով, ինչո՞ւ մեր ռազմական օդուժում ներկայումս չպետք է լիներ տասի չափ էսկադրիլիա, որը արդեն կարող էր սարսափ առաջացնել թշնամու մոտ: Հանուն Հայաստանի, մեր իշխանությունը պետք է անհապաղ կատարի այս քայլերը՝ վճարումը իրականացնելով հետագայում, որը կիրառվում է ամբողջ աշխարհում, առավել եւս մեր պարագայում՝ ռազմավարական դաշնակցի հետ: Ռուսաստանի հետ պայմանավորվել՝ ռուսական բազաների մասին պայմանագրում փոփոխություն կատարել եւ ավելացնել զորամիավորման զինվորների քանակը (102 ռազմաբազայի ընդլայնման մասին հայտարարություն պաշտպանության նախարարն արել է-Ն. Գ)՝ այն համալրելով Ռուսաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիներով: Փոխել Ռուսաստանի հետ համապատասխան պայմանագիրը, որպեսզի Հայաստանը բացառիկ իրավունք ստանա Ռուսաստանից ստանալու նորագույն ռազմական տեխնիկա՝ հիմնականում հակաօդային պաշտպանության ոլորտի համար, Հայաստանում կազմակերպել այդպիսի համակարգերի արտադրություն եւ այլն: Մեր բոլոր ձախողումների համար կա մեկ մեղավոր՝ օրվա իշխանությունը:

– Պարոն Գաբրիելյան, իսկ այլ լրացուցիչ տարբերակներ չկա՞ն Հայաստանի անվտանգության աստիճանը բարձրացնելու համար:

– Իհարկե՝ կան: Առաջին հերթին պետք է աշխատել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ, որպես Մինսկի Խմբի համանախագահ պետություններ: Եռանախագահների փոխհամաձայնությամբ Հայաստանում տեղադրել նաեւ ԱՄՆ եւ Ֆրանսիայի ռազմական բազաներ, առաջարկել, որպեսզի այդ զորամիավորումները համալրվեն տվյալ երկրների ազգությամբ հայ քաղաքացիներից: Սա էլ է Հայաստանի անվտանգության ապահովման լրացուցիչ, բայց շատ կարեւոր բաղադրիչ:

Կա նաեւ էլ ավելի կարեւոր եւ հզոր միջոց, որից առ այսօր մեր բոլոր իշխանությունները, այդ թվում նաեւ ներկայիս, խուսափել են, դա 1920թ. ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճիռն է. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տարածքների վերաբաշխման, սահմանագծման, Հայաստանի տարածքների նկատմամբ Հայաստանի իրավասության հաստատումը, դրանով միջազգային հանրության կողմից ճանաչելով Հայաստանի տարածքների վավերականությունը: Մյուս փաստաթուղթը Սեւրի պայմանագիրն է: Այս միջազգային փաստաթղթերով երաշխավորված է նաեւ Հայաստանի անվտանգության ապահովումը: Նշյալ վճիռը, Հայաստանի՝ հայ ժողովրդի իրավունքների ամրագրումն է, որը նաեւ պարտադրում է միջազգային հանրությանը ապահովելու Հայաստանի անվտանգությունն ու անձեռնմխելիությունը: Հայաստանը պետք է մշակի միջոցառումների ծրագիր եւ լայնածավալ հարձակման անցնի իր այս իրավունքը միջազգային հարթակներում՝ ՄԱԿ, ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, Միջազգային դատարան, Եվրամիության հարթակ, ԵԱՀԿ եւ այլն, առաջ տանելու նպատակով, ինչպես նաեւ հասնել միջազգային առանձին կառույց ստեղծելուն՝ իրավարար վճռի իրականացման համար:

Այս նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է նախաձեռնող լինի եւ նրանում ընդգրկի հայ ժողովրդի ամբողջ կարողունակությունն ու կարողությունը: Կառավարությունը պետք է առանց հապաղելու, չսպասելով արտահերթ ընտրությունների անցկացմանը, ստեղծի հատուկ կառույց այս կենսական եւ Հայաստանի ապագայի կերտման առումով բացառիկ հնարավարությունը առաջ տանելու համար, ելնելով ներկայիս միջազգային բարդ եւ խառը իրավիճակից՝ մեր դարավոր իղձը իրականացնելու եւ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ թեկուզեւ ոչ ամբողջական: Արդեն հապաղելն անթույլատրելի է: Մյուս՝ ամենակարեւոր բաղադրիչը, արդյունաբերության զարգացումն է:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
17.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930