Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենամեծ անկումը «Գրանդ Տոբակո» ընկերությանն է՝ մոտ 9,2 մլրդ դրամ, նաեւ՝ Թեղուտ ընկերությանը՝ 3,13 մլրդ դրամ

Ապրիլ 19,2021 13:30
hark

100 խոշոր հարկատուները, 2020 թ. համեմատ, վճարել են 20 մլրդ դրամով քիչ հարկ

2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 260 մլրդ դրամ, ինչը 4,5%-ով պակաս է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից: Այս մասին տեղեկանում ենք «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի կատարած վերլուծությունից: Կենտրոնը դիտարկել է 1000 խոշոր հարկատուների կողմից 2021թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջե վճարված հարկերը: Հարկ է նկատել, որ 1000 հարկատուների ցանկում 2021-ին ներառվել են ոչ միայն տնտեսվարող սուբյեկտները, այլ նաեւ պետական կառավարչական հիմնարկները, այդ թվում՝ նախարարությունները, այլ գերատեսչություններ։

2021թ. առաջին 3 ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կրճատվել է նաեւ 10, 50 եւ 100 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը: Այսպես, 2021-ի հունվար-մարտ ժամանակահատվածում 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել 66,4 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ պակաս է 10 մլրդ դրամով կամ մոտ 12.7%-ով: 100 խոշոր հարկատուները, 2020թ. համեմատ, վճարել են 20 մլրդ դրամով քիչ հարկ: Ի հակադրություն վերը նկարագրվածի, որոշակի ավելացում է արձանագրել 1000 խոշորագույն հարկատուների ցանկի վերջնամասում տեղ զբաղեցնող ընկերությունների կողմից վճարված հարկերի մեծությունը: Այսպես, ցանկի վերջին հարյուրյակում գտնվող հարկատուների վճարումները 2021թ. հունվար-մարտ ամիսներին կազմել է 4.6 մլրդ դրամ` 2020-ի 4 մլրդ դրամի փոխարեն:

2021թ. հունվար-մարտ ամիսների արդյունքներով ՀՀ-ում գործող 42 ընկերություն վճարել է 1 մլրդ դրամից ավելի հարկեր: 2020-ին այդպիսի ընկերությունների թիվը 50 էր: Նույն կերպ, 2021-ի հունվար-մարտ ամիսների արդյունքներով, 100 ընկերության հարկային վճարումների գումարը գերազանցել է 500 մլն դրամը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդպիսի ընկերությունների թիվը 95 էր:

2021թ. առաջին երեք ամիսների արդյունքներով, 1000 հարկատուների ցանկում ընդգրկված ընկերություններից 121-ը վճարել է 50 մլն դրամից պակաս հարկ: 2020-ին այդպիսի ընկերությունների թիվը 167 էր: Ավելին, 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ներառվելու համար 2021թ. առաջին եռամսյակում պետք էր վճարել առնվազն 43 մլն դրամի հարկ, 2020-ին` 41 մլն դրամից մի փոքր ավելի:

2021-ի հունվար-մարտ ամիսների արդյունքներով, ՀՀ-ում 38 ընկերության պարագայում շահութահարկի վճարումը գերազանցել է 100 մլն դրամը, նախորդ տարի այդպիսի ընկերությունների թիվը 49 էր: Նույն կերպ, 140 ընկերության կողմից վճարված եկամտային հարկի մեծությունը գերազանցել է 100 մլն դրամը, նախորդ տարվա համեմատությամբ այսպիսի ընկերությունների թիվը չի փոխվել:

Մեկ այլ կարեւոր միտում է 1000 հարկատուների ցանկում ընդգրկված ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծության կառուցվածքում ուղղակի հարկերի (շահութահարկ եւ եկամտային հարկ) տեսակարար կշռի նվազումը: 2021թ. առաջին եռամսյակում 1000 հարկատուների վճարած հարկերի ընդհանուր մեծության 36%-ը կազմել են ուղղակի հարկերը: Նախորդ տարի այս ցուցանիշը 38.4% էր:

1000 հարկատուների ցանկի առաջին 100 ընկերությունների հարկային վճարումների ընդհանուր մեծության 34.4%-ը ուղղակի հարկերն են: 2020-ին այս ցուցանիշը եղել է 37.4%:

2021թ. առաջին երեք ամիսների արդյունքներով, 29 ընկերության ուղղակի հարկի վճարումները գերազանցել են 500 մլն դրամը: Նախորդ տարի այդպիսի կազմակերպությունների թիվը 40 էր:

2021թ. հաշվետու ժամանակահատվածում 100 մլն դրամը գերազանցող չափով ուղղակի հարկեր են վճարել մոտ 178 կազմակերպություններ, 2020-ին հանրապետությունում գործել է 182 այդպիսի կազմակերպություն:

Այսպիսով, 2021թ. հունվար-մարտ ժամանակահատվածում 1000 հարկատուների ցանկի առաջին հարյուրյակում տեղ զբաղեցրած միջին վիճակագրական ընկերության` ՀՀ պետական բյուջե կատարված հարկային վճարումների կազմն ու կառուցվածը որոշակիորեն տարբերվում է նախորդ տարիների պատկերից:

Առաջին 100-յակի միջին վիճակագրական հարկատուն 2021-ի առաջին եռամսյակում վճարել է 1.51 մլրդ դրամի հարկ (2020-ին` 1.7 մլրդ դրամ): Վերջին 100-յակի միջին վիճակագրական հարկատուն 2021թ. առաջին երեք ամիսների արդյունքներով վճարել է 46 մլն դրամի հարկ (2020-ին` 43.6 մլն դրամ):

1000 հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած մի շարք կազմակերպությունների կողմից հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծության դինամիկան 2020-2021թթ. ընթացքում հետեւյալն է. ընտրված թվով 50 կազմակերպությունների մոտ կեսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ որոշակիորեն ավելացրել են վճարված հարկերի մեծությունը։ Այստեղ կարելի է նշել հանքահումքային եւ հեռահաղորդակցության ոլորտների առաջատարներին, նաեւ՝ բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպություններին։

Դիտարկվող ժամանակահատվածում ամենամեծ անկումը «Գրանդ Տոբակո» ընկերությանն է՝ մոտ 9,2 մլրդ դրամ, նաեւ՝ Թեղուտ ընկերությանը՝ 3,13 մլրդ դրամ։ Նվազում գրանցած մյուս կազմակերպությունների պարագայում դրա չափը պակաս շոշափելի է։

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
17.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930