Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարն իրեն խաբված է զգում եւ հրաժարվում է ներդրումները շարունակել

Ապրիլ 19,2021 13:00

2019 թ. ամռանը Ռուսաստանի Դաշնության Կրասնոգորսկի բնակիչ, հայ գործարար Արարատ Տեր-Անտոնյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Հակոբ Գոզուբոյակյանի միջեւ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել Վաղարշապատ քաղաքում անասնապահական կերերի արտադրության ներդրումային նախագիծ իրականացնել: Պայմանավորվել են հիմնադրել ՍՊ ընկերություն, սահմանել ընկերության բաժնեմասերի չափերը, սահմանել կողմերի մեջ ՍՊ ընկերության հիմնադրման մասին պայմանագրով, իսկ անասնապահական կերերի արտադրության համար անհրաժեշտ գումարները ներդնելու է Արարատ Տեր-Անտոնյանը:

Կողմերի նախնական պայմանավորվածության համաձայն՝ անասնակերի արտադրություն իրականացվելու էր Էդուարդ Բաբայանին սեփականության իրավունքով, Վաղարշապատում գտնվող անշարժ գույքի վրա, որի վերաբերյալ հետագայում սահմանված կարգով նոտարական վավերցմամբ կնքվելու էր վարձակալության պայմանագիր՝ ընկերության եւ Էդուարդ Բաբայանի միջեւ:

Ինչպես մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ պատմում է Արարատ Տեր-Անտոնյանը, պայմանավորվածության բանավոր լինելու հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ Էդուարդ Բաբայանը գտնվել էր ՌԴ-ում եւ վերջինս հավաստիացրել է, որ Հայաստան գալուն պես կկնքի վարձակալության պայմանագիրը նոր ստեղծվող ընկերության հետ:

2019թ. օգոստոսի 12-ին Արարատ Տեր-Անտոնյանի, Գուրգեն Մարտիրոսյանի եւ Հակոբ Գոզուբոյակյանի միջեւ նոտարական կարգով կնքվել է «ԳՐԻՆՖԻԴՊՐՈԴԱԿՇՆ-ԱՐԱՐԱՏ» ԳԱԿ ՍՊ ընկերության հիմնադրման մասին պայմանագիրը:

Պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ կողմերը պարտավորվել են համատեղ ջանքերով ապահովել «Վաղարշապատ քաղաքում անասնապահական կերերի արտադրություն» ներդրումային նախագծի իրականացումը, նշյալ անշարժ գույքի վրա համապատասխան արտադրության հիմնումը:

Արարատ Տեր-Անտոնյանը, որպես հիփոթեքային վարկ, «Սովկովբանկից» ստացել է 4.000.000 ռուսական ռուբլի եւ 17.06.2019թ.-ից մինչեւ 15.08.2019թ.-ը՝ համաձայն պայմանավորվածության, ՌԴ-ից ՀՀ որպես ներդրումային գումար փոխանցել է պատասխանողներին՝ 36. 2 650 ԱՄՆ դոլար բանկային փոխանցմամբ եւ կանխիկ հանձնել է 300 000 ՌԴ ռուբլի գումար, որոնք կողմերի կնքած պայմանագրի 3.1.1 կետի համաձայն՝ պետք է ուղղվեին տարածքը անասնակերի արտադրության համար վերակառուցմանն ու անհրաժեշտ սարք-սարքավորումների ձեռքբերմանը:

16.08.2019թ.-ին ընկերությունը ստացել է պետական գրանցում, որի տնօրենը հանդիսանում է Արարատ Տեր-Անտոնյանը:
Ընկերության մասնակիցները հանդիսանում էին Արարատ Տեր-Անտոնյանը՝ 52 տոկոս բաժնեմասով, Գուրգեն Մարտիրոսյանը՝ 10 տոկոս բաժնեմասով, Հրաչյա Մայիլյանը` 30 տոկոս բաժնեմասով եւ Հակոբ Գոզուբոյակյանը` 8 տոկոս բաժնեմասով:

Տնօրեն Արարատ Տեր-Անտոնյանը ընկերության մյուս մասնակիցներից պարբերաբար պահանջել է հաշվետվություն իրականացված ծախսերի մասով եւ պահանջել է կնքել վարձակալության պայմանագիրը ընկերության հետ, սակայն ընկերության երկու մասնակիցները խուսափել են ներկայացնել հաշվետվություններ եւ ընկերության հետ կնքել վարձակալության պայմանագիր:

Իսկ 2019թ. նոյեմբերի 21-ին Արարատ Տեր-Անտոնյանը գրավոր դիմել է Էդուարդ Բաբայանին՝ նրա՝ Վաղարշապատում գտնվող անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ վարձակալության պայմանագիր կնքելու համար, սակայն պատասխան չի ստացել:
Արարատ Տեր-Անտոնյանը, մտավախություն ունենալով, որ փորձում են հափշտակել իր կողմից ներդրված գումարները եւ իրենք կազմակերպեն անասնակերի արտադրությունը, 2019թ. նոյեմբերի 28-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Մեզ հետ զրույցի ժամանակ Արարատ Տեր-Անտոնյանն ասաց, որ պարզել է` 2019թ. նոյեմբերի 22-ին Հակոբ Գոզուբոյակյանի եւ Էդուարդ Բաբայանի միջեւ կնքվել է վարձալակության պայմանագիր՝ Է. Բաբայանին պատկանող Վաղարշապատի հիշյալ անշարժ գույքի այն մասի վարձակալության վերաբերյալ, որտեղ անասնակերի արտադրության վերակառուցմանն ու անհրաժեշտ սարք-սարքավորումների ձեռքբերման նպատակով ներդրվել էին Արարատ Տեր-Անտոնյանի կողմից ուղարկված գումարները եւ որը, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է կնքվեր Էդուարդ Բաբայանի եւ ընկերության միջեւ:

Ի դեպ, հաղորդումն այդ ժամաակ ոստիկանության բաժին էր նախապատրաստել ճանաչված փաստաբան Վարդան Զուռնաչյանը, որը հետագայում մահացավ, եւ ըստ էության, այս գործով դատական գործընթացները` Վաղարշապատում եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Ինչպես է վարվել ոստիկանությունը: Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություն են տվել ընկերության բոլոր մասնակիցները, նրանք հայտնել են, որ գործարար Արարատ Տեր-Անտոնյանի կողմից ներդրված գումարները ծախսվել են վիճելի տարածքի վերակառուցման եւ անհրաժեշտ սարք-սարքավորումների ձեռքբերման համար:

Բավարարվելով դրանով` 2019թ. դեկտեմբերի 9-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննության խմբի ավագ տեսուչ Փ. Շմավոնյանի կողմից որոշում է կայացվել Արարատ Տեր-Անտոնյանի հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը Արարատ Տեր-Անտոնյանի կողմից բողոքարկվել է Արմավիրի մարզի դատախազին: Վերջինս էլ Արարատ Տեր-Անտոնյանի բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել:

Դատախազության պատճառաբանությունը հետեւյալն էր. Ա. Տեր-Անտոնյանի կողմից գումարներ չփոխանցելուց հետո Հ. Գոզուբոյակյանը իր կողմից ներդրում է կատարել եւ շինարարական աշխատանքները շարունակել, մինչ օրս մոտ 200.000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարվել, արտադրամասի շինարարությունը եւ կահավորումը դեռեւս շարունակվում է։ Հ. Գոզուբոյակյանը երբեք չի հրաժարվել Ա. Տեր-Անտոնյանի կողմից իրեն փոխանցված գումարներից, պարտավորվում է իրեն փոխանցված գումարները վերադարձնել, քանի որ Ա. Տեր-Անտոնյանը չի ցանկանում այլեւս ներդրում կատարել։ Գումարը վերադարձնելու ժամկետ են ասել. 2019թ. դեկտեմբերի 20-ը:

Գյուղատնտեսական ծրագրեր իրականացնող, 2014թ.-ից մինչ օրս Ագրոսիտրոպոնիքս-ՍՊԸ տնօրեն հանդիսացող Հ. Գոզուբոյակյանն ասել էր, որ իր եւ Է. Բաբայանի միջեւ, այո, վարձալակության պայմանագիր է կնքվել 2019թ. նոյեմբեր ամսին, քանի որ վերջինս ավելի մեծ գումարներ է ներդրել այդ արտադրամասի տարածքում, իսկ Գուրգեն Մարտիրոսյանը պարտավորվել է մշակել բիզնես ծրագիրը եւ ինքը բոլոր հարցերով աջակցել է այդ արտադրամասի հիմնադրմանը։

Հակոբ Գոզուբոյակյանը Արարատ Տեր-Անտոնյանին ճանաչում է 2019թ. օգոստոսից, ծանոթացել է ընկերների միջոցով։ Երբ 2019թ. հունիսին նրան հայտնել են, որ իրենց ծանոթ՝ Ա. Տեր-Անտոնյանը ցանկանում է, որ միասին կանաչ կերի արտադրամաս հիմնեն, որի ֆինանսավորումը կկազմակերպվի Արարատի կողմից, համաձայնել է լինել համահիմնադիրների ցանկում եւ կազմակերպել շինարարական աշխատանքները։ Բանավոր պայմանավորվածության համաձայն՝ Ա. Տեր-Անտոնյանը պետք է գումարները փոխանցեր իր անվամբ, որը եւ փոխանցվել է իրեն եւ ինքը արտադրամասի շինարարական աշխատանքները կազմակերպել է Էջմիածին քաղաքում գտնվող շինությունում, որը սեփականության իրավունքով պատկանում է Էդուարդ Բաբայանին։

Նա չէր հերքել, որ 2019թ. հունիսից մինչեւ 2019թ. օգոստոս ամիսը Ա. Մարտիրոսյանը իրեն փոխանցել է գումարներ եւ ինքը այդ գումարներով կազմակերպել է շինարարական աշխատանքները, իսկ տարածքի սեփականատեր Էդուարդ Բաբայանի հետ Հրաչյա Մայիլյանի միջոցով, չգիտես ինչու, դարձյալ բանավոր պայմանավորվել են, որ տարածքը կվարձակալեն եւ քանի որ նա այդ ժամանակ գտնվել է արտերկրում՝ շինարարական աշխատանքները սկսելուց վարձակալության պայմանագիր չեն կնքել, բավարարվել են բանավոր պայմանավորվածությամբ։
Ա. Տեր-Անտոնյանի ուղարկած գումարները ծախսել է շինարարական աշխատանքների համար, իսկ ընկերության աշխատակիցների հետ կնքել է պայմանագրեր:

2019թ. օգոստոսի 12-ին Ա. Տեր-Անտոնյանն այցելել է Հայաստան եւ միասին հիմնադրել են «ԳՐԻՆՖԻԴՊՐՈԴԱԿՇՆ-ԱՐԱՐԱՏ» ԳԱԿ ՍՊԸ-ն, որի համահիմնադիրներից եղել է նաեւ Գուրգեն Մարտիրոսյանը: Սակայն սեպտեմբեր ամսից Ա. Տեր-Անտոնյանը հրաժարվել է գումար ուղարկելուց, որի մասին իրեն հայտնել է իրենց ընդհանուր ծանոթը` Ա. Մարտիրոսյանը։ Ըստ Հակոբ Գոզուբոյակյանի, արտադրամասի շինարարական աշխատանքները շարունակելու համար միջոցներ են հայթայթել եւ ներդում կատարել այդ տարածքում ընդհանուր մոտ 150.000 ԱՄՆ դոլարի, որի մեջ չի մտնում Ա. Տեր-Անտոնյանի կողմից ուղարկված գումարները, իսկ աշխատանքների կատարման սկզբից վարձակալության պայմանագիր չի կնքվել Էդուարդ Բաբայանի հետ, քանի որ նա հիմնականում երկրում չի գտնվել, սակայն բանավոր պայմանավորվածություն է եղել:

Իսկ տարաձայնությունը սկսվել է այն բանից հետո, երբ Արարատը պահանջել է, որ տվյալ տարածքի վարձակալությունը ձեւակերպվի իր անվամբ:

Հակոբ Գոզուբոյակյանը բացատրություն տալիս հայտնել էր, որ բացի Արարատի կողմից մոտ 36.000 ԱՄՆ դոլար ներդրում կատարելուց, եւս մոտ 150.000 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարվել եւ եթե ցանկանում է, որ այդ տարածքը տրվի իրեն վարձակալության, ապա պետք է վճարի ներդրված գումարը, «ԳՐԻՆՖԻԴՊՐՈԴԱԿՇՆ-ԱՐԱՐԱՏ» ԳԱԿ ՍՊԸ-ի հիմնադրման պահին ունեցել է 38 տոկոս բաժնեմաս, սակայն 2019թ. նոյեմբեր ամսին Ա. Տեր-Անտոնյանի պահանջով տվյալ ընկերության իր մասնաբաժնից 30 տոկոսը նվիրատվությամբ հանձնել է Հրաչյա Մայիլյանին, ով ընդունել է այն։ Ներկայումս այդ ընկերության մասնաբաժնի իր բաժնեմասը կազմում է 8 տոկոս։ Արմեն Մարտիրոսյանը ստացական է գրել, որ պարտավորվել է Արարատի գումարները վերադարձնել 20.09.2019թ.-ից մինչեւ 20.12.2019թ.-ն ընկած ժամանակահատվածում:

«Գործարարի համար գիտեք ինչ է նշանակում գումար ունենալ մի տեղ եւ շրջանառության մեջ չդնելը: Ես պահանջում եմ, որպեսզի դատարանը արգելանք դնի արտադրամասի վրա, մինչեւ իմ գումարները վերադարձնելը»,-ասում է Արարատ Տեր-Անտոնյանը:
ՀՀ գլխավոր դատախազին էլ ուղարկած բողոքում նշվել էր, որ 2019թ. դեկտեմբերի 7-ին Վայբերով Էդուարդ Բաբայանը հայտնել է, որ 2019թ. հունիս ամսից բանավոր պայմանավորվածության համաձայն՝ Էջմիածնում գտնվող արտադրամասի շենքը վարձակալությամբ հանձնել է Հակոբ Գոզուբոյակյանին, քանի որ այդ ընթացքում գտնվել է ՌԴ-ում, իսկ հետագայում 2019թ. նոյեմբերի 22-ին 1 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր է կնքել Հ. Գոզուբոյակյանի հետ եւ պահանջել է, որ նա իր գործընկերների հետ ունեցած տարաձայնությունները հարթի, որից հետո ինքը պատրաստ է երկարաժամկետ վարձակալության պայմանագիր կնքել, ինչպես նաեւ նշել է, որ պատրաստ է ցանկացածի հետ պայմանագիր կնքել եւ իր համար էական չէ, թե տվյալ արտադրամասը ում կողմից կշահագործվի։
Երեկ դատական նիստ էր նշանակված Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: Ռուսաստանում գտնվող Արարատ Տեր-Անտոնյանին տեղեկացրել էին, որ նիստը հետաձգվում է դատավորի վերապատրաստման գնալու պատճառով, եւ նշանակվել է մայիսի 17-ին:
Արարատ Տեր-Անտոնյանն ասում է, որ անվերջ ձգձգում են դատական նիստերը, դատաիրավական քաոսի պատճառով ինքը չի կարողանում ներկա գտնվել իր անձնական բողոքների քննությանը:

Ընկերության անդամների հետ կապված պարզվեց հետեւյալը. «ԴԱՏԱԼԵՔՍ» տեղեկատվական կայքից պարզվել է, որ Հակոբ Գոզուբոյակյանի վերաբերյալ առկա է թվով 10 գործ, որտեղ վերջինս հանդիսանում է պատասխանող, ընդ որում՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հ. Շահնազարյանի նախագահությամբ, 22.04.2020թ. վճռել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հայցն ընդդեմ Հակոբ Գոզուբոյակյանի, Հրայր Անտոնյանի, Մուրադ Հակոբյանի՝ 5.218.403,55 ՀՀ դրամ գումարի, հաշվեգրվող տույժի գումարի բռնագանձման պահանջների մասին, բավարարել՝ Հակոբ Գոզուբոյակյանից, Հրայր Անտոնյանից, Մուրադ Հակոբյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապարտության կարգով բռնագանձել 5.218.403,55 ՀՀ դրամ գումար, որից 5.131.173,6 ՀՀ դրամ՝ որպես ժամկետանց գումար: Եվ այլ նմանատիպ գործեր:

Ուշադրության արժանի է այն, որ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի անունով ներկայացրած փաստաբանի բողոքը ուղարկվել է կրկին Արմավիրի մարզի դատախազություն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930