Ս․թ․ ապրիլի 17-ին Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում տեղի ունեցավ «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրության ավարտական էքսպոզիցիան:
Ցուցադրությունն իր տեսակի մեջ ամենամեծն էր Հայաստանում. ներկայացված էին ավելի քան 150 նկարիչների ու քանդակագործների մոտ 400 ստեղծագործություններ:
Հայաստանցի արվեստագետներից բացի ցուցադրված էին նաև հայազգի արվեստագետներ աշխարհի շուրջ 15 երկրներից՝ այդ թվում Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից։
«Ցուցադրությունն առանձնանում է թե գաղափարախոսությամբ, թե մասնակիցների ներգրավվածությամբ, թե ոճական բազմազանությամբ և թե ժամանակագրությամբ: Այն եզակի է նաև նրանով, որ մշակութային երկխոսություն է ստեղծում հայկական գրաֆիկական արվեստի դասականների և դեռևս կայացման փուլում գտնվող երիտասարդ արվեստագետների միջև՝ հնարավորություն տալով վերջիններիս մտնել կերպարվեստի շուկա, զարգացնել և արդիականացնել այն: Անկախ համավարակով և ապա պատերազմով պայմանավորված մարտահրավերներին՝ դեկտեմբերին կայացած ցուցադրության պաշտոնական մեկնարկից ի վեր թանգարան են այցելել ավելի քան 3500 արվեստագետներ և արվեստասերներ Հայաստանի տարբեր մարզերից և քաղաքներից, ինչպես նաև արտերկրից»,- նշում է «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի հիմնադիր, տնօրեն, ցուցադրության համադրող Արտուշ Մկրտչյանը։
Կարդացեք նաև
Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ Հայաստանում գործող կերպարվեստի տարբեր թանգարաններից, մշակութային հիմնադրամներից, ինչպես նաև ցուցադրված արվեստագետներ և արվեստասերներ։
Միջոցառման պաշտոնական բացմանը հաջորդեց քննարկում Հայաստանում գրաֆիկական արվեստի զարգացման ուղղությունների և հեռանկարների մասին։
Ցուցադրությանը ներկայացված հայկական դասական գրաֆիկայի ականավոր գործիչների շարքում են Հակոբ Կոջոյանը, Մինաս Ավետիսյանը, Գառզուն, Գրիգոր Խանջյանը, Գոհար Իսայանը, Հակոբ Անանիկյանը, Անժելա Սարգսյանը, Կամո Նիգարյանը և այլք։ Ժամանակակից արվեստագետներից են Սարգիս Համալբաշյանը, Արարատ Սարգսյանը, Արման Գրիգորյանը, Լիլիթ Նիկողոսյանը, Վահան Թոփչյանը, Արման Համբարձումյանը, Կեվորգ Քասաբյանը, Անի Հովակը և այլն։
Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Մայիսի 15-ին թանգարանը կներկայանա «Վերադարձ դեպի ապագա» նոր ցուցադրությամբ։
«Սթիլ»-ը առաջին և միակ գրաֆիկայի թանգարանն է Հայաստանում։ Այն պաշտոնապես իր դռներն է բացել 2019 թ. օգոստոսի 25-ին։ Թանգարանի շտեմարանը պարունակում է 17-21-րդ դարերի մոտ 6000 գրավյուրաներ, 300 հայկական դասական ու ժամանակակից արվեստագետների գրաֆիկական թերթեր, 1930-1960 թվականների խորհրդային ֆիլմերի մոտ 350 կինոաֆիշներ: Հավաքածուն համալրվել է մոտ 2000 խորհրդային ապակու հավաքածուով, որը եզակի է և միակը հետխորհրդային տարածքում:
«Սթիլ» գրաֆիկայի թանգարան