Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային գաղո՞ւթ

Ապրիլ 19,2021 12:30

Դիրիժորի եւ կոմպոզիտորի կարծիքները չեն համընկնում

«Առավոտի» ընթերցողների արձագանքները՝ հեռախոսազանգերը, էլեկտրոնային նամակները, հաճախ էլ մեր կայքում արված մեկնաբանությունները հնարավորինս անպատասխան չեն մնում։ Օրաթերթի այս տարվա ապրիլի 7-ի համարի՝ «Շոշափելի փոփոխություններ կլինեն, երբ մշակութային քաղաքականությունն առավել հստակ լինի» հոդվածի առնչությամբ հնչած բազմաթիվ կարծիքներում դոմինանտում էր այն միտքը, թե պետական մշակութային օջախներում հայ դասականների գործերը տարիներով «հերթի են դրվում» կամ, լավագույն դեպքում՝ դրանց անդրադառնում են երբեմն-երբեմն։

Օրինակ, կոմպոզիտոր Աշոտ Բաբայանը գրել է. «Անհրաժեշտ եմ համարում, որ կառավարությունը կարեւորություն տա Մշակութային օրենսդրության հիմունքների մասին օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետին, ուր նշված է՝ պահպանել ազգային մշակույթը, զարգացնել ու տարածել, որն անտեսվում է սիմֆոնիկ նվագախմբերի, օպերային թատրոնի եւ մյուս դասական համարվող կոլեկտիվների, խոշոր միջազգային փառատոների եւ ուսումնական հաստատությունների կողմից։ Հայ դասականների գործերը թողնելով ամենավերջին ձեւական տեղում, արդյունքում հասարակության կողմից մոռացվել են մեր դասականները։ Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային գաղութը եւ մեր ազգային ֆինանսական միջոցները ծախսվում են օտար մշակույթի վրա՝ ոչինչ չտալով ո՛չ մեր ազգային մշակույթին, ո՛չ հասարակությանը, ո՛չ պետբյուջեին»։

Ռուբեն Ասատրյանը՝ Կամերային նվագախմբի հետ կայացած համերգին

Հարգարժան կոմպոզիտորի գրառմանը հետեւեց դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Վահան Մարտիրոսյան) հերթական համերգը։ Հնչեցին երեք տարբեր սերնդի հինգ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մինչ համերգին անդրադառնալը մաեստրո Ասատրյանին հայտնեցինք կոմպոզիտոր Բաբայանի մտահոգությունը, ինչին ի պատասխան դիրիժորը նախ նշեց, թե անձամբ ղեկավարել է Բաբայանի մի քանի ստեղծագործություններ, առանձնացնելով «Վարիացիաներ Խաչատրյանի թեմայով» թավջութակի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար ու Կոնցերտ երկու թավջութակի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար, իր որակմամբ՝ բարձրարվեստ ստեղծագործությունները։

Ապա ասաց. «Եթե ստեղծագործությունը չի հնչում, նույնն է՝ թե այն ընդհանրապես չի էլ գրվել։ Ես մշտապես ասում եմ, որ ինչ-որ գրվում է մեր հեղինակների կողմից, միանշանակ պետք է կատարվի։ Մի կարեւոր բան պետք է ընդունել. մինչեւ չհնչի ստեղծագործությունը կամ ինչպես ընդունված է ասել՝ չհանձնվի հանդիսատեսի դատին, պարզ ասած՝ չի երեւա տվյալ երկի որակական հատկանիշները։ Իհարկե, այստեղ մեծ դերակատարում ունի կատարողը, ի վերջո՝ նրանից է կախված, թե տվյալ գործն ինչպես կընդունի հանդիսատեսը կամ կգնահատի մասնագետը։ Եղել են բազում դեպքեր, երբ բարձրակարգ ստեղծագործությունը կատարողի մեղքով ուղիղ ասած՝ չի հասել ունկնդրին, հավուր պատշաճի չի գնահատվել մասնագետների կողմից»։

Դիրիժորը մտաբերեց Ավետ Տերտերյանի հետեւյալ միտքը. «Կատարողը ավելին պետք է լինի, քան կոմպոզիտորը, քանի որ ստեղծագործողի ներաշխարհի կուտակումների արդյունքում է ստեղծվում գործը, կատարողը պետք է թափանցի այդ աշխարհ՝ վերհանելով այնտեղ ամփոփված մտքերը»։ Հարցին՝ բացառո՞ւմ է, ասենք, նվագախմբի գեղարվեստական ղեկավարի կողմից այս կամ այն կոմպոզիտորի հանդեպ անձնական վերաբերմունքի գործոնը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Պրոֆեսիոնալը նման կերպ չի կարող վարվել։ Ըստ էության ստեղծագործության լինել-չլինելը որոշում է ժամանակը։ Նույնն է, թե մեծանուն դերասան Ավետ Ավետիսյանը չխաղար Զիմզիմով, ասելով, թե այն բացասական կերպար է կամ Սոս Սարգսյանը հրաժարվեր Զամբախովից…»։

Զրույցի ընթացքում Ռուբեն Ասատրյանը հիշեց ժամանակին իր հիմնադրած «Ֆիլհարմոնիկի մենակատարներ» անսամբլը (1994-2000-ականների սկիզբ), որի նպատակը յուրաքանչյուր համերգին հայ կոմպոզիտորների գործեր հնչեցնելն էր, օրինակ՝ առաջին բաժնում հնչեցնել համաշխարհային դասականների գործեր՝ բարոկոյից մինչեւ կլասիցիզմ ու ռոմանտիզմ, իսկ երկրորդում՝ միայն հայ կոմպոզիտորների երկեր, այդ թվում՝ պրեմիերաներ։ Փաստեց, որ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին ոչ միայն համերգների, այլեւ փառատոների ձեւաչափով անդրադառնում են մեր պետական ֆիլհարմոնիկ եւ սիմֆոնիկ նվագախմբերը, կոմպոզիտորների միությունը։

Նշեց, որ ինքը նույնպես մասնակից է եղել միջոցառումներին. «Մեր դասականների ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հաճախ ղեկավարել եմ նաեւ արտերկրում՝ օտարազգի երաժիշտների կատարմամբ։ Այս պահին հիշեցի Ռուսաստանում կայացած երեկոներից մեկը, որտեղ ղեկավարեցի Սանկտ Պետերբուրգի պետական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Նիկոլայ Կոռնեւ), Պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը՝ հնչեցնելով Սոֆյա Միքայելյանի «Նարեկացի. Ձայն առ Աստված» սիմֆոնիկ կանտատը։ Մոսկվայում էլ մեկ երեկոյի ընթացքում ղեկավարել եմ Խաչատրյանի ու Տերտերյանի ստեղծագործություններից… բոլորը չես թվարկի։ Իհարկե, գործընկերներս նույնպես արտասահմանում բազմիցս ներկայացել են եւ մեր դասականների, եւ մեր ժամանակակիցների ստեղծագործություններով»։

Անդրադառնալով իր ղեկավարությամբ կայացած պետական կամերային նվագախմբի համերգին, պարոն Ասատրյանը որոշ մանրամասներ հաղորդեց. «Համերգին ըստ էության հնչեցին երեք սերնդի ներկայացուցիչների գործեր։ Ավագը՝ Լորիս Ճգնավորյան, Ստեփան Շաքարյան, հետո՝ Միխայիլ Կոկժաեւ, Էդվարդ Հայրապետյան, ապա Տաթեւ Ամիրյան։ Որպես մենակատարներ էլ հանդես եկան դաշնակահարներ Նարինե Ենգիբարյանը, Հայկ Մելիքյանը, ջութակահար Աստղիկ Վարդանյանը»։

Հարցին՝ դժվար չէ՞ր մեկ-երկու փորձով համերգ ունենալ, ներկայացնելով տարբեր ժամանակաշրջանների գործեր, դիրիժորը պատասխանեց. «Մոտ մեկ շաբաթ ենք աշխատել, իրականացրել ենք 5-6 փորձ։ Ճիշտ նշեցիք, իհարկե, բարդ էր մեկ երեկոյի ընթացքում ներկայացնել տարբեր բնույթի, ու ներաշխարհի ստեղծագործություններ, գումարած տարբեր ժամանակաշրջանները»։ Ռուբեն Ասատրյանը հավելեց նաեւ, որ օրինակ՝ Ճգնավորյանի «Սերենադը» Երեւանում հնչել էր 27 տարի առաջ, Կոկժաեւի ստեղծագործությունը՝ 2 տարի, Ամիրյանի գործը պրեմիերա էր եւ այլն։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այդ բոլորը ճի՛շտ է, հայ կոմպոզիտորները որևէ պահանջ չունեն Ռ. Ասատրյանից, Կ. Դուրգարյանից և էլի միքանիսից: Ավելին՝ բոլորն էլ շնորհակալ են: Իմ խոսքը, առաջին հերթին վերաբերվում է մեր դասականներին, հատկապես՝ Գ. Եղիազարյանին, Է. Հովհաննիսյանին և էլի շատերին, որոնց մասին մեր հասարակության (մինչև 40 տարեկաններ) մեծամասնությունը չի էլ լսել: (Փորձեք հարցում կատարել): Պետք է հայ երաժշտությանը շատ ավելի լուրջ վերաբերվել, այն նաև կհարստացնի պետ. բյուջեն, ինչպես որ մինչ օրս, եվրոպական դասականները հարստացնում են իրենց երկրների բյուջեն: Հայ երաժշտությունը սպառողից կարող է դառնալ հարստություն … Հետո՝ դեռևս ինչքա՜ն արժեքավեր գործեր կան, որ մնացել են թղթի վրա, հատկապես՝ մեծակտավ …

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930