Իշխանության մնալու մոլուցքը եւ ինքնապաշտպանության բնազդը գնալով Նիկոլ Փաշինյանին դարձնում են ավելի անկախատեսելի ու անկառավարելի, նա պոպուլիզմի, ամբոխահաճո հայտարարությունների, մարդկային զանգվածների գիտակցության մանիպուլյացիայի եւ իրավապահ մարմիններին իր եւ իր թիմի շահերին վարպետորեն ծառայեցնելու, սեփական ժողովրդի նկատմամբ բռնությունների կիրառման միջոցով դեռեւս շարունակում է պաշտպանել իշխանությունը եւ լինելով ոչ կոմպետենտ ու չունենալով երկրի ներսում ու դրսում վստահություն ու հեղինակություն, հսկայական վնաս է հասցնում տնտեսությանը, երկրի պաշտպանունակությանն ու հեղինակությանը:
Նա իր նպատակներին ցանկացած գնով հասնելու համար ճարպկորեն օգտագործում է ժողովրդի թույլ կողմերը՝ չտեղեկացված, մոլորված ու թշվառ վիճակը, իր ու իր կառավարության բոլոր ձախողումների պատճառը վարպետորեն քցելով նախորդների վրա, իսկ հանդիպումների գնում է այնտեղ, որտեղ ծափահարում են իր ասած անհեթեթություններին:
Նա ժողովրդին իշխելու համար կարողացավ նրա մի մասին դարձնել ամորֆ ու անսկզբունք զանգված, իսկ իրեն մատուցել որպես՝ երկնքից իջած ազգի փրկչի: «Ազգը, որը փրկությունը կապում է մեկ եզակի մարդու հետ, արժանի չէ ողորմության»,- ասել է 18-րդ դարի գերմանացի գրող Իոհան Գոտֆրիդ Զաիմեն:
Ցավալիորեն մեզանից շատերը անդրդվելիորեն ստրուկն են դարձել մեկի, ում անհասկանալի ինքնավստահության, թույլ տված սխալների եւ ապաշնորհ կառավարման արդյունքում ունեցանք օրհասական վիճակի հասցված երկիր: «Չկա ոչինչ ավելի ահավոր ու ավելի նվաստացուցիչ, քան լինել ստրուկը ստրուկի»,- գրել է Կառլ Մարքսը: Թերեւս հայ ժողովուրդը երբեք այսքան խաբված, նվաստացված, անպաշտպան, մոլորված, հուսահատ ու թշվառ, անելանելի եւ շփոթված վիճակում չի եղել, որքան այսօր: Իսկ սեփական ժողովրդի ստրկացումն ու նրա նկատմամբ բռնությունները այս իշխանություններին չեն հուզում, կարեւորն իրենց իշխանության ամրապնդումն է, ճոխությունները պետական բյուջեի հաշվին, պարգեւավճարներն ու վայելքները: Եթե մի ժողովուրդ դեռ չի գիտակցում, թե ինչ արեցին իր հետ սեփական իշխանավորներն ու վարչապետը, եթե դեռ չի սթափվել եւ խենթացել հազարավոր հրաշք երեխաների չարդարացված կորստից, իր ավետյաց հայրենիքը թուրքին հանձնելուց կամ հայ ռազմագերիներին խոշտանգելու, մեր մշակութային կոթողները պղծելու ու Ալիեւների՝ Շուշիում թեյ խմելու տեսարաններից, ուրեմն սա վերջն է, սա ազգային մեծագույն ողբերգություն է: Ի դեպ, անգամ ադրբեջանցի զինվորներ են ինքնասպանություն գործել, իրենց չներելով այս պատերազմում գործած դաժան մեղքերի համար: Գիտեինք, որ արժեհամակարգի հետ կապված խնդիր ունենք, որ դարերով չունենալով պետականություն, մեր գոյությունը պաշտպանելու համար դարձել ենք ստրկամիտ, քծնող, նյութապաշտ:
Կարդացեք նաև
Գիտեինք, որ մեր դժբախտությունների ու կորուստների պատճառը մեր ներսում, մեր հոգու խորքում պետք է փնտրենք, որ ինչպես Թումանյանը կասեր՝ մեր ներսը ցեցը կերած է, բայց չգիտեինք, որ այսքան անդեմ ենք, որ մեր մեջ ստրուկի ու դավաճանի այսքան տեսակ կարող էր լինել, որ մեր ժողովրդի մի զգալի հատվածը կարող է այսքան անտարբեր լինել հայրենիքի ու պետականության կորստի նկատմամբ, այս աստիճան միամիտ, խեղճ ու կրակ լինել, որ մի միջակություն կարող է նրան խաբել ամեն Աստծո օր, տանել պարտության, պետական ինստիտուտներ, հեղինակություններ, կոչումներ, պարգեւներ արժեզրկել, իշխանություն, ընդդիմություն, բանակ կազմաքանդել, բարոյականություն ու արժեհամակարգ անարգել ոչնչացնել:
Եվ որ մեր ժողովուրդը պատրաստ կլինի հանդուրժել այս ազգուրաց իշխանություններին, նույնիսկ նրանց կազմակերպած միտինգին մասնակցել կամ երթով Եռաբլուր ուղեկցել, աղ ու հացով կարող է դիմավորել նրանց առաջնորդին: Իսկ ոլորտը ձախողած եւ սրճարանում լրագրողի վրա հարձակվելու համար պաշտոնաթող եղած նախարարին անհասկանալիորեն կարող է ծափահարություններով ճանապարհել: Եզրակացությունը մեկն է՝ կամ մեր հոգին ու սրտերը քարացած են, կամ մենք բարոյականության հետ լրջագույն խնդիր ունենք: Մինչեւ նոյեմբերի 9-ը դեռ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, բայց դրանից հետո, երբ ամեն ինչ դարձել է բացահայտ, մեր այսպիսի պահվածքը պարզապես աններելի է ու անհասկանալի:
Այս կապակցությամբ Ջոն Քենեդին գրել է. «Ազգը իրեն դրսեւորում է ոչ միայն իր մարդկանց միջոցով, այլ նաեւ նրանով, թե ինչպիսի մարդկանց է նա պատիվներ պարգեւում, ինչպիսի մարդկանց է նա հիշում»: Այսքանից հետո ի՞նչ երեսով պետք է մարդամեջ մտնենք, երկիր ներկայացնենք եւ բանակցություններ վարենք տարբեր երկրների հետ: Այս ժողովուրդը այս կերպ պարզապես բռնել է իր տեսակի ու պետության ինքնաոչնչացման ճանապարհը: Մինչդեռ հայի տեսակը աշխարհում ընկալվել եւ նույնականացվել է ազնվականության, տաղանդի, խիզախության, աշխատասիրության ու ձեռներեցության հետ:
Աշխարհին Մաշտոց, Նարեկացի, Կոմիտաս, Արամ Խաչատուրյան, Վիկտոր Համբարձումյան, 4 մարշալներ, հանրահայտ գործարարներ եւ այլ շատ տաղանդներ տված եւ քաղաքակրթությանն ու մարդկությանը ահռելի ժառանգություն թողած ազգը անհասկանալիորեն, ցավոք, գավառական մակարդակից ավելի չի բարձրանում եւ այսօր տեղ է զբաղեցնում հետամնացների ու թույլերի շարքում, այս ազգը թույլ է տալիս, որ թե՛ ներսից, թե՛ դրսից իր հետ վարվեն՝ ինչպես կուզեն: Մենք աննախանձելի ու այս հիմար վիճակի հասանք առաջին հերթին կայացած պետական ինստիտուտներ չունենալու, ազգային արժանապատվության, պետական մտածողության, հայրենասիրության ու կամքի պակասի արդյունքում: Իսկ որոշ պետական ինստիտուտներ այդպես էլ չեն ուզում գիտակցել իրենց սահմանադրական գործառույթները եւ համառորեն շարունակում են սպասարկել մեկ մարդու քմահաճույքները:
«Ազգը, որը չի կարող կառավարել ինքն իրեն եւ ստրկության է տալիս իրեն սեփական ցանկությամբ, կստրկացվի նաեւ այլ տերերի կողմից, որոնց, սակայն, ինքը չի ընտրել եւ կծառայի նրանց ոչ թե ինքնակամ, այլ հակառակ իր կամքին»,-ասել է 17-րդ դարի անգլիացի պոետ Ջոն Միլտոնը: Հետխորհրդային Հայաստանում մարդկանց իշխելու համար պառակտեցին հասարակությանը, դարձրեցին տգետ, անինքնասեր, անսկզբունք, անդեմ, ստրկամիտ, նյութապաշտ, օտարեցինք ժողովրդին պետությունից, դարձնելով անտարբեր սեփական երկրի ու պետության նկատմամբ եւ դրա պտուղները հիմա քաղում ենք: Իսկ ոչինչ այդքան վտանգավոր չէ ցանկացած երկրի համար, որքան մարդկանց անտարբերությունը եւ ոչինչ այդքան չի փչացնում ժողովրդին, որքան վրեժխնդրությունը, ատելությունն ու չարությունը: Ի դեպ, եթե դու չես ուզում, որ քեզ նվաստացնեն եւ ստրկացնեն, ոչ մեկը չի կարող դա անել: Վառ օրինակ է սյունեցիների եւ շատ այլ հայորդիների պահվածքը, որոնք ազգային արժանապատվության յուրօրինակ վարքագիծ են ցուցադրում:
«Ազգը, որը չունի ազգային ինքնագիտակցություն, նման է գոմաղբի, որի վրա աճում են ուրիշ ժողովուրդները»,-գրել է 20-րդ դարասկզբին Ռուսաստանի կառավարության ղեկավար Պյոտր Ստոլիպինը: Այսպիսի տխուր, անելանելի, ողորմելի ու խառնաշփոթ իրավիճակում, որում մենք հայտնվել ենք, ենթադրում է, որ Հայրենիքի փրկության շարժումը պայքարի նոր լրացուցիչ մեթոդներ ու միջոցներ պետք է որդեգրի: Կարծում եմ՝ անհրաժեշտ է առանց հապաղելու կազմակերպել համայն հայության կուսակցական, եկեղեցական, զինվորական, կրթական-գիտական, մշակութային, գործարար էլիտայի հավաք եւ մշակել իրավիճակից դուրս գալու ազգային ծրագիր: Դա է թելադրում ստեղծված անելանելի վիճակը: Անհրաժեշտ է կազմակերպել պետական, քաղաքական, մշակութային, գիտության ու կրթության, գործարար շրջանակների հեղինակություն վայելող, առաջադեմ մարդկանց հանդիպումներ բոլոր բնակավայրերում, արթնացնել մարդկանց, բացատրել նրանց իրավիճակի լրջությունը, ներկայացնել մեր երկրին սպառնացող վտանգները եւ միասին քննարկել դրանից դուրս գալու ուղիներ: Արթնացնել է պետք մարդկանց, թուրքի հետ սիրախաղը վատ կանխազգացում է առաջացնում, մենք այս կերպ կամավոր գնում ենք մի նոր ցեղասպանության ու հայրենիքի ամբողջական կորստի ճանապարհով: Վերջերս որպես ականատես մի ծեր հովիվ է ինձ պատմել, որ երբ գայլերի ոհմակը ընկնում է ոչխարի հոտի մեջ, ոչխարները հիպնոսացվածի նման հետեւում են գայլերին եւ սկսում են սիրախաղ տալ իրենց հոշոտողների հետ: Դա թույլի ու խեղճի հատկություն է: Իսկ երկրագունդը հիվանդանոց չէ, այնտեղ տեղ չունեն թույլերն ու ոչ կենսունակները:
Այս վիճակը մեզ համար համազգային աղետ է: Աշխարհը մեզ է նայում, այս վիճակը մեզ պատիվ չի բերում, Հայաստանը զավեշտի թատրոնի ենք վերածել, ծիծաղելի վիճակում ենք հայտնվել: Իսկ անամոթությունն ու զավեշտը նույնիսկ հասել է այնտեղ, որ այս իշխանությունները երկիրը կործանման եզրին հասցնելուց հետո անգամ, դեռ ընտրություններին մասնակցելու ու հաղթելու մասին են մտածում: Եթե իշխանությունները իրատես լինեն, կհասկանան, որ պետք է հեռանան անվերադարձ, որ ընտրություններում անգամ 100 տոկոս ձայն ունենալու դեպքում իշխանության մնալու հեռանկար չունեն, որ իշխանությունը կարող են հետաձգել եւս մի քանի ամիս՝ ընդամենը մինչեւ պետության լիակատար վախճանը: Պետությունը հոգեվարքի մեջ է, երկիրն օր օրի ավելի է գլորվում մղձավանջի հորձանուտը: Հայաստան պետությունն էլ նման է օվկիանոսում քամու քմահաճույքին հանձնված առագաստանավի, իսկ վարչապետը մահապարտ է, նա այլեւս կորցրել է իրականության զգացողությունը, նա նման է ջրում խեղդվող մեկին, ով իր հետ ամբողջ աշխարհն է ուզում տանել: Եթե Աստված մի արասցե, ունեցանք պետականության կամ հայրենիքի կորուստ, ապա այն ծանրացած է լինելու կուսակցությունների, եկեղեցու, մտավորականության, զինվորական հրամանատարության եւ առաջին հերթին իրավապահ մարմինների պատասխանատուների խղճի վրա, իսկ ստրուկի հետ չի կարելի հույսեր կապել, ստրուկը չի կարող պատասխանատվություն կրել երկրի համար, նա չունի հայրենիք ու արժանապատվություն, նրա համար միեւնույն է, թե ով է լինելու իր տերը՝ թուրքը, թե՝ հայը: Նրան չի կարելի մեղադրել, նա մեր ազգի ողբերգությունն ու խարանն է, նրան մենք ենք այդպիսին դարձրել, նրա գոյությունը մեր ցավոտ վերքն է: Իսկ մենք ժողովրդավարությունը հաճախ չենք տարբերում ամբոխավարությունից եւ մեր դժբախտություններից մեկն էլ այն է, որ այդպես էլ չկարողացանք ձեւավորել ազգի ընտրանի, եւ որ երկիրը ղեկավարում են ոչ թե որակյալ փոքրամասնությունը՝ ընտրանին, այլ ամբոխի ու փողոցի ներկայացուցիչները:
Հին հույն փիլիսոփա Պլատոնն այն կարծիքն է արտահայտել, որ. «Պետությունները արդար են, երբ կառավարիչները կառավարում են, աշխատավորներն աշխատում են, իսկ ստրուկները մնում են ստրուկ»: Դեռ ամեն ինչ վերջացած չէ եւ կարծում եմ իմաստությունն ու խոհեմությունը վերջնականապես չեն լքի հային եւ իրավիճակից դուրս կգանք արժանապատվությամբ: «Չկա այնպիսի ազգ, որը չկարողանա վերածնվել»,- գրել է Ադոլֆ Հիտլերը:
Իսկ վերածնվող Հայաստանի գլխավոր պայմանը առողջ, բարոյական բարձր արժեքներ կրող հասարակություն ունենալն է եւ մեր բոլորիս՝ ապագա կառավարության, մտավորականների, եկեղեցու, մամուլի, հեռուստաընկերությունների, կրթության, մշակույթի ոլորտի առաջնահերթ խնդիրը պետք է լինի հայի երբեմնի ազնվական կերպարի վերականգնումը, նոր արժեհամակարգի եւ բարոյական միջավայրի ձեւավորումը, օրինականության ու արդարության հաստատումն ու արժանապատիվ քաղաքացու դաստիարակումը, ինչը երկարատեւ եւ հետեւողական աշխատանք է պահանջում:
Մենք կարող ենք դա անել, մենք Աստծու կողմից տրված եզակի շնորհներ ունեցող ազգ ենք, մենք արժանի ենք ունենալու լավ երկիր եւ ապրելու մարդավայել ու արժանապատիվ: Կարող ենք, սակայն պետք է շտապել, ժամանակը մեր դեմ է աշխատում:
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու
«Առավոտ» օրաթերթ
17.04.2021