Տանը թթխմորով հաց պատրաստելը ամենեւին էլ բարդ չէ, փոխարենը շատ համեղ է, առանց վնասակար հավելումների, առանց խմորիչի:
Թթխմորով հաց պատրաստելու համար անհրաժեշտ է ունենալ թթխմոր, ալյուր եւ ջուր, ինչպես նաեւ՝ թուջե կաթսա: Եթե ուզում եք համային առավել հետաքրքիր, ինչպես նաեւ՝ ավելի օգտակար հաց ստանալ, ալյուրը կարող եք վերցնել ոչ թե բարձր կարգի, այլ՝ ամբողջահատիկ: Կարող եք վերցնել ալյուրի մի քանի տեսակներ:
Ընդհանուր առմամբ մեկ հաց ստանալու համար հարկավոր է վերցնել 500 գ ալյուր, 400 մլ ջուր եւ 70-75 գրամ թթխմոր: Ես սովորաբար վերցնում եմ 300 գրամ բարձր տեսակի ալյուր, 100 գրամ 2-րդ կարգի ալյուր, 100 գրամ տարեկանի ալյուր: Երբեմն 100 գրամ տարեկանի ալյուրի փոխարեն վերցնում եմ 50 գրամ տարեկանի ալյուր եւ 25-ական գրամ ցորենի թեփ եւ հնդկացորենի կամ հաճարի ալյուր: Անհրաժեշտ է նաեւ 1 ճաշի գդալ աղ եւ 1 ճաշի գդալ չաղացած համեմունքներ: Ես պատրաստել եմ համեմունքների խառնուրդ, որում հավաքել եմ համեմի, սամիթի, մանանեխի, կանեփի սերմեր, սեւ եւ սպիտակ քունջութ:
Պետք է նշել, որ թթխմորով հաց պատրաստելը բավականին ժամանակատար է: Ես սովորաբար հացի պատրաստումը սկսում եմ այն պահին, երբ տեսնում եմ, որ տանը մնացել է հացի ընդամենը մեկ քառորդը:
Կարդացեք նաև
Սկզբում սառնարանից հանում եմ թթխմորը: Այն պահվում է ապակյա տարայով: Ըստ էության տարայի մեջ լինում է երկու ճաշի գդալ թթխմոր: Մեկ գդալը վերցնում եմ, լցնում մեկ այլ ապակյա տարայի մեջ: Հին տարայի մեջ լցնում եմ 1 ճաշի գդալ տարեկանի ալյուր, 1 ճաշի գդալ ջուր, լավ խառնում, փակում բերանը, դնում սառնարան: Նոր տարայի միջի թթխմորին ավելացնում եմ մեկ ճաշի գդալ ցորենի 2-րդ կարգի ալյուր, մեկ ճաշի գդալ ջուր, լավ խառնում եւ դնում պահարանի մեջ:
Խորը ամանի մեջ լցնել ալյուրի տեսակները՝ ընդհանուր առմամբ 500 գրամ եւ ջուրը՝ 400-450 մլ, լավ խառնել, ծածկել սրբիչով եւ դնել պահարանի մեջ:
2-3 ժամից, երբ թթխմորը կրկնակի կամ եռակի մեծացած կլինի ծավալով, այն լցրեք ալյուրի եւ ջրի խառնուրդի մեջ: Լավ խառնեք եւ դրեք եւս 2-3 ժամով հանգստանալու: Երբ ժամանակը լրանա, ավելացրեք 1-ական ճաշի գդալ աղ եւ համեմունքներ: Կարող եք ավելացնել նաեւ դդումի եւ արեւածաղիկի սերմեր: Լավ խառնեք, ծածկեք սրբիչով, էլի դրեք հանգստանալու: Եվս 3-4 ժամից կրկին խառնեք, դրեք եւս 3 ժամ հանգստանալու:
Թուջե կաթսայի հատակին լցրեք 2 ճաշի գդալի չափ եգիպտացորենի ալյուր կամ մանրաձավար: Խմորը լցրեք կաթսայի մեջ: Ձեռքը լավ թրջեք, թաց ձեռքով խմորը հարթեցրեք, ապա մատներով խմորի մեջ անցքեր արեք: Կափարիչով փակեք եւ դրեք 6-12 ժամ հանգստանալու: Սա վերջին էտապն էր:
Ջեռոցը տաքացրեք 250 աստիճան: Կափարիչը փակ կաթսան դրեք ջեռոցը: 20 րոպեից հանեք կափարիչը, իսկ ջերմաստիճանը իջեցրեք մինչեւ 200 աստիճան: Թողեք ջեռոցում եւս 40-45 րոպեով: Ընդհանուր առմամբ պետք է եփվի 60 րոպե: Կարող եք 30 րոպե փակ կափարիչով եւ 30 րոպե բացով եփել: Նաեւ շատ կարեւոր է, որ ջեռոցն անջատելուց հետո ամենաքիչը 2, իսկ շատ ավելի լավ է 4 ժամ հացը մնա ջեռոցում:
Պատրաստման մանրամասները եւ նրբությունները դիտեք տեսանյութում:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ