Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է կառավարենք թշնամանքը. գործիքակազմը տարբեր է»

Ապրիլ 19,2021 14:30

Անցնող շաբաթ ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի խնդրանքով պատասխանեց հարցին՝ «թուրքերը մեր թշնամի՞ն են, թե ոչ»։ «Իրենք էլ մեզ են թշնամի համարում։ Հարցն ուրիշ տեղում է՝ այս թշնամության հետ ի՞նչ ենք անելու։ Ինչքա՞ն ենք էսկալացնելու թշնամությունը… խնդիր ենք դնում, որ մենք իրենց ոչնչացնենք, իրենք էլ՝ մե՞զ։ Ոչ, կարծում եմ՝ նման խնդիր չպետք է ձեւակերպենք։ Բայց իրենք էլ չպետք է ձեւակերպեն նման խնդիր։ Մենք չենք կարող միակողմանիորեն որոշել, որ իրենք թշնամի չեն»,-մասնավորապես ասաց Նիկոլ Փաշինյանը։ Սրանից որոշ ժամանակ առաջ էլ նա, անվտանգության խորհրդի քարտուղարը եւս համոզմունք էին հայտնել, որ տարածաշրջանի հանդեպ մեր վերաբերմունքը պետք է փոխենք։

Ապրիլի 16-ին խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ճեպազրույցի ժամանակ «Առավոտը» վերջինիցս հետաքրքրվեց՝ ՀՀ-ն ինչպիսի՞ ապագա ունի երկու թշնամի պետությունների հետ հարաբերությունների համատեքստում, որոնք պետական մակարդակով հովանավորում են հայատյացությունը, մինչդեռ, օրինակ, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը կարծում է, որ գուցե հիմա լավ շանս կա, որպեսզի Թուրքիայի հետ թշնամանք չլինի։ Վաղարշակ Հակոբյանը նշեց. «Այո, մենք մի տարածաշրջանում ենք, որտեղ երկու կողմից մեր հարեւանները ՀՀ պոտենցիալ թշնամիներն են։ Մենք չենք կարող վեր կենալ ու հեռանալ տարածաշրջանից։ Այս համատեքստում պետք է հասկանանք, թե ոնց ենք հարաբերվում մեր հարեւանների հետ, հարաբերվո՞ւմ ենք, թե չենք հարաբերվում, ինչպե՞ս ենք առաջ շարժվում, որովհետեւ տարածաշրջանային դիրքը փոխելն անհնար է, դատապարտված ենք ապրելու եղած հարեւանների հետ»։

Պատգամավորի խոսքով՝ ոչինչ չի փոխվելու, եթե չկարողանանք կայացնել մեր պետությունը եւ դարձնենք այն մրցունակ, եթե մեր ձայնը միջազգային հարթակներում չդարձնենք լսելի. «Մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք կառավարում այն հարաբերությունները, որոնք այսօր կան կամ չկան։ Խոչընդոտներ ունե՞նք, թե ոչ»։

Վաղարշակ Հակոբյանը հիշեցրեց, որ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ չկան, ուստի չի կարելի խոսել, օրինակ, թուրքական կապիտալի՝ ՀՀ-ում հաստատվելու մասին. «Երբ լինի, այդ ժամանակ կզրուցենք։ Եթե լինի… բայց այս պահին նման բան չկա, օրակարգում էլ չկա»։

Նիկոլ Փաշինյանը նաեւ ակնարկել էր. «Անգամ փոխադարձաբար մենք չենք կարող որոշել, որ թշնամի չենք, որովհետեւ պատմականորեն մենք թշնամի ենք։ Հարցն այն է, թե ինչ ենք անում հետո, ինչպե՞ս ենք կառավարում այդ թշնամությունը։ Որոշակի շրջանակի մեջ ենք դնո՞ւմ թշնամությունը, թե թողնում ենք, որ այն դառնա անկառավարելի»։ Հետաքրքրվեցինք՝ Վաղարշակ Հակոբյանի գնահատմամբ, ի՞նչ է մեզանից հասնում անել այն դեպքում, երբ հարեւան երկու պետություններում հայի հանդեպ թշնամանքը սերմանվում է օրորոցից։ Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Պետք է կառավարենք թշնամանքը»։ Հարցին, թե ինչպես, նա պատասխանեց. «Գործիքակազմը տարբեր է, եւ այստեղ շատ մեծ անելիք ունեն ԱԳՆ-ն, խորհրդարանական դիվանագիտությունը եւ միջազգային կառույցների մեր գործընկերները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930