Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին խորհրդարանում հայտարարեց, որ առաջին նախագահը 2018 թվականի հուլիսին իրեն ասել է՝ «հողերը արդեն պետք է տաս»։
«Ազատությունը» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ընթացքում նաև այս թեմայով զրուցել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ:
«Ազատություն». – Մի հարց կուզենայի ձեզ ուղղել, որը վերաբերում է այս շաբաթ Ազգային ժողովում հնչած Նիկոլ Փաշինյանի մի հայտարարության. նա, մասնավորապես, ասաց, որ «2018 թվականի ամռանը առաջին նախագահի հետ հանդիպում է եղել, և գաղտնիք բացեմ՝ ինչ է ասել ինձ Տեր-Պետրոսյանը 2018 թվականի հուլիսին, ասել է՝ հողերը պետք է տաս»:
Լևոն Զուրաբյան. – Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի ղեկավարը ստախոս է, որովհետև նման բան չի եղել, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը դա շատ կատեգորիկ ձևով է ասում: Դա բացարձակ սուտ է, դա չի համապատասխանում իրականությանը, նման բան չի եղել:
Կարդացեք նաև
Հայոց պետության ղեկավարի ստելու այդ կարողությունն իրականում ազգային անվտանգությանը վտանգ է ներկայացնում, որովհետև այդ նույն ոճը նա գործածում է ոչ միայն ներքին քաղաքական հանդիպումների ժամանակ, այլ նաև արտաքին քաղաքական հանդիպումների ժամանակ և այն աղետալի հետևանքները, որ մենք ունենք դիվանագիտության մեջ, այս պատերազմի մեջ, որոշ մասով կապված են նաև իր անվստահելիության հետ և պայմանավորվել չկարողանալու իր այդ որակի հետ և ընդհանրապես բավականին լուրջ համակարգային արատների հետ, որ իր կառավարումն իր մեջ պարունակում է:
Ինչ վերաբերում էր իր պնդմանը, կոնկրետ ասում ենք՝ սա բացարձակ սուտ է: Մենք առաջարկում ենք՝ եթե ինքը իր վարկը ցանկանում է փրկել, թեև արդեն այդ վարկը փրկել ոչինչ չի կարող, ուղղակի բերել որևէ ապացույց, առավել ևս, որ ինքը ասում է մեջբերում, սա նշանակում է, որ ինչ-որ ձևով կարող է ապացուցել, որ նման բան ասվել է: Մենք առաջարկում ենք բերել որևէ ապացույց, որ Տեր-Պետրոսյանը ընդհանրապես նման բան ասել է: Ոչ, դա սուտ է, սխալ է, նման բան չկա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում