Լրահոս
Օրվա լրահոսը

«6-րդ զգայարանով զգում եմ, որ հավատավոր հոտին տանջող այս հարցերը Դուք տվել եք նաև Արայիկ Հարությունյանին»․ Միքայել Մինասյանի բաց նամակը Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Ապրիլ 18,2021 21:15

Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան ռազմական ուխտում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը

«Բաց նամակ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Վեհափառ Տե՛ր, Մայր Աթոռի մամլո դիվանից և մամուլից տեղեկացա, որ երեկ ընդունել եք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Վստահ եմ, որ այդ պատվին նա արժանացել է հաշվի առնելով նրա «հայանպաստ ու հայապահպան» գործունեությունը, և հատկապես վերջին շրջանում Արցախի «բուռն զարգացումը»:

Հուսով եմ՝ տեղյակ եք, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, չգիտակցելով ինչ «վեհ գործեր» է անում Արայիկ Հարությունյանը և չցանկանալով տեսնել դրա արդյունքները, շարունակում է բարձրացնել անհարմար հարցեր։

Վեհափառ Տե՛ր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք ապրում եք՝ գիտակցելով Ձեր պատմական առաքելությունը և կարողացել եք վեր կանգնել աշխարհիկ ու անցողիկ մանր խնդիրներից, խնդրում եմ, հիշեք, որ մենք չունենք Ձեր լայնախոհությունը և մեզ հուզող հարցերի անպատասխան մնալը տանջում է մեզ:

Վստահ լինելով, որ անմահ պորտալարով կապված եք ժողովրդի հետ, փոխանցում եմ այն հարցերը, որ չեն թողնում մեզ գիշերները քնել, իսկ ցերեկները՝ հոգու խաղաղություն գտնել։ Եվ 6-րդ զգայարանով զգում եմ, որ հավատավոր հոտին տանջող այս հարցերը Դուք տվել եք նաև Արայիկ Հարությունյանին։

Անկասկած, Դուք նրան հարցրել եք.

-Ինչպիսի՞ն է եղել Արայիկ Հարությունյանի վերաբերմունքը նախապատերազմյան բանակցային գործընթացին, որից ոչինչ և ոչ ոք տեղյակ չէր, բայց բոլորն ամեն ինչ տեսան ու հասկացան։

-Շարունակո՞ւմ է նա մնալ այն կարծիքին, որ Արցախի օդը, ի տարբերություն 2016-ի, 100 տոկոսով պաշտպանված էր։

-Ո՞ւմ հրահանգով Արցախի ԱԽ քարտուղար նշանակեց Սամվել Բաբայանին, իսկ արտգործնախարար՝ Մասիս Մայիլյանին՝ պաշտոնապես տեղեկացված լինելով, որ նրանց երկուսի մուտքը Ռուսաստան 10 տարով արգելված է։ Ու եթե այդքան հիացած էր նրանց մասնագիտական որակներով՝ ինչո՞ւ պատերազմից անմիջապես հետո պաշտոնանկ արեց։

-Ինչո՞ւ էր Արայիկ Հարությունյանը 44 օր համաղեկավարում «հաղթելու ենք» հաղթարշավը, որն ավարտվեց խայտառակ կապիտուլյացիայով։

-Ո՞վ էր նրան ստիպել կամ հրամայել ամեն օր նայել ժողովրդի աչքերին ու ստել «ռազմական հաջողությունների» մասին։

-Ի՞նչ ներգրավվածություն են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ռազմական գործողությունների հրահանգավորման և ծրագրման գործընթացում։

-Ո՞ւմ թույլտվությամբ է Նիկոլ Փաշինյանի կինն ազատ ելումուտ արել հրամանատարական գաղտնի կետ։

-Աննա Հակոբյանի կայացրած քանի՞ որոշման մասին է Արայիկ Հարությունյանը տեղյակ՝ զոհերի, անհետ կորածների թիվը թաքցնելուց մինչև ռազմական օպերացիաների հրահանգավորում։

-Ո՞վ է Լելե Թեփեի օպերացիայի քաղաքական և բարոյական պատախանատուն։ Քանի՞ մարդ է այնտեղ զոհվել, որքա՞ն տեխնիկա ենք կորցրել։

-Ո՞ւմ հրահանգով են Ստեփանակերտում հումանիտար աշխատանք կատարելու պատրվակով Արցախ ուղարկված ոստիկանները խաբեությամբ տարվել Շուշի:

-Ո՞ւմ հրահանգով է ոստիկանական մեծ խումբը տեղավորվել մշակույթի տանը՝ դառնալով թշնամու թիրախ և ո՞վ է հրահանգել գաղտնի պահել՝ երբ և ինչ ողբերգական հանգամանքներում են սպանվել մշակույթի տանը պահվող տղաները:

-Ինչո՞ւ չի հրապարակվում զոհերի և անհետ կորածների այս պահին հաստատված վերջնական ցանկը, որն Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ է:

-Ինչո՞ւ անգամ կապիտուլյացիայից հետո շարունակեցիք զիջել բուն Լեռնային Ղարաբաղի տարածքները։

– Ո՞վ է արգելել Զինված ուժերին խոցել Ադրբեջանի նավթագազային համակարգը, որը հասանելի է Պաշտպանության բանակին։

-Ո՞վ է որոշել հանձնել Շուշին և ինչո՞ւ։

-Ո՞ւմ հրահանգով է արգելվել փորձառու գեներալների, Արցախի ու Հայաստանի նախկին ղեկավարների ներգրավվումը պատերազմական գործողություններում։

-Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ եղել է, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին մերժել է ավելի հայանպաստ տարբերակով պատերազմը կանգնեցնելու ՌԴ նախագահի առաջարկը:

-Նախքան ստորագրումը Արայիկ Հարությունյանը տեղյա՞կ եղել է կապիտուլյացիոն պայմանագրի բովանդակությանը և ինչո՞ւ է թույլ տվել, որ Արցախի ժողովրդի քվեն չստացած մեկը որոշի Արցախի ճակատագիրը՝ հանձնելով երկրի 75 տոկոսը: Նույն այդ մեկն, ի դեպ, խոստանում էր, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծի Արցախի ժողովուրդը և ասում էր, թե բանակցային սեղան է վերադարձնում Արցախը: Վերադարձրե՞ց:

Շարքը՝ շարունակելի…

Վեհափառ Տե՜ր, համոզված եմ՝ այն փաստը, որ Դուք առանց երկմտելու ընդունել եք Արայիկ Հարությունյանին, նրա հետ լուսանկար եք հրապարակել, ապացույցն է այն բանի, որ ստացել եք այս և մյուս հարցերի պատասխանները։ Եվ վստահ եք, որ հարցերում շարադրված ճշգրիտ փաստերը «հորինված թեզեր» են: Հուսով եմ՝ շուտով կլուսավորեք նաև ժողովորդին, որի մեծ մասը, կրկնում եմ, խելագարված փնտրում է այս հարցերի պատասխանները։

Լավ ճանաչելով Ձեզ, կասկած անգամ չունեմ, որ շուտով այցելելու եք Արցախ՝ սեփական աչքերով ու ձեռքերով շոշափելու բոլոր «հորինված թեզերը», որոնք վկայում են նախապատրաստված կապիտուլյացիայի և Հայաստանի ու Արցախի դավաճան ղեկավարության կողմից մեր ժողովրդին պատուհասած արհավիրքի հետևանքների մասին։ Իսկ այդ «հորինված թեզերը» մեկընդմիշտ հերքելու համար Արայիկ Հարությունյանի հետ հաջորդ լուսանկարը մոտ օրերս կհրապարակեք Շուշիից՝ ի ապացույց Արցախի ու Հայաստանի ժողովրդի մեծամասնության մոլորության:

Քրիստոնեական խոնարհությամբ՝
Միքայել Մինասյան»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930