Լրահոս
Օրվա լրահոսը

Ճմլված խիղճը (պատմված)

Ապրիլ 18,2021 20:54

Այդ գիշեր նրա քունը շառաչուն օվկիանի մակերեսին խայտող փրփուրի պես էր, խղճի անեզրական տիրույթներից հալածական, կեղևային՝ դավադիր:

Ծանր ալիքվող ժխորը ներաշխարհի խորունկ խորքերից ծավալվելով ճգնում էր, կարծես, ճեղքելու մորփեյան ծովի կուրծքը, ելնելու լուսաշխարհ, ճչալու:

Միտքը նրա քնատ, որպես մեհենական անթեղված սրբազան ծես՝ չհասկացվելու երկյուղով լի, ծնկել էր բարբառ խոսքի առաջ, շիկնել շիվար՝ դասը չսերտած աշակերտի պես: Ամաչում էր արթնանալ: Նրա եսը՝ անանթացուպ, սայթաքել էր որոգայթում նյութեղեն…

Փառունակ տոհմի շառավիղ էր: Նրան կարգված տեսնել փափագող ծնողները վաղուց չկային: Ժառանգություն մնացած տունը քաղաքի բանուկ փողոցի վրա էր, որի դատարկ սենյակներում մորենական բախտախռով գանգատ կար դեռ: Արդեն յոթանասունն անց էր՝ անժառանգ ու միայնակ, ինչպես արձակ դաշտում աճած տխրամած ծառ: Երկարաբոյ էր, մարմնով և քթով կորնթարդ, շիկահեր, կապուտաչ: Ծիծաղուն դեմքից գերհասուն մրգի պես բարություն էր կաթում:

Կինոմեխանիկ էր Արտաշը: Երբ կինոյի Луаз-ով մայրաքաղաքից տեղ էր հասցնում նիկելապատ կլոր թիթեղյա ժապավենատուփերը, դառնում էր ցավագին՝ մերկ նյարդի պես. «Հո շա՞տ չեն կտրտված ժապավենները»: Այդ դեպքում, ցուցադրման ժամանակ, որպես պատուհասող ամպրոպ, դահլիճում կթնդան սուլոցների զիլ որոտ և խոլ գոչյուններ՝ փի-նա-չի՜, փինաչի՜…

Հետո ֆոտոխցիկ ունեցավ և դարձավ տարեգիրը գովական փոքրիկ քաղաքի: Անկասելի հոսող ժամանակն աներևույթ սանձակալել՝ ուղղորդել էր դեպ երիզ, ամբարտակել-կուտակել: Չգիտեր՝ ի՞նչ անել, ո՞ւմ տալ, կտրտնջար նա հաճախ ու անհասցե կկանչեր՝ փերեզակնե՜ր, փինաչինե՜ր…

Փոքրիկ արհեստանոց  ուներ՝ ննջարանին կից, տան առաջին հարկում: Ռադիո և էլեկտրական սարքեր կնորոգեր: Ձեռքն ընկած մի հին սարք կքանդեր հաճախ, դետալ-դետալ կառանձնացներ ըստ հարկի և պիտանելիության: Քիչ-քիչ գոյացած գունավոր մետաղի հանձնումով, համեստ կենսաթոշակով և մեկ-մեկ էլ՝ որևէ սարքի վերանորոգման համար տրված փոքրիկ միջոցներով էր ապրում:

Գարնանային ջերմ օր էր: Արտաշի փոքրիկ կամարակապ դարպասի փայտե գունաթափ դուռը ծույլ ճռռոցով  բացվեց: Սիմոնն էր՝ նրա հին ծանոթը՝ չորչորուկ՝ վաթսունն անց: Խռպոտ կանչեց: Արտաշը դուրս ելավ:

-Բարլուո՜ւս,-ծոր տվեց և նախատական հնչերանգով ասաց,-ձուկը տարան է՜, բան չմնաց՝ պրծավ, էն բանը ի՞նչ դառավ, քո տունը շինվի, շունն ու կատվի պատմությունը սարքեցիր:

-Սարքե՛լ եմ, սարքել, հարայ-հուրայ մի արա,-նետեց Արտաշը հանգստացնող տոնով,-ջանդ ձգիր՝ վաղը գնալու ենք:

Սիմոնը որսորդ էր, ամենահայտնին մեր քաղաքում, գուցե և վերջինն, ով ամենաառաջին այդ զբաղմունքով պահում էր հոգսաշատ իր ընտանիքը: Ոչ մի սպառնանք, պատիժ նրան քար չէր անում: Հանդուգն էր և անվախ. պենոպլաստե լաստին նստած, ձկնորսացանցի կուտակը առջևը բլրած, կարճակոթ բահը որպես թի՝ ձեռքին, մթնով կմտներ լիճ, կգցեր ցանցն ու դուրս կգար: Նույն կերպ կմտներ ու կհավաքեր:

Գիտեր ամեն ծակ ու ծուկի, անցում-շավղի, սար ու քոլի տեղ: Չափազանց զգույշ էր ու հնարամիտ: Մեկ լուցկեհատիկով բեռնատարի անվադող կվառեր, հրացանազարկով ծառ կկտրեր: Սակավապետ էր, ժուժկալ: Որսամիս համարյա չէր ուտում: Նրա հետ տիրական ապահովության զգացում կար:

-Էս աշխարհում մենակ մի մարդկություն ա մնում,-ասում էր նա հաճախ:

Արտաշը էլեկտրափոխարկիչ սարք էր սարքել Սիմոնի պատվերով՝ թեթև, դյուրակիր: Ավտոմեքենայի ակումուլյատորի հոսանքի հզորությունը բազմապատկելով՝ պետք է հոսանքահարման եղանակով ձուկ բռնեին:

Պայմանավորվելուց հետո, հաջորդ օրը ծանոթ տաքսին նրանց առավոտյան տեղ հասցրեց՝ որոշված ժամին հետ տանելու պայմանով: Ձորը խաղաղ էր, ամայի: Երբեմնի երանավետ այգիների ցանկապատերի մնացորդներ և դարավոր առուների ակոսներ էին նշմարվում այս ու այնտեղ: Կիսաջրազուրկ, գանգատավոր գետը փրփրադեզ հորձանքով լիզում էր հունը, հղկում քարերի կողերը, պտույտ տալիս՝ ծովանում ուռիների շվաքում, բացվում արձակ վարսերի պես, լցվում ճաղատ քարատակերի գոգերը, հոսո՜ւմ-հոսում: Քիչ հեռվից վիթխարի ընկուզենու տակ կքած կիսավեր մի հնձան, կարծես, զարմանքով հսկում էր նրանց:

Սկսեցին փայտ ժողովել ու նախապատրաստվել: Արտաշը շալակեց արդեն լարերով միացված՝ ուսապարկի մեջ առած ծանր ավտոակումուլյատորը, կրծքից կախեց փոխարկիչ սարքը, ձեռքն առավ երկու երկար փայտաձողեր, որոնց ծայրից կախված էին դրական և բացասական մերկ լարերը, փողքերը դեպի վեր ծալած, տաբատով ու կոշիկներով ջուրը մտավ: Սիմոնը նույն կերպ, քթի տակ թոնթորալով ու ցուցումներ տալով, օղաբերան ցանցապարկը երկար փայտի ծայրն առած` հետևեց նրան: Առաջին իսկ պատահած մեծ քարատակի փրփնջանը հենց հոսանքահարեց՝ ջրի երեսը սպիտակեց. տասնյակ ձկներ փորերն ի վեր սահեցին վար: Ջինջ կոհակները պոռթկած ճիչերի հետ քշեց տարավ համր, շանթահար իր զավակներին: Սիմոնի օղապարկը տարուբերելը քիչ հետո դժվարացավ:

Դուրս եկան ուրախ կանչերով ու ինքնագոհ: Հետո կրկին ու կրկին բանեց բախտը նրանց լերկակող: Սպասելիքը գերազանցված էր: Ճարճատուն խարույկը ջերմ շնչով պարուրեց նրանց: Հետո աղաթաթավ, ուռենու դալար շիվերի մեջ շամփրված ձկներ հայտնվեցին ու ոսկևորվեցին կայծկլտուն փայտածուխին: Հընթացս չորացող ոտ ու վարտիքի հետ Սիմոնը կիսեց որսաձուկը. նախ մեծերը, հետո՝  ըստ չափի նվազման ու, ամենավերջում. «Էս ինձ, էս՝ քեզ, էս՝ քեզ»: Նա հավատում էր որսի հովանավոր ոգու գոյությանը և հին որսորդական սովորութային նորմերի մնացորդների կրողն էր: Բազմիցս լցվեցին օղեբաժակներն ու պարպվեցին: Երբ ամեն ինչ պատրաստ էր՝ հայտնվեց տաքսին ու նրանց բարեհաջող տուն հասցրեց:

Հաջորդ օրն Արտաշի դարպասակրունկը կրկին ճռռաց. նա էր՝ Սիմոնը, որսը տեղաց արած, սպասումներով լի:

-Բարլուո՜ւս, անտաշ Արտաշ: Էրեգ լկլկորեցինք. վերնահարկս դժժում է. դու ի՞նչ հալի էս,-ասաց Սիմոնը՝ առաջ մղվելով ու հայացքով նստելատեղ որոնելով:

-Էս փափուկ քարին նստի՛ր, քամակդ քարուտ արա,-հեգնեց Արտաշը՝ ցուցանելով աստիճանավանդակի եզրաքարը: Ինքը ներս գնաց, ետ եկավ փափուկ թիկնաթոռով ու Սիմոնի քննախույզ հայացքին ի տես հարմար տեղավորվեց արևի տակ, նստեց ու հանդիսավոր ասաց.

-Չէ՜, Սիմոն, ջանս կոտրատվում է՝ լավ չեմ, երեկ շանը քթից ջուր խմեցինք, էլ եկողը չե՜մ. որ ընկնեմ՝ ոտս կոտրեմ՝ո՞վ է ինձ պահողը,-ասաց ու խորհրդավոր  լռեց: Ակներև էր. նրան դուր չէր եկել «անտաշ» մակդիրը:

-Ա սարսաղ ե՞ս դու, հազիվ ձուկը բարձրացել ա, սահմանը նորից բերել են կոխել աչքներս, էլ ներքևը երազ է է՜…կորաա՜վ:

Իրոք որ, Արտաշի տրտունջը հիմնավոր էր: Ջրասույզ, ողորկ ու լպրծուն քարոտ գետամիջով անգայթ ընթանալը կատակ բան չէր: Սիմոնը դա լավ գիտեր, գիտեր և այն, որ ձվադրման համար գետն ի վեր բարձրացած ձուկը երկար չի մնա:Նա թախծոտ ու հուսահատ, կոշտ քարին շուռ ու մուռ արեց, կողանց կռթնեց ու սևեռվեց Արտաշին: Նրանց հայացքները խաչվեցին: Սիմոնը նրա աչքերում հուսադիր ցոլ նշմարեց ու ասաց.  «Փող տա՞մ, որ խոսես»:

-Փող եթե ունես, կարգին գործ ասեմ՝ անենք:

-Ասենք թե ունեմ, ո՞րն է կարգին գործդ:

-Լսի՛ր, էդ ակումուլյատորով  բան դուրս չի գա,-ասաց խուզող հայացքով,-արի գնանք  движок առնենք:

Հանկարծակիի եկած՝ Սիմոնը մի պահ քարացավ, սուզվեց դեգերուն մտքերի ծովում, չափ ու կշիռ արեց ու զվարթ գոչեց,-լա՛վ միտք է, բա ծանր չի՞:

-Չէ, ձկան մուննաթ, էշն ու էշատերը սաղ լինեն, մեկ էլ՝ տաքսիստը:

-Բան ասա՝ բան հասկանանք. այսի՞նքն:

-Այսինքն՝ տաքսիով կտանենք ձորամեջ: Ծանոթ ունեմ՝ վերին գյուղից: Հաճախ էշով իջնում է այգիներ, երեկոյան փայտ բարձած վերադառնում: Մինչ ինքը փայտ կանի, կասենք երկարականջ սևուկը կտա, կդնենք մեջքին, կմոտեցնենք գետին: Երկու լիտր բենզինը ծո՜վ է. տղա էս՝ բռնիր: Բռնեցիր՝ նորից դիր էշին, հայդե՝ առաջ: Մինչև մեծ փլվածքը ուր է՜, մի երկիր կբռնենք,-ասաց Ատաշը խանդավառ:

Սիմոնը քերքերելով քունքն  ասաց. -համաձայն եմ, վաղր գնում ենք. սարքը ինձնից՝ էշը քեզնից:

Հաջորդ օրը նախապատրաստություն տեսան: Движок-ը նոփ-նոր՝ հռնդաց ու  փորձարկվեց: Հեծանիվ գնած պատանու հոգեցունց  ուրախության հանգույն, շողացին Սիմոնի հրոտ աչքերը: Վտառներ բազում ցոլացին խայտանքով: Ապագան խոնարհ սպասում էր նրանց: Կեսօրին մոտ, մինչ էշատեր Վաղոն գյուղից կհայտնվեր գետամիջում, Արտաշն ու Սիմոնը պայմանավորված տեղում էին՝ հնձանի մոտ: Դարձյալ անկենդան էր ձորը, մոռացված, լքված: Թիկնեցին չեչաբուն թթենու տակ:

-Անտաշ Արտաշ, կարա՞ս ասես, էս ինչու՞ են տաշած դռան եզրաքարերը ,-ասաց բանագետ Սիմոնը: Իրոք որ, հնձանի նեղ մուտքի բարավորակիր քարերի միջնամասը ջարդած-տաշած լայնացրած էր:

-Չէ, ինչո՞ւ:

-Որ տռզած փորերով կովերը մտնեն: Անտերություն է: Հրեն՝ վերևում  հին երկու քարավանատուն կա: Մեկում կովերն են ապրում, էն մեկում էլ՝ կովատեր էշերը: Դիփ գոմեր են…

Սուլոց լսվեց: Երևացին, կարծես միաձույլ, գրաստն ու հեծելակը: Վաղոն էր: Դեռ չհասած՝ գոչեց,-ա պարիօ՛ր ձեզ, գլխի չեմ ընկնում, քաղաքացին էշն ի՞նչ է անում,-ասաց ու կողանց սահելով, համարյա գետնահաս ոտքը հենեց ու իջավ ճիշտ Արտաշի դիմաց: Թախանձադեմ Արտաշը, լուռ ու հանդիսավոր կեցած, կարծես պատվիրակ էր դիմավորում: Ողջագուրվեցին: Մինչ անելիքը Վաղոյին մեկնելը, անհանգիստ չալսևուկը ռնգային փռշտոցով բերանը տափերն էր գցում: Քիչ հետո Վաղոն բոլոր հարցերի պատասխանով, ցակատով, սղոցով ու մեկ էլ փայտի հետ տուն ձուկ տանելու փափագով, խորացավ կիսաչոր ու անտեր այգիների խորքը: Գործի անցան: Հնազանդ հաստակողը շատ չչարչարեց: Սիմոնը սանձապարանը դաստակին փաթաթած, մի մահակ առած, առաջ ընկավ: Արտաշը դալար ճիպոտով գորովանքով խթանելով ՝ շարժվեցին: Հասան գետափ. էշը կապեցին ծառից. իջեցրին բեռը և գործի անցան: Քիչ անց հռնդաց սարքը:Էշը անհանգիստ կիսաշրջան գծեց: Ծերունի որսագողերին բախտը կրկին ժպտաց: Հասանելի հատվածից տասը-տասներկու կիլոգրամ որս ունեցան:

-Դե՛ հա,Արտաշ,սանատորիում չենք,վերև ավելի շատ է լինելու,-ոգևորեց Սիմոնը ժպտերես: Движок-ը կրկին հարմարորեն թառեց անհանգիստ կենդանու դողդոջ մեջքին: Քարավանը հուսավառ, զգալի վերև ընթացավ: Սիմոնը մահակազարկով ոստ ու ցողուն ջարդելով, սանձապարանն արդեն բազկին փաթաթած վեր ու վար անելով, դժվարությամբ քաշում էր տագնապած ու բզվող կենդանուն: Հասան գետափ. իջևանեցին: Ամեն ինչ միակերպ կրկնվեց, սակայն, այս անգամ բախտը նոթակախ ծիկրակեց միայն:

-Էս է՞ր շատդ, գուցե ներքև գնա՞նք,-ասաց տրտմած Արտաշը: Սիմոնը լուռ՝ ուռենու կոճղին նստած, հանեց ռետինե երկարաճիտ կոշիկները, շրջեց-թափեց ջուրը և ասաց,-ներքև շամբուտ է, մեջքս կոտրում է, քիչ վերև էլ փորձենք ՝ կտեսնենք: Արտաշը չառարկեց: Ունեցածը հավաք-հավաք արեցին՝ մոտեցրին գրաստին: Կենդանին այս անգամ ամենևին էլ անհանգստություն չցուցաբերեց: Փորաքաշ գոտուց, կրկին, բայց այս անգամ ավելի ձիգ ու ամուր, կապեցին բեռը և ճամփա ընկան: Հերթական աղեղը քիչ երկար եղավ: Մեկն առջևից, մյուսը՝ ետևից, շարասյուն կազմած, ճխճխպան կոշիկներով, ջրակաթ հագուստներով տառապյալ տանդեմը գետին հասավ:Առատաջուր լայն սահանքում կոհակ ու վետ խոխոջալով սուզվում էին ողորկակող քարախորշերը, փրփրակարկաչ բխում՝ փախչում առաջ: Տեղանքը խոստումնալից էր:

-Հը՛, ի՞նչ անենք, մի պատառ շունչ չքաշենք,-թախանձեց Արտաշը: Սիմոնը նվաղել էր: Նա էշը կապեց գետամերձ ծառի ճյուղից և ծուլորեն ասաց.

-Ուզենք-չուզենք՝ տապալվում եմ: Է՜, ոտքեր չունեմ է՜ , ոտքե՜ր. ո՞ւր ես, ջահելությո՜ւն. ոտքերս ու մեջքս կոտրվում են,-ասաց ու կողքանց մեկնվեց կոպճառատ գետափին:

Է՜, կարծում էս ես հրեղեն ե՞մ, քեզանից բեթար եմ,-հառաչեց Արտաշն ու ինքն էլ մեկնվեց տաք խճավազին: Չանթեց նինջը թովիչ, թմբրաբեր: Գետի օրորը դյութեց՝ տարավ: Ժամանակը նրանց խարխափուն փարվեց ջրին ու գնաց:

-Ա՛, թռի՛ր է տեղատ,-բղավեց Սիմոնը,-օրը պրծա՛վ: Արտաշը տագնապած վեր ցատկեց: Արևն արդեն մայր էր մտնում: Մի մի ծխախոտ վառեցին ու քննարկեցին անելիքը:

-Մրափեցինք՝ գործը մնաց: Հիմա էս հատվածում պրծել էինք. ներքևում էլ մի անգամ ինչ անեինք, կարգին բան կդառնար: Մինչև կապերը քանդենք, ինչ անենք, ոնց անենք՝ օրը կպրծնի: Էլ չենք հասցնի նորից,-ասաց Սիմոնը ափսոսանքով:

-Բեր մի բան ասեմ ՝ռեխիս լսիր,-գյուտ արածի պես պոռթկաց Արտաշը:Երկու անգամ կհասցնենք: Բարձել- թափելը շատ ժամանակ է խլում:Լարերն էլ երկար են: Էս անգամ движок-ը բեր հենց էշի վրա խոդ տանք: Արագ ինչ կանենք՝ կգնանք, ասաց ու սևեռվեց Սիմոնի դալուկ դեմքին չռված տատամսոտ աչքերին:

-Գլուխ չի է՜, փուռի չայդան է,-չարախնդաց նա,-բա հետո՞:

-Հետո՝ քո ի՞նչ գործն է. քոնը թիթեռբռնիչն է: Ես հոսանքահարում եմ՝ դու հավաքիր:

-Բա է՞շը:

-Էշը ի՞նչ: Էշը էշ էլ կմնա, եթե Մեքքա էլ գնա: Առաջին անգամն է՞,-ինքնավստահ վրա տվեց Արտաշը:

-Դու՛ գիտես՝ քո խարաբ գործերը,-ասաց Սիմոնն ու փափկեց հանց կողինջ, առավ փայտաձողին ագուցած օղաբերան ցանցապարկն ու պատրաստ  մոտեցավ գետին :

Գորովանքով՝ թոքուշ-թոքուշ անելով, Արտաշը մոտեցավ ուռենու դալար շիվեր ծամող հեզ ավանակին, տրորեց բաշը: Կենդանին հնազանդ անշարժացավ: Առավ ոլորափաթաթ լարափունջը և գալար-գալար բացելով մոտեցավ գետին, թողեց ափին՝ հետ եկավ: Ստուգեց սանձապարանի ամրությունը, շոյեց սևուկի ճակատն ու գործի անցավ: Հռնդաց սարքը: Էշը տագնապած հետ ու առաջ արեց, ձգեց պարանը, կիսաշրջան գծեց: Արտաշը ճանկած սանձափոկից պինդ բռնած, խանդաղատագին, գորովալից, աղաչական հնչերանգով մեղմեց կենդանու տագնապաը: Էշը առերևույթ խաղաղվեց: Քաջալերիչ կանչերով նա վազեց գետեզր, առավ լարակապ փայտաձողերը և մղվեց արդեն ջրում պատրաստ կեցած Սիմոնի կողմը: Հենց ընկղմվեց ջուրը, հայտնված ձկների   հետ  ճիչեր պոռթկացին: Հաջորդ վայրկյանին ուժգին քաշոցով լարերը ձգվեցին հետ: Մոլեգնած կենդանին, որոտացող հրեշը մեջքին, ծառս եղավ, կտրեց պարանը ու անկասելի արագությամբ վարգեց ու չքացավ: Դռդռոցը  գնա՜ց-գնա՜ց ու մեղմիվ տարալուծվեց ձորամիջյան աղջամուղջի անդորրում… Ճարահատ ծերերը մինչ ի մութ, գայթուն ու տանջահար քայլեցին փախչող ձայնի հետևից: Հեռվում, գետի դիմակա ափին, այգետնակի մոտ մարդ նշմարվեց… Սիմոնը կերկերաձայն կանչեց: Արձագանք եկավ: Հարցրեց.
-Էշ է՜, է՜շ, չեք տեսե ե՞լլ:

-Էշ,՝ չէ՜: Բայց էդ վերին կածանո՜վ, մի մոտոցիկլետ է՜ր, ինչ է՜ր, լույսերը անջատա՜ծ հազարի տակ գնա ա՜ց,-վերջալույսի մշուշում զրնգաց հուսակոտոր պատասխան ձայնը…

Վարդան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930