ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020 թվականի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը խոսեց ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի մասին՝ ասելով, որ Հայաստանի համար այդ հարցը պետք է լինի բանակցային եւ որ «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործման անհրաժեշտության մասին է խոսում նաեւ Բաքվում բացված ցուցադրությունը. «Դա ուղղակի աներևակայելի մի բան է, և կարծում եմ՝ մենք բոլոր ամբիոններից, բոլոր հնարավոր տեղերից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող է պատերազմի տառապանքների և զոհերի թանգարան բացվել մի երկրում, որը հայատյացության, ատելության ամենամեծ և ամենակարևոր դրսևորումն է: Եվ սա ամենամեծ հիմքն է, որ մենք միջազգային հանրությանն ի ցույց դնենք Լեռնային Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը, որը մեր հետագա բանակցային գործընթացի առանցքը պետք է կազմի»:
Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը դժվարանում է մեկնաբանել, թե ի՞նչ կարող է նկատի ունենալ Նիկոլ Փաշինյանն՝ այդ հայտարարությամբ: Ավելին, համոզված է, որ հենց ինքը դժվար թե կարողանա բացատրել-մեկնաբանել իր՝ այդ, եւ շատ այլ հայտարարություններ:
«Որքան հասկանում եմ, նա հիմա՝ նախընտրական այս փուլում, առաջ է քաշում լոզունգներ, որոնք պետք է դիտարկել ոչ թե իրականանալիության տեսանկյունից, այլ որ օրինակ, Արցախի խնդիրն, այնուհանդերձ, իր քաղաքական օրակարգում կա: Ուստի ինչ-որ մի կոնցեպտուալ բանաձեւում է տվել դրան, բայց որ հարցնեք, թե դա ի՞նչ է նշանակում, համոզված եմ, ինքը չի կարողանալու մեկնաբանել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Խոսրով Հարությունյանը: Առհասարակ, Նիկոլ Փաշինյանի գործողությունների եւ հայտարարությունների բոլոր ընկալումները մեր զրուցակիցը դիտարկում է բացառապես պոպուլիզմի դաշտում. «Ամեն ինչի մասին խոսենք, որ չասեն՝ սրա մասին չխոսեցիք, բայց ի՞նչ խոսենք, դա այդքան էլ էական չէ»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ խոսեց կոմունիկացիաների ապաշրջափակման մասին. «Շատ կարևոր եմ համարում, որ մենք կոմունիկացիաների բացման թեման պահենք մեր ուշադրության կենտրոնում, որովհետև ես ունեմ, ցավոք, կասկածներ, որ հենց Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ այս գործընթացը տորպեդահարելու և Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար»:
Կարդացեք նաև
Նա նաեւ հայտարարեց, որ Հայաստանը հետևողականորեն գնալու է հունվարի 11-ին, Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության իրականացմանը, որովհետև մեզ համար ռազմավարական խնդիր է՝ օր առաջ երկաթուղային կապ հաստատել ՌԴ-ի հետ, օր առաջ երկաթուղային կապ հաստատել ԻԻՀ-ի հետ, ինչը կնշանակի, որ մենք կարողանում ենք տրանսպորտային-տրանզիտային ուղի դառնալ Պարսից ծոցից մինչև Խաղաղ օվկիանոս: Դիտարկմանը՝ առնվազն տարօրինակ չէ՞ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե Ադրբեջանը տորպեդահարում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանն այն պարագայում, երբ այդ ծրագիրը Թուրքիայի հարյուրամյակների երազանքն է, Խոսրով Հարությունյանը ծիծաղով արձագանքեց՝ հիշեցնելով ընդամենը վերջերս Իլհամ Ալիեւի արած հայտարարությունն այն մասին, որ եթե Հայաստանը փորձի խոչընդոտել, իրենք «կստիպեն», որ այդ ճանապարհը բացվի:
«Ինչպե՞ս կարող է Ադրբեջանը տորպեդահարել, երբ Հայաստանը՝ Փաշինյանը՝ 2020 թվականի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, խոստացել է Նախիջեւանը Ադրբեջանին, հետեւաբար եւ՝ Թուրքիան՝ Նախիջեւանով Ադրբեջանին միացնելու ամենակարճ, իրենց համար ձեռնտու տարբերակ տրամադրել: Ի դեպ, կոմունիկացիաների ապաշրջափակումը, միջանցքները հրադադարի հետ որեւէ աղերս չունեին: Հիմա, առնվազն ծիծաղելի է այդ պնդումը, թե Ադրբեջանը փորձում է տորպեդահարել»,- ասաց Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, որ իր գնահատմամբ, սա Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիոն բանաձեւն է, հետեւյալ տրամաբանությամբ, թե այն ամենն, ինչին Ադրբեջանը դեմ է, մեզ ձեռնտու է, ուստի, մենք կպնդենք, որ դա անեն:
Իսկ առհասարակ, այդ միջանցքն ու այն սխեման, որի շուրջ բանակցություններ են ընթանում՝ անվանելով ապաշրջափակում, մեր զրուցակցի պնդմամբ, Հայաստանի տնտեսական անվտանգության հետ որեւէ աղերս չունի, Հայաստանի տնտեսական զարգացման համար որեւէ նշանակություն չի կարող ունենալ, ավելին, այդ իբր ապաշրջափակման արդյունքում Հայաստանն ավելի է դրվում տարածաշրջանային ենթակառուցվածքներից դուրս վիճակում, ավելի է նպաստում, որպեսզի Հայաստանը հայտնվի տարածաշրջանային ենթակառուցվածքների մայթեզրին:
Դիտարկմանը՝ ինչո՞ւ ՌԴ-ն համաձայնվեց թուրք-ադրբեջանական տանդեմի ձգտմանը՝ այդ միջանցքով, ըստ էության, ՌԴ-ի ազդեցությունը նվազեցնելու միտումին, ինչին միացել է նաեւ Հայաստանը, Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ նախ ռուսական կողմին շատ բարդ է դիմակայել, երբ Հայաստանը համաձայնություն տվել է, ապա, ՌԴ-ն փորձել է իր համար առավելագույնը քաղել՝ ստեղծված իրավիճակում եւ 47 կիլոմետրանոց միջանցքի վերահսկողությունը պահել իր ռազմական վերահսկողության, անհրաժեշտության դեպքում նաեւ ազդեցության տակ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ