Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դիվանագիտության օրակարգի փոփոխության անհրաժեշտությունը

Ապրիլ 18,2021 16:05

Նախաբան

Հայաստանի անկախության հռչակմամբ (1991 թ.) Հայաստանի արտաքին գործերի նախարարության գործունեությունը առաջնակարգ նշանակություն ստացավ։ Նախարարության գործունեությունը համապատասխանեցվեց անկախ պետության արտաքին քաղաքականություն իրականացնելու պահանջներին։

Վերոնշյալ ժամանակահատվածում ՀՀ-ն գտնվում էր պատերազմի մեջ և հարկավոր էր ճկուն ու հստակ դիվանագիտական աշխատանք։ Այդ պայմաներում կարևոր էր ՀՀ գործողություները թե՛ Արցախում, թե՛ արտաքին քաղաքականության այլ գծերում ներկայացնել Հայաստանը միջազգային հանրությանը։ Պատերազմի ավարտից հետո ավելանում է խնդիրների փունջը. Արցախի միջագային ճանաչման գործընթացը  մտնում է օրակարգ։ ՀՀ ԱԳՆ-ի համար Արցախի հարցով անկյունաքարային են դառնում հետևյալ սկզբունքները. Արցախի միջազգային ճանաչումը, Արցախում անվտանգության ձևաչափի ստեղծումը և խնդրի խաղաղ կարգավորումը։

ՀՀ-ն ներկայումս ընդգրկում է Հարավային Կովկասը և աշխարահագրական դիրքը ստեղծում է բազում խնդիրներ։ Մասնավորապես արևմուտքից և արևելքից շրջապատված լինելով թշնամական պետություներով՝ մեզ հարկավոր էր ստեղծել հզոր և կայուն դիվանագիտական հարաբերություններ այն պետություների հետ, որոնց շահերը տարածաշրջանում համընկնում էր մեր շահերի հետ և հնարավոր կդառնար միասնական ուժերով պայքարել ստեղծված խնդիրների լուծման համար: Դիվանագիտական կորպուսում տեղի ունեցած բազում փոփոխություները հավաստում են Հարավային Կովկասի բավականին բարդ լինելու մասին։ Առաջին նախագահի վարչակազմից սկսած՝ փորձում էին շտկել հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ։ Այդ դիրքորոշումը որոշակի փոփոխություներով հասավ միչև երրորդ նախագահի վարչակազմ։

2008թ. աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլի արդյունքում՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև ստորագրվեցին արձանագրություններ։ Սակայն այս փաստաթուղթը մնաց սեղանի վրա՝ թուրքական կողմի՝ Արցախի հետ կապված պահանջների պատճառով։ Ստեղծված իրավիճակը ցույց էր տալիս, որ Թուրքիայի Հանրապետությունը դեռ պատրաստ չէ ՀՀ հետ առանց նախապայմաների նստել սեղանի շուրջ։  Բավականին բարդ և արագ զարգացող է կովկասյան տարածաշրջանը։ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի Դաշնության մշտական դիտարկման տեսադաշտում եղել է կովկասյան տարածաշրջանը։

ԽՍՀՄ-ի անկումից հետո ՌԴ-ն պարտավոր էր Կովկասի նկատմամբ շարունակել նույն քաղաքականությունը և փորձեր վերականգնել իր դիրքերը այս տարածաշրջանում։ Այս ամենից պարզ է դառնում, որ ՀՀ շահերը շատ տեղերում համընկնում են ՌԴ շահերի հետ՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ ՌԴ-ն հադիսանում էր Մինսկի խմբի համանախագահ, որի հիմնական խնդիրն էր լուծել Արցախյան խնդիրը խաղաղ ճանապարհով։

Հայ-ռուսական հարաբերությունները միշտ շատ բարձր են գնահատել մեր բոլոր իշխանությունները։ ՀՀ արտաքին քաղաքականությունը անվանել միաբևեռ՝ մեղմ ասած հնարավոր չէ։ Դրա մասին վկայում են շատ փաստեր՝ մասնավորապես ԵՄ-ի հետ Հայաստանի լայն կապերը, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ վարվող շատ լայն գործունեության ծրագրային փաթեթը։

Սակայն ՌԴ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն ՀՀ համար, քանի որ Հայաստանը գտնվել է և գտնվում է մշտական վտանգի մեջ, իսկ ՌԴ-ն հանդիսանում է Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը։ Բազմաթիվ տնտեսական կապերով Հայաստանը կապված է իր ռազմավարական ու պատմական դաշնակցի հետ։

Դիվանգիտական կոլապս

Սակայն նշածս բոլոր ձևաչափերը լավ կամ վատ աշխատում էին մինչև 2016 թվականը։ Երբ երկարաժամկետ բանակցային գործընթացը տվեց իր առաջին ճեղքերը, որոնք արտացոլվեցին Ապրիլյան պատերազմի ժամանակ՝ կարելի էր մտածել, որ դա առաջին քայլն էր, որով նշմարվում էր հետհաշվարկը լայնամասշտաբ պատերազմի։ Բայց սխալ կլինի մտածել, որ դա միայն ՀՀ  թերացումն էր. շատ մեծ չափերի առաջին անգամ երևաց ՌԴ ուժային դիրքերի անկումը։ ՌԴ-ն այս տարածաշրջանը  պետք է դիտարկեր իր անվտանգության գոտի: Երևան եկան մի շարք խնդիրներ բանակցային փաթեթի հետ կապված։ Այն, ինչ մեզ համար ընդունելի չէր, ցանկանում էր ադրբեջանական կողմը և հակառակը։

Առաջին անգամ նշմարվում էր հնարավորություն, որ բանակցային գործը կարող է մտնի փակուղի։ Սակայն որոշակի ձևաչափերի միջոցով հնարավոր եղավ վերակենդանացնել բանակցային գործը: Դիվանագիտական ձևաչափը սպառում էր իրեն և առաջ եկավ նոր մոդել, որը մշտադիտարկման խմբեր պետք է ստեղծեր Արցախում. այն հայտնի է Ժնևի ու Վիեննայի համաձայնագրեր անունով, սակայն ըստ իս՝ այս ամենից, եթե չհրաժարվեր նույնիսկ հայկական կողմը՝ հետագայում արագ վիժեցվելու էր Ադրբեջանի կողմից, քանի որ եթե մի պետութուն հրաժարվում էր կատարել դիպուկահարներին սահմանային գծից հեռացնելու պահանջը, ապա այս ամենը դառնում էր անիմաստ։

Բայց տեղի ունեցավ մի բան, որը իր՝ էլ ավելի բացասական հետևանքը թողեց այս ամենի վրա։

2018 թվականի իրադարձությունները, Հայաստանում տեղի ունեցած բազում փոփոխությունները չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել դիվանագիտական ոլորտի վրա։ Հայաստանի նոր իշխանության ի հայտ գալուց հետո՝ ամեն կերպ փորձեր էին կատարվում ստեղծել նոր ձևաչափեր. օրինակ արժանահիշտակ է Արցախի Հանրապետությանը բանակցային գործընթաց վերադարձնելու փորձը։ Տեղի ունեցան մի շարք բացասական դրսևորումներ դաշնակից պետություների հետ։ Շատ դեպքերում ՀՀ դիվագիտությունը դարձավ անհասկանալի։

ՀՀ ԱԳՆ ղեկավարի այցելությունը Եգիպտոս և պատրաստակամության դրսևորումը՝ այն է բացահայտ խոսել Թուրքիայի Հանրապետության դեմ Միջերկրականի ճգնաժամի ժամանակ՝ հղի էր լուրջ վտանգներով։

Կարելի է ասել, որ տարածաշրջանում դարավոր ճանապարհ անցած հայ դիվանագտական միտքը այդպես էլ չէր հասկացել, որ չէր կարելի կտրուկ փոփոխություններ ճամբարի ընտրության հարցում։ Այդ վտանգավոր փոփոխությունները իրեն շատ սպասել չտվեցին։ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը, որի արդյունքը ակներև է բոլորիս։

Մենք կորցրեցինք պատմական հայրենիքի շուրջ 75%-ը։ Հայկական դիվանագիտական կորպուսը՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ երեք անգամ փորձ կատարեց կագնեցնել պատերազմը, սակայն դա ոչ մի կերպ չստացվեց։ Այն իմ կարծիքով՝ խայտառակ պարտություն էր ՀՀ դիվանագիտական գերատեսչության պատմության մեջ։

Կարելի էր վստահաբար խոսել այն մասին, որ տարածաշրջանային խնդիրներում ՀՀ դիվանագիտական կորպուսը անզոր էր իրականացնել այնպիսի որոշումներ, որոնք կնպաստեին իրավիճակի բեկմանը՝ հոգուտ մեզ կամ գոնե կարգավորմանը։

Վերլուծելով  իրողությունները՝ կարող ենք փաստել, որ ռազմական գարծողությունները իսլամական աշխարհիկ պետությունների կողմից չդիտվեցին որպես կրոնական հողի վրա ձևավորված գործողություն։ Եթե փորձենք այս ամենը կապել Հայաստանի դիվանագիտական կորպուսի հետ՝ ապա կարելի է խոսել, որ որոշակի դիրքերում ունեցել ենք որոշակի հաջողություններ։

Այս ամենը ակնառու է դարձնում այն փաստը, որ կովկասյան տարածաշրջանում շատ ուշադիր պետք է լինել դիվանագիտական խնդիրների կարգավորման գործում և հիմնվել բանակցային հստակ իրողության վրա։

Սակայն բարդ են դարձել ոչ միայն տարածաշրջանային խնդիրները, այլև միջազգային իրավիճակը։ Մենք քաջ գիտակցում ենք, որ Կովկասում գերակայության համար պայքարող հիմնական կողմերը ՌԴ-ն և Թուրքիան են: Թյուր կլինի մեր արևմտյան հարևանի աշխարհաքաղաքական իրավիճակը համեմատել ոչ վաղ անցյալի հետ, անհրաժեշտ է հստակ հասկանալ վերջինիս կեցվածքը միջազգային իրականության մեջ, ինչպես նաև ՌԴ դիրքերի բավական լուրջ թուլացումը 2014 թվականի իրադարձություններից հետո։

Լուրջ է իրավիճակը նաև մեր հարավային հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Բավականին խնդրահարույց խաչմերուկում են Իրան-ԱՄՆ հարաբերությունները։ Այս պայմաններում ինձ համար զարմանալի չէ Իրանի դիրքորոշումը Արցախյան խնդրի ժամանակ։ Քանի որ երկար ժամանակ ԱՄՆ-ն փորձում է հասնել Ադրբեջանի համաձայնությանը՝ զինվորական ներկայություն ունենալ Ադրբեջանի տարածքում, որը կնշանակի թշնամական պետության բանակի ներկայությունը Իրանի հյուսիսային սահմաններում։

Այս բարդ իրավիճակում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կորպուսին հարկավոր է գերլարված աշխատանք՝ ստեղծված իրավիճակում խնդիրների լուծման ուղեգիծը հասկանալու համար։ Աներկբա, ներկայիս ճիշտ որոշումները կարող են ապահովել Հայաստանի Հանրապետության հետագա աշխատանքային փաթեթը։

Մեծ ուշադրության կարիք ունի միջազգային և տարածաշրջանային ահաբեկչությունների տարածման վտանգը, որը կարող է ամենաանսպասելի պահին շատ մեծ հարված հասցնել մեր երկրին։ Խոսքերիս հիմնավորում են պատերազմի ժամանակ տարածաշրջան տեղափոխված գրոհայինները, որոնց մասին փաստեցին առաջատար պետությունների հետախուզական տվյալները, սակայն, ՀՀ դիվանագիտական գերատեսշչության սխալ աշխատանքի պատճառով կրկին չհաջողվեց այդ իրողությունը դարձնել համար մեկ խնդրո առարկա։

Հյուսիսային Կովկասում, Սիրիայում, Պակիստանում և այլ տարածաշրջաններում գործող խմբերը մեծ հոժարությամբ կարող են հարվածել ՀՀ-ն։ Այս դեպքում չափազանց կարևոր է ճիշտ դաշնակցային խմբի ընտրությունը, որը հնարավորություն կտա միասնական պայքար կազմակերպել նաև այդ ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի դիվանագիտական սխալներին կարելի է հավելել նաև այն փաստը, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող փոփոխությունների կապակցությամբ չի մշակվել կայուն օրակարգ: Նշենք, որ այն սկսվեց 2011 թվականին՝ Արաբական գարուն կոչված հեղափոխությունների շարքով, որը ողբերգական հետևանքներ ունեցավ և մինչ օրս էլ շարունակվում է:

Սին պատրանք էր ստեղծվել, որ այդ տարածաշրջանի խնդիրները կարող են անցնել մեր կողքով և մեզ համար խոչընդոտներ չստեղծել, բայց իզուր չէ, որ շատ մասնագետներ և վերլուծաբաններ Կովկասը համարում են Մերձավոր Արևելքի բաղկացուցիչ մաս և մերժում են Կովկաս եզրույթը։

Սակայն այս արագընթաց զարգացող աշխարհում ամեն բան մեզ համար դեռ կորած չէ և հնարվոր է ճիշտ դիվանագիտության միջոցով պատմության անիվ շրջել մեր կողմ…..

Հնարավոր նոր դաշնակիցներ

Իսկ ինչպե՞ս կամ ո՞ւմ հետ կառուցել մեր հարաբերություները և ո՞ւմ անվանել դաշնակից…

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս այն, որ Հայաստանը ներկայիս վիճակում չի կարող խոսել և…և-յան հայտնի բանակցային գործընթացի մասին։ ՌԴ-ի միջոցով հնարավոր եղավ կասեցնել ռազմական գործողությունները և գոնե պահպանել Արցախից մի որոշակի մաս։ Այս պայմաններում խոսել այլ պետություների հետ լայն կապերից ուղղակի անիմաստ է, սակայն կա ալընտրանք:

Պատմության էջերը թերթելիս՝ մենք միշտ ականատես ենք լինում, որ մեր հիմնական ընտրության կետերը համարվում են Եվրոպան կամ Ռուսատանը, ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը, որոնք ցույց է տալիս մեր պատկերացումների ծայրահեղական լինելը։ Սակայն ներկայիս  վիճակը փոխում է շատ և շատ կարծրացած տեսանկյուններ. փորձեմ ներկայացնել՝ ինչու եմ հանգել այս տեսանկյունին։

Եվրոպական կողմնորոշում ունեցող մարդիկ հիմանականում նշում են, որ այն համակարգը որով աշխատում է ԵՄ-ն՝ հնարավորություն է տալիս բազում տնտեսական հնարավորություների և կապահովի ՀՀ տնտեսական աճը։ Հնարավոր է՝ ես համաձայն լինեի այս տեսանկյունին ոչ վաղ անցյալում  բայց ոչ հիմա, ոչ այս պայմաններում։ Կամ ԱՄՆ-ի հետ լայն կապերը մեզ հնարավորություն կտար անդամագրվելու ՆԱՏՕ-ին և դա մեզ կդարձներ ավելի պաշտպանված: Կան տեսակետներ, որ մենք քաղաքակրթական առումով ավելի մոտ ենք այս պետություներին, բայց ես վստահ եմ, որ մենք շատ և շատ հարցերում չենք կարող համակարծիք չլինել վերոնշված պետություների ու կառույցների հետ: Մի պարզ օրինակ՝ ՀՀ քաղաքացին չի կարող ցուցաբերել հանդուրժող մոտեցում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ, որը մեծ դեր է զբաղեցնում այդ պետություների հայեցակարգում։

Ինչ վերաբերում է տնտեսությանը կամ անվտանգությանը, ապա այստեղ էլ կան մեծ խնդիրներ, որոնք մեզ ցույց տվեց 2020 թվականը։

2020 թվականին տեղի ունեցավ համաճարակային ճգնաժամ, որը ցույց տվեց վերոնշված պետությունների շատ մեծ ու խորքային խնդիրները: Խոսքերիս հավաստումն այն է, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն խոսում են, որ նման հարվածը սպառնում է իրենց տնտեսության գոյության հարցին։

Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին՝ ապա անզեն աչքով երևում են ՆԱՏՕ-ում առկա լուրջ խնդիրները, որոնք բացահայտ կերպով երևացին Միջերկրականի շուրջ տեղի ունեցող իրադաձություններում։ Այս պայմաններում խոսել, որ հնարավոր է օգուտ քաղել  այս պետություններից՝ իմ կարծիքով լուրջ չէ։ Սակայն սա չի նշանակում, որ այս հարաբերությունները մեզ պետք չեն. բայց չի կարելի ասել, որ այն մեզ համար և մեր տարածաշրջանում առաջնային է ներկայիս պայմաններում։

Սակայն չեմ ցանկանում թյուր կարծիք ստեղծել ընթերցողի մոտ՝ իմ ռուսական դիրքորոշում ունենալու վերաբերյալ։ Չնայած այն հանգամանքին, որ հիմա մենք ամեն հնարավոր և անհնարին թելերով կապված ենք ՌԴ հետ, պետք է գիտակցել, թե ինչ ծանր վիճակում է ներկայումս ՌԴ-ի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը: Վստահաբար կարելի է ասել, որ եթե ՌԴ-ում խնդիրները նման կերպ շարունակվեն, ապա որոշ ժամանակ հետո կարիք կլինի լուրջ հետազոտել մեր դաշնակցի իրավիճակը:

Խոսքերս կարող եմ հիմնավորել այն օրինակով, որ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է յուրաքանչյուր խնդիր լուծել բանակցություների միջոցով: Ներկայումս Դոնեցկի և Դոմբասի շուրջ ռազմատենչ հայտարարությունները  Ուկրաինայի կողմից  և Ռուսաստանի զիջողական դիքորոշումը վկայում են այդ մասին։ Սակայն այս պայմաներում մեր դաշնակցի վատ վիճակը վտանգավոր է նաև մեզ համար, քանի որ եթե ռուսական կողմը ներքաշվի պատերազմի մեջ, մենք տարածաշրջանում կունենանք շատ վտանգավոր իրավիճակ, իսկ ռուսական տնտեսության անկումը և նմանօրինակ ծանր լինելը էլ ավելի է վատթարացնում Մոսկվայի  վիճակը։

Ըստ իս՝ Արևմուտքը մեզ այս փուլում դեռ հարկավոր չէ։ Միջազգային հարաբերություններում շատ լարված իրավիճակում կան խաղացողներ, որոնց բլոկային որոշումը կարող է շրջադարձային լինել այս պայքարում: Սա ես անվանում եմ Գոլորշային պատերազմ։

Մենք մեր պատմության ընթացքում առաջին անգամ պետք է նայենք Արևելք՝ մասնավորապես Չինաստան և Հնդկաստան։ Այս երկու հզոր պետությունների հետ մեր շահերը մեծ հաշվով համընկնում են և ամենակարևոր կետերից մեկն այն է, որ այս հարաբերությունների խորացումը չի կարող ազդել ռուս-հայկական հարաբերությունների վրա։ Չինաստանի և Հնդկաստանի վարած քաղաքականությունը Արևելքում խոսում է այն մասին, որ այս երկու պետությունները իրենց ներուժով կարող են դառնալ վաղվա օրակարգ թելադրողները։ Չնայած համավարակի օջախ լինելուն՝ Չինաստանը ավելի շուտ և համակարգված է դուրս գալիս այդ խնդիրներից։ Հնդկաստանը կարողանում է բարձր մակարդակով իրականացնել Պակիստանի դեմ ուղղված միջոցառումները, չնայած այն հանգամանքին, որ Պակիստանը համարվում է համաշխարհային ահաբեկչական կազմակերպություների կենտրոներից մեկը։
Իսկ մի քանի օր առաջ ամերիկյան-չինական բանակցություների ժամանակ չինական դիրքորոշումը և հնչեցրած կետերը խոսում են, որ նոր գերտերություններ են վեր հառնում։

Միգուցե հարց առաջանա, թե ինչը կարող է մեզ կապել տվյալ պետություների հետ, սակայն այդ կապող օղակները կան և դրանք քիչ չեն։

Հարկ է նշել այն, որ թուրք-չինական հարաբերությունները միշտ աչքի են ընկել լարվածությամբ։ Հիմնականում դա կապված է Չինաստանում ապրող, թյուրքական ծագում ու պատկանելություն ունեցող փոքրամասնության մշակութային ինքնավարություն տալու թուրքական պահանջի հետ։

Իսկ վերջերս կնքված իրանա-չինական քսանհինգամյա պայմանագիրը, որը ներառում է տնտեսական, ռազմական և այլ ուղղություններ, վկայում է այն մասին, թե ինչ մեծ է հետաքրքրությունը այդ պետության կողմից այս տարածաշրջանում։

Իսկ Հնդկաստանը թշնամական հարաբերություններ ունի Պակիստանի հետ։ Հայաստանի անկախության չճանաչումը ու Ադրբեջանի հետ մեր դեմ միասնական պայքարելու կեցվածքը՝ այդ պետությանը նույնպես դարձնում է թշնամական պետություն։

Տեսակարար որոշման միջոցով ՀՀ զարգացման մի նոր փուլի զարկ տալու օրինակները շատ են։ Այս կոնտեքստում կարելի է նշել, որ դիվանագիտությունը զարգացող օրգանիզմ է և ամեն աշխարհաքաղաքական իրավիճակում հարկավոր է տալ ճիշտ  ախտորոշում, որպեսզի հնարավոր լինի իրականացնել ամեն գործողություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ազգային խնդիրների լուծման և անկախության պահպանման։

Եզրակացություն

Հիրավի ճիշտ են նշում, որ դիվանագիտությունը արվեստ է, իսկ մենք արվեստագետներ, ովքեր, վստահ եմ, կկարողանան նոր ոճ թելադրել այս արվեստում։ Առանց երկմտելու կարող եմ ասել, որ արվեստի այս ճյուղն ամենահզորն է, քանի որ այն ամեն ինչ անում է ի շահ պետության զարգացման ու հզորացման:

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արժանի են ունենալ հզոր, անվրեպ գործող դիվանագիտական կորպուս, որը ամեն ինչ կանի ՀՀ ապագայի համար՝ այն է՝ ունենալ ճիշտ դաշնակիցներ, արժանապատիվ դիրք թե՛ մեր թշնամիների, թե՛ մեր բարեկամների մոտ։ Դրա համար մեզ անհրաժեշտ է շարժվել ազգային միասնական գաղափարախոսությամբ, արտաքին քաղաքական դոկտրինով և ունենալ հայոց պետականության վերկանգնման ու պահպանման պատրաստակմություն։

Տիգրան ԿՈՃԻԲՐՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930