Ծրագրավորման հմտություններ, ռոբոտաշինություն, եռաչափ տպիչով՝ շաղափներով պատկերների նախագծում եւ արտադրություն։ Օրերս մեղրեցի դպրոցականները հնարավորություն ստացան այս մասնագիտությունների մեջ հմտանալու Մեղրիի թիվ 1 դպրոցում բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը փորձեց մեղրեցի դպրոցականներից պարզել, թե արդյո՞ք կողմնորոշվել են մասնագիտության ընտրության հարցում։
Մինչ այդ էլ դպրոցականներն իրենց կարծիքները ասացին, թե ինչու պարտվեցինք արցախյան վերջին պատերազմում։ Դավաճանությունից ու անհամախմբվածությունից բացի, դպրոցականները նշեցին ժամանակակից զենքերի պակասը։ «Այո, 21-րդ դարում կռվում էինք 20-րդ դարի զենքերով, չկարողացանք ճիշտ օգտագործել Հայաստանի ինժեներական ներուժը»,-ասաց Սեդրակ Վարդանյանը։
Կարդացեք նաև
Մեղրեցի 11-ամյա Տիգրան Գինոսյանը ռազմական ոստիկան է ուզում դառնալ։ Գտնում է, որ անօդաչու թռչող սարքեր են պետք ոստիկանին աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար։ Սեդրակ Վարդանյանը, համաձայնվելով ապագա ոստիկանի հետ, նշեց, որ այդ սարքերը ոչ միայն պատերազմում են պետք, այլ խաղաղ պայմաններում՝ բազմաթիվ գործառույթներ իրականացնելու համար։
Էդմոնդ Ստեփանյանը սրտաբան է ուզում դառնալ, «Արմաթ» լաբորատորիա հաճախելով՝ համոզված է, կկարողանա իր վիրահատությունների համար սարքավորումներ նախագծել։ Ծրագրի ղեկավարը դեմ չէ Էդմոնդի տեսակետին, բայց նշեց, որ ծրագրավորողները կնախագծեն սարքավորումները, իսկ սրտաբան Ստեփանյանը կկարողանա անգամ հեռավար վիրահատություններ իրականացնել։
Աղջիկներից մեկն էլ ատամնաբույժի մասնագիտություն է ընտրել։ «Իսկ չե՞ս կարծում, որ քո ծրագրավորող ընկերները կպատրաստեն այնպիսի ռոբոտ, որ կկարողանա բուժել ատամները, իսկ դու կմնաս անգործ»,-կես կատակ-կես լուրջ նշեց Սեդրակ Վարդանյանը՝ ավելացնելով, որ աշխարհում ՏՏ ոլորտում 3000-4000 թափուր աշխատեղ կա։
«Այնպես որ ճիշտ կողմնորոշվեք, որովհետեւ մոտ ապագայում տեխնոլոգիական առաջընթացը հաղթող է լինելու»,-ասաց Վարդանյանը։ Վերջինիս խոսքով, «Արմաթ»-ում սովորող դպրոցականներն արդեն կարողանում են իրենց գումարը վաստակել՝ ամսական 15000-20000 դրամ։ «Արմաթ»-ի լաբորատորիաներում կարող են սովորել 10-18 տարեկան երեխաները։
Հիշեցնենք՝ առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏԶՄ) 2011թ․-ից սկսած նախաձեռնել եւ իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը։ Նպատակն է՝ Հայաստանում զարգացնել տեխնոլոգիական կրթությունը, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանն ու հետագա ընտրությանը։
Հայաստանում, Արցախում, Վրաստանում (Ջավախք) արդեն գործում է 577 լաբորատորիա, որտեղ ընդգրկված է 15000 երեխա։
Մեղրիի թիվ 1 դպրոցի տնօրեն Ոսկեհատ Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում նշում է, որ դպրոցը տարածաշրջանի համար հանդիսանալու է «Արմաթ»-ի կենտրոն-դպրոց ու բացի թիվ 1 դպրոցի աշակերտներից, այլ դպրոցների սովորողներ կարող են ընդգրկվել դասընթացներում։
Ի դեպ, տնօրենը Սեդրակ Վարդանյանին հանձնեց դպրոցի շնորհակալագիրն ու Մեղրու տեսարժան վայրով լուսանկար՝ Վազգեն Սարգսյանի հետեւյալ խոսքերի գրառմամբ․ «Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի: Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու է ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երեւանի կենտրոնում: Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք:
Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի: Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք»:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ